Նոյեմբերի 22, 2024

Արցախի կենսագործունեությունը պետք է վերականգնվի․ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնը փորձում է առանցքային դեր ստանձնել այդ հարցում

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 06, 2022

Պատերազմից հետո մեր հանրությունն առերեսվում է ծանր փորձությունների ու գոյաբանական խնդիրների։ Բայց նրա արձագանքն այդ խնդիրներին, մեղմ ասած, համարժեք  չէ։   Խնդիրը, ըստ  «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի, հանրության ընդարմացած  վիճակն է, որը, գուցե թե, հետպատերազմական սինդրոմ է։   Այս անտարբերությունը  երբեմն թևաթափ է անում՝ ասում է։ 

«Խնդիրը հասարակության մեջ առկա ներկայիս անտարբերությունն ու ընդարմացած վիճակն է, կարճաժամկետ, նյութական բնույթի արժեքներով տարվածությունը, կուռքերի վերածված անձանց միջոցով ներկայիս իրավիճակից ելքեր տեսնելը»։

 Մինչդեռ հանրային գիտակից հատվածն է, որ պետք է արձագանքի խնդիրներին, լինի պահանջատեր, մասնակցի իր կյանքին ու իրավունքներին վերաբերող որոշումների ընդունմանը, ինչ որ տեղ նաև օրակարգ թելադրելով վարվող քաղաքականության մեջ։ 

«Մեր նպատակներից մեկն   այն է՝ օգնել քաղհասարակությանը բացահայտելու սեփական ներուժը, կիրառելու այն հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում»։

 «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը մշակել է կազմակերպության առանցքային նպատակներին հասնելու ռազմավարական քայլերը և օգտագործելու է իր ռեսուրսները՝ հաշվի առնելով ներքին և արտաքին գործոններն ու միջավայրերը՝ ասում է զրուցակիցս։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել բազմակողմանի և հավաստի վերլուծությունների և տարաբնույթ մասնագիտական հարթակների ստեղծման միջոցով հնարավորինս նպաստել Արցախում կենսագործունեության վերականգնմանն ու զարգացմանը: Ուստի, կենտրոնը հավակնում է տվյալ բնագավառներում առանցքային դերակատարություն ստանձնել: Այս հարցում Արմինե Ավագիմյանը կարևորում է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, բայց նրանց աշխատանքից միշտ չէ գոհ լինում։ 

«Այստեղ կցանկանայի անպայման շեշտել ԶԼՄ-ների դերը՝ հանրային ոլորտում առկա խնդիրների լուսաբանման հարցում, ինչը դեռևս չափազանց պասիվ ու կողմնակալ է իրականցվում»։

 Նորաստեղծ կառույցը խնդիրների պակաս չի ունենում։ Հատկապես դրանք կապված են հանրային որևէ հարցի առնչությամբ պաշտոնական հարցումների հետ, որ կազմակերպությունը հղում է համապատասխան կառույցներին։

«Խնդիրը, որին հաճախ առնչվում ենք, պետական որոշ մարմինների ղեկավարների անպատասխանատու վերաբերմունքն է մեր հարցումներին, որոնք առնչվում են հանրային հնչեղության հարցերին, ինչի պատճառով մենք ստիպված ենք լինում հետևողական լինել, զանգել, որոշ դեպքերում էլ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»։

 Ի՞նչ են փորձում փոխել՝ իրենց նախաձեռնություններով։ Ինչպիսի՞ն են ուզում տեսնել մեր հասարակությանը, ի՞նչ նպատակներ ունեն և ի՞նչ շարժառիթներ։

Արմինե Ավագիմյանի ցանկությունը մեկն է՝ ապրել գրագետ, իր իրավունքները իմացող ու պաշտպանող հասարակության մեջ, քանի որ միայն նման հասարակությունն է ի վիճակի ընտրել և ունենալ  պատասխանատու իշխանություն և իրականություն դարձնել պետական նպատակները։ Կազմակերպության անդամները հաճախ են հանդիպումներ ունենում քաղաքական դեմքերի, երկրի իշխանությունների հետ,   նաև նորաստեղծ Հանրային խորհրդում են ընդգրկված։ Հանրային խորհրդում իր ընդգրկվելը կազմակերպության հիմնադիրը այսպես է հիմնավորում․ 

«Քանի որ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի նպատակներն ու խնդիրներն նույնական  են հանրային խորհդրի՝ որպես պետական ինստիտուտի, հետ, ես ընդգրկվել եմ դրա կազմում։ Հանդիսանում են ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահը։ Ըստ այդմ, մեր հասարակական կազմակերպությանը դիմող քաղաքացիների մտահոգությունները բերվում են Հանրային խորհրդի տիրույթ, և կարծում եմ, հենց դա է Հանրային խորհրդի գործունեության մեխանիզմը»։

 Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ  կազմակերպությունն իր դիրքորոշումն էր հայտնել։  Իրականում, Արցախի հանրությունը տեղյակ չէր ոչ նախատեսվող փոփոխություններից, ոչ էլ պատճառներից՝ ասում է զրուցակիցս։ Շատերն այդպես էլ չհասկացան, թե ինչու նախագիծը 2 անգամ  ԱԺ օրակարգ  բերվեց, հետո հապճեպ հանվեց օրակարգից։ Ամեն դեպքում՝ հիմա դրա ժամանակը չէ։ 

«Չեմ կարծում, թե մենք այն վիճակում ենք, որ թույլ տանք մեզ կառավարման մոդել փոխել՝ հսկայական ժամանակ ու գումարներ ծախսելով։ Ունենք գոյաբանական, անվտանգային խնդիրներ, ունեցած պոտենցիալը պիտի նպատակաուղղեն այդ խնդիրներին՝ կառավարման գործող մոդելի շրջանակներում։ Մեզնից յուրաքանչյուրը պիտի անի առավելագույնը՝ Արցախի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»։ 

  Արմինե Ավագիմյանի   ակտիվությունը ինքնըստինքյան հարց է առաջացնում․ արդյոք հանրային այդ ակտիվությանը կարող է հետևել նրա՝ քաղաքական դաշտ մտնելու քայլը։ Պատասխանում է, որ առայժմ միտված է պահպանելու քաղաքական չեզոքություն, երբեք չի սատարել որևէ քաղաքական ուժի, բայց եթե թիրախավորված հանրային նպատակներն առավել գործուն մեխանիզմներ պահանջեն, որոնք պայմանավորված կլինեն քաղաքական դաշտ մտնելու հանգամանքով՝ չի բացառում։ Վերջում հավելում է՝ իհարկե, հավատարիմ մնալով այն սկզբունքներին ու արժեքներին, որոնք դավանում եմ։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2022 15:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ