Հանրապետությունում դադարեցվել է «Առաջնեկ» տեսակի կաթնամթերքի արտադրությունը: Ըստ նախնական տվյալների, շուրջ երեք տասնյակ երեխաների թունավորման պատճառը հենց այս կաթնամթերքն էր։ Թունավորման դեպքերը գրանցվել են 7-րդ դպրոցում: Տուժել են մինչև 5 տարեկան երեխաները: «Արևիկ» մանկական բուժմիավորման բժիշկ-մանկաբույժ Էռնեստ Լալայանի խոսքով՝ հիվանդանոց դիմել են երեկ՝ ժամը 13:00-ից սկսած, բոլորն էլ նույն բողոքներով:
«Հիվանդությունը ուղեկցվել է անզուսպ փսխումով՝ 8, 10, 15 անգամ, փորլուծության ու ջերմության էպիզոդներ եղել են երկու երեխայի մոտ: Անամնեստիկ տվյալներով թունավորումներ եղել են փոքրերի մոտ՝ 1 տարեկանից սկսած, որոնք կաթնամթերք են օգտագործել: Դպրոցական երեխաներ նույնպես եղել են. հիմնականում 0 դասարանի երեխաներ»:
Հիվանդների վիճակը միջին-ծանրության է գնահատել բժիշկ-մանկաբույժը. նրանց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն:
«Կատարել ենք ներերակային ինֆուզիոն թերապիա և մոտավորապես 1-2 ժամից երեխաների վիճակը եղել է բավարար»:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ հետազոտություններ են անցկացվել ինչպես Ստեփանակերտի համար 7 դպրոցում, այնպես էլ կաթնամթերք արտադրող «Առաջնեկ» ընկերության արտադրամասում:
«Այսօր մանկական հիվանդանոցից մենք ստացել ենք մեկ հետազոտության արդյունք, երեկ լաբորատորիայում արվեցին բոլոր հետազոտությունները, այսօր ևս մեկ հետազոտություն է անցկացվում: Արդյունքները հիմա չենք կարող ասել, երևի վաղը պարզ կլինի»:
Ստուգումներ են սկսվել նաև հանրապետության շրջաններում, չնայած թունավորման դեպքեր չեն գրանցվել: Թունավորման պատճառ դարձած մթերքների պահպանման ժամկետը չէր անցել՝ նշում է Գրիգորյանն ու ավելացնում, որ վերջին շրջանում բնակիչները այդ հարցում ավելի հետևողական և ուշադիր են: Թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին ծանոթանալու համար երեկ երեկոյան «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն է այցելել Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այսօր նույն ախտանիշներով բուժհաստատոթւյուններ են դիմել ևս 5 երեխա, որոնցից 4-ը դուրս է գրվել , իսկ 1 երեխա դեռևս բուժօգնություն է ստանում: