Ո՞րն է պատճառը, որ դպրոցներում չկան տեխնիկական ու բնագիտական առարկաների ուսուցիչներ։ Այս հարցի պատասխանի փնտրտուքը մեզ տարավ Արցախի մայր բուհ, «ամենասակավաուսանող» ֆակուլտետ։ Իմ զրուցակիցը բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանն է։ Ֆակուլտետի վիճակը պրոֆեսորը թվերով է ներկայացնում։ Այսպես, ԱրՊՀ-ի բնագիտական ֆակուլտետում գործում է 10 կրթական ծրագիր, 386 ուսանողով։ Ընդ որում, առկա բաժնում սովորողների թիվը 220 է, հեռակա բաժնում՝ 166։ Մագիստրատուրայում գործում է 5 կրթական ծրագիր, 50 ուսանողով։ Բնագիտական ֆակուլտետի դեկանն այս թվերը կործանարար է համարում։ Այս խնդրի պատճառների մասին ֆակուլտետի դեկանը երկար է մտածել և եկել այն եզրահանգման, որ․
«Դպրոցում բավականին քիչ է համապատասխան մասնագիտությամբ ժամաքանակները, մանկավարժության մասնագիտությամբ աշխատելու ցանկացողները քիչ են; Հավանաբար դա պայմանավորված է աշխատավարձի չափով; Չունենք համապատասխան արդյունաբերություն, գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ կարող են մեր շրջանավարտները աշխատանք գտնել և բարձր աշխատավարձ ունենալ։ Սա այն խնդիրն է, որը մի շարք դեպքերում բարձրացվել է, բայց այդպես էլ լուծումը չի գտնվել»։
Ըստ Միրզոյանի, խնդիրներից մեկն էլ այն է, որ դիմորդները հաճախ չեն հաղթահարում ընդունելության ամենացածր շեմը։ Դպրոցում չկա մասնագետ, հետևաբար առարկան հավուր պատշաճի չի դասավանդվում ու յուրացվում, հետո դիմորդը չի կարողանում հաղթահարել ընդունելության շեմն ու բուհը մնում է առանց ուսանողի, ասել է թե՝ առանց վաղվա ուսուցչի։ Ստեղծվել է փակ շղթա, որից պետք է ելք գտնել։ Ելքի մի տարբերակ ինքն է առաջարկում։
«Առաջարկում ենք, օրինակ, հաշվի առնելով որ վերջին տարիներին քիչ են դիմորդները քիմիա, կեսնաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա մասնագիտություններով, փորձենք տարբեր շրջաններից ուղղակի առանց ընդունելության քննության ներգրավել, թեկուզ հարցազրույցի ձևով ընդունել համապատասխան կրթական ծրագրեր և փորձել ուսումը կազմակերպել։ Այն պայմանով, որ այդ ուսանողները վերադառնան համապատասխան շրջան դպրոցում աշխատելու»։
Այս տարի աշխատանքներ է տարվում բուհ-դպրոց կապը ամրապնդելու համար; Բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ալիսա Շամիրյանը նշում է, որ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օլիմպիադաներ՝ զարգացնելով դպրոց-համալսարան համգործակցությունը։
«Շատ կարևոր է, որ ուսանող-աշակերտ կապը հաստատենք, իսկ դրա համար մենք կատարում ենք մի շարք աշխատանքներ։ Հանդիպումներ ենք ունեցել դպրոցների հետ, հիմնականում ավարտական դասարանների հետ։ Փոքրիկ խաղեր ենք կազմակերպել, որից հետո արդեն եզրափակիչ փուլը եղել է ԱրՊՀ-ում»։
Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը նույնպես այս խնդրի լուծմանն են ուղղված։ Բայց դրանք առանձին քայլեր են, որոնք չեն կարող լուծել արդեն համակարգային դարձած խնդիրը։ Իսկ այն, որ այս խնդիրը դեռ երկար տարիներ է զգացնել տալու իր հետևանքները, կասկած չի հարուցում։ Այն շատ ավելի լուրջ ջանքեր ու համակարգային լուծում է պահանջում։