Նիստի օրակարգային հարցերից էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախապես քննարկվել և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը: Օրինագիծը ներկայացրել է Սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը:
«Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց սոցիալական երաշխիքները օրենքի մակարդակով ամրագրելն է: Տեղյակ եք, որ ԱՀ Կառավարության 2022 թ. մայիսի 23-ի թիվ 570 N որոշմամբ արդեն սահմանվել է միանվագ դրամական աջակցություն: Թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով մահացած կամ անհայտ կորած անձանց տրամադրվում է 5 մլն դրամի չափով, 1-ին խմբի հաշմանդամ ճանաչված կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած անձի համար 3 մլն դրամի չափով, 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար՝ 2 մլն դրամի չափով և 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար 1 մլն. դրամի չափով միանվագ աջակցություն»:
Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին, ընդգծելով սակայն, որ այն կատարելագործելու անհրաժեշտություն ունի: 25 կողմ ձայնով խորհրդարանն այն ընդունել է որպես օրենք:««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ ներկայում կրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ,որոնց հիման վրա առաջարկվում է օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարել:
«Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նշված ուղղություններում թույլ կտան մեծացնելու համակարգի գործառության արդյունավետությունը՝ խրախուսելու համար համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական գործառույթների կառավարման մեխանիզմները»:
Նախագծի վերաբերյալ իր անհամաձայնություններն է հայտնել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նախագիծն ընդունվել է ձայների 18 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ : Միաձայն է ընդունվել ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է Ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը՝ նշելով, որ գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկությունն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:
«Զենքի մասին օրենքով կարգավորվում է ԱՀ-ի տարածքում քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառության, այդ թվում՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մարտական զենքի առանձին տեսակներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները»:
Խորհրդարանի 1-ին ընթերցմանը ներկայացված «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է 26 կողմ ձայնով: Ընդունվեց նաև ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ որի արգելափակվում է շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունն ու գովազդը :Նախագիծը ներկայացրել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, նշելով,որ խնդիր Օրենքն օր առաջ ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երիտասարդության շրջանում վտանգավոր երևույթի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ:
«Իրավիճակը բոլորովին այլ է համացանցային տիրույթում, որտեղ ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում գրանցված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները փաստացի իրենց գործունեությունը ծավալում են նաև ԱՀ-ում: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներգրավված են բազմաթիվ արցախցիներ, ինչի հետևանքով զգալի ֆինանսական միջոցների արտահոսք է տեղի ունենում հանրապետությունից և միաժամանակ վերոնշյալ խաղերի մասնակիցների մեծ մասը հայտնվում է նյութական ծանր վիճակում»:
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը նույնպես արժանացավ խորհրդարանականների դրական արձագանքին և 27 կողմ ձայնով օրենքի ուժ ստացավ։ Այսուհետ կխստացվեն նաև պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը: Օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ժիրայր Միրզոյանը:
«Առաջարկվում է պետական դավաճանություն դիտարկել նաև միջազգային կազմակերպության, ինչպես նաև օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկություններին նշված անձանց համար հարմար պայմաններ ստեղծելը: Պետական դավաճանության համար սահմանված 10-15 տարի ժամկետով ազատազրկման գույքի բռնազավթման կամ առանց դրա փոխարեն առաջարկվում է սահմանել 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Նախագծով լրտեսության հանցակազմում որպես հանցավոր գործունեություն ավելանում է նաև միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը, ինչպես նաև՝ այդ տեղեկությունները հանձնելու նպատակով շորթելը կամ դրանց ծանոթանալու համար պայման ստեղծելը, իսկ պատիժը առաջարկվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանել 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Միաժամանակ որպես նշված հանցագործությունների համար պատիժը մեղմացնող պարտադիր հանգամանք սահմանվում է անձի կողմից հետագա վնասը կանխելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքում վնասը կանխված լինելու փաստը»:
Նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Վահրամ Բալայանը և Արթուր Մոսիյանը: