Ստեղծված իրավիճակում պետք է ապավինել սեփական ուժերին, ունակ լինել առաջ մղելու և պաշտպանելու պետական ու ազգային շահը: Ողջունելով մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիրը՝ «Հանրային առաջնորդության» դասընթացի մասնակիցներին ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է նպաստի հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ ասում է Արայիկ Հարությունյանը։ Նախագահ Հարությունյանը նաև աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների համապատկերում է կարևորում այս ծրագրի իրականացումը։
Այս համատեքստում նախագահն ընդգծել է պետության արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորել պետական կառավարման համակարգի բարձր օղակների համար մասնագիտական զարգացման դասընթացը:
«Մեզ անհրաժեշտ է համակողմանիորեն ու խորությամբ վերլուծել իրավիճակն ու գտնել ոչ ստանդարտ ու համարձակ լուծումներ։ Դրա համար մենք պետք է արդյունավետորեն համադրել ներքին ու արտաքին ռեսուրսները։ Հարկ է գիտակցել, որ ներքին կյանքի ու ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը բարձրացնում է ցանկացած պետության ռազմավարական դիմադրողականության մակարդակը, դրանց միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը»։
«Այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը»,- նշել է երկրի ղեկավարը:
Մասնագիտական զարգացման ծրագրում ստացած տեսական գիտելիքները մենք օգտագործելու ենք նաև գործնականում՝ ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հանդես գալով «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժը» թեմայով ելույթով։
«Սա առաջին քայլն է, մենք պատրաստ ենք Ձեր առաջարկությամբ, Ձեր նախաձեռնությամբ շարունակել ամեն ինչ անել, որպեսզի մեր գործն ավելի արդյունավետ դարձնենք։ Սա մեր առաջին հանդիպումը չէ և ես շնորհակալ եմ «Մատենա» ընկերությանը այս հնարավորության համար»։
«Մատենա»-ն միջազգային դպրոց է, որն իրականացնում է ղեկավարների կրթության ծրագրեր։ Այն արդեն գործընկերություն է հաստատել աշխարհի լավագույն 20 դպրոցներից 6-ի հետ։ «Մատենա»-ն Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։ Այս ծրագիրը առանձնահատուկ պատասխանատվություն և պատիվ է մեզ համար՝ ասում է «Մատենա»-ի համահիմադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Բարձրագույն ղեկավարների կրթության ոլորտը նաև Հայաստանի համար է նորություն։ Մենք նոր պրակտիկայով ենք զբաղվում։ Նույնիսկ այն թվացյալ կայացած համալսարանները, ինչպիսին են Ամերիկյան համալսարանը, ֆրանսիական համալսարանը, այս ոլորտում կա՛մ շատ էական կառուցվածքային միավորներ չեն ունեցել, որպեսզի զբաղվեն ղեկավարների կրթությամբ, կա՛մ ընդհանրապես բացակայել են»։
Ցանկացած նոր բան մարդիկ թերահավատորեն են ընդունում՝ ասում է Ռուբեն Հայրապետյանը։ Օրինակ՝ «Ֆորբսի» դիտարկումներով 2019 թ տվյալներով 366 մլդ դոլար է ծախսվել կազմակերպությունների կողմից՝ իրենց ղեկավարների առաջնորդության հմտությունները զարգացնելու համար։
«Ես ուզում են խոսել նաև մի կարևոր սկզբունքի, մոտեցման մասին։ Այն կարմիր գծով անցնում է «Մատենա»-ի բոլոր ծրագրերով, նաև այսօրվա ծրագրում է ներառված․ համաշխարհային լավագույն փորձի և տեղական առանձնահատկությունների համատեղումը։ Նախապես ուսումնասիրած լինելով այլ բարձրագույն դպրոցների փորձը, տեսնում ենք, որ շատ հաճախ շեղում է լինում։ Օրնակ՝ այն դեպքերոմ, որ մենք բերում ենք միայն համաշխարհային լավագույն փորձը և փորձում ենք այստեղ ներկայացնել, նկատում ենք, որ դա իրականությունից, կարծես թե, կտրված լինի։ Տեղի է ունենում նաև հակառակը»։
Ռուբեն Վարդանյանը նման ծրագրերի շարունակականությունն անհրաժեշտություն է համարել։ «Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում,-ասել է պետնախարարը:- Մենք դա պետք է կարողանանք անել,
քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»: