Նոյեմբերի 22, 2024

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը 100 տարեկան է

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 02, 2022

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը եղել է Արցախի կրթական ու մշակութային խոշոր կենտրոն: Ժամանակի լավագույն կենտրոններից մեկն այսօր արդեն նախկին հնարավորությունները չունի, բայց   շարունակում է  գործել․   Շուշիից հեռու, շենքային  ու նյութատեխնիկական սուղ պայմաններում։ Ցուցահանդեսին  ներկայացված բոլոր 170 աշխատանքներն արված են պատերազմից հետո: Քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանը ներկայացնում է ցուցահանդեսում ներկայացվածն ու խոսում ապագայի մասին: 

«Ցուցահանդեսում ներկայացված են գծանկարներ, գունանկարներ, կոմպոզիցիաներ, գորգեր, կարպետներ, դիզայներական աշխատանքներ՝ հագուստի մոդելովորման և հագուստի դիզայնի: Քոլեջի երկարաժամկետ ապագան իր բնականոն  հունով է լինելու, իսկ կարճաժամկետ առումով քոլեջի համար 1 խնդիրը դա շենքային պայմաններն են»:

 Ցուցահանդեսին մասնակցել են քոլեջի գրեթե բոլոր ուսանողները: Նրանց ոգևորությունն ու անհանգստությունը աչքերից է երևում: Երկար են պատրաստվել միջոցառմանը, իսկ հիմա նրանց հույզերն իրար են խառնվել: Քոլեջի «Միջավայրի դիզայն» 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Ավանեսյանն է պատմում: 

«Այս օրվան շատ եմ սպասել, տնեցիներն ասում են վերջապես եկավ այդ օրը: Շատ ուրախ ու ոգևորոված  եմ, կյանքում չէի պատկերացնի, որ իմ գործերը կներկայացվեն ցուցահանդեսում»: 

Շենքային սուղ պայմաններ ունենալու պատճառով քոլեջի ուսանողերը զրկված են մեկ հարկի տակ աշխատելու հնարավորությունից՝ ասում է քոլեջի դասախոս Մերի Մուսայելյանը: Ամեն նեղության պարագայում հիշում էինք, թե ինչքան ազատ էինք Շուշիում՝ ասում է Մերին․ 

«Մենք Շուշիում երեքհարկանի շենք ունեինք, արվեստանոցների ու արհեստանոցիների խնդիր չունեինք: Այստեղ, փառք Աստծո, երկու տարվա ընթացքում կարողացանք ունենալ այս պատկերը: Դժվար էր պատերազմից հետո այսքան գործ ներկայացնել, մենք շատ մեծ աշխատանք ենք իրականացրել»:

 Քելեջի անցած ուղին բարդ է, ինչպես բերդաքաղաքի պատմությունը: Արցախյան առաջին պատերազմի տարիներին   ուսումնարանը գործունեությունը շարունակել  է Ստեփանակերտում, իսկ 1992 թվականին՝ բերդաքաղաքի ազատագրումից հետո, կրթօջախը վերադարձել է հայրենի քաղաք։ Քոլեջի գործունեության մեջ մեծ ավանդ է ունեցել նրա տնօրեն Ալբերտ Խաչատրյանը՝ Արսեն Խաչատրյանի որդին: Մեծ է Խաչատրյանների դերը կրթօջախի պահպանման ու զարգացման գործում։ Ռոբերտ Խաչատրյանը Խաչատրյանների գերդաստանի անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպան համար: 

«Ես ուրախ եմ և երջանիկ այն առումով, որ 85 տարեկան հասակում ինձ բախտ է վիճակվել մասնակցելու մի կրթաջախի միջոցառմանը, որը կրում է 20-րդ դարի լավագույն ուսուցիչ, Արցախի նվիրյալ, հորս՝ Արսեն Խաչատրյանի անունը: Այս միջոցառումը հուշում է մեզ բոլորիս, որ մենք երբեք իրավունք չունենք թերագնահատելու լեզվի և կուլտուրայի դերը»: 

Ռոբերտ Խաչատրյանի հետ համաձայն են բոլորը՝ անգնահատելի է լեզվի ու մշակույթի դերը պետականաշինության, ազգապահպանության և հարատևման գործում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ