Մայր բուհի Իրավունքի ամբիոնի արդեն ավանդույթ դարձած միջոցառումը փոխել է Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան 8-րդ դպրոցի ավանդույթը. մի քանի ուսուցիչ «հանգստի» էին անցել՝ իրենց դասաժամը զիջելով ուսանողներին: Սահմանադրության օր էր դպրոցում: Իրավունքի ամբիոնի վարիչ Տաթևիկ Գևորգյանն է մանրամասնում:
«Ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ի նախօրեին, «Իրավունք»-ի ամբիոնը կազմակերպում է նման միջոցառումներ: Երևի Ստեփանակերտ քաղաքի հիմնականում բոլոր դպրոցներում եղել ենք, և մեր ուսանողները փորձել են ներկայացնել Սահմանադրության կարևորությունը, դերակատարությունը՝ որպես իրավական պետության, որպես ժողովրդավարության հիմք»:
Միջոցառման հիմնական մասնակիցները «Իրավագիտություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողներն են: Նրանք, ավարտելով «Սահմանադրական իրավունք» առարկայի կրթական ծրագիրը, տիրապետում են Սահմանադրության հիմնական ու աշակերտներին ավելի հետաքրքիր դրույթներին: Քննարկում-դասախոսության կարևորության մասին Տաթև Գևորգյանն է պատմում:
«Միջոցառման հիմնական կարևորությունը այն է, որ մենք, ընդունելով Սահմանադրությունը, ձգտելով դառնալ պետություն՝ իր բոլոր ատրիբուտներով, կառավարման համակարգով, կարևորում ենք հենց աշակերտների դերը, որովհետև մեր իրավագիտակից հասարակության հիմնական, գլխավոր բաղադրատարրը աշակերտներն են: Դրա համար կարևորում ենք վաղ հասակից նրանց իրավագիտակցական մակարդակի, հատկանիշների ձևավորումը, պատկերացումը՝ ընդհանրապես»:
«Իրավագիտություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանող Կարեն Բալայանի խոսքով՝ աշակերտների հետ հաղորդակցվել են հնարավորինս մատչելի լեզվով, քանի որ աշակերտները իրավագիտական եզրույթներին չեն տիրապետում: Ի՞նչ են հասցրել սովորեցնել կամ հիշեցնել աշակերտներին 45 րոպեում.
«Ներկայացրինք պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող պետական խորհրդանիշները՝ օրհներգը, զինանշանը, դրոշը, որը աշակերտների համար շատ հետաքրքիր էր: Նրանց հետաքիքիր էր՝ ինչու՞ եռագույն, ինչու՞ է դրոշի վրա սանդղակաձև նշան պատկերված և ի՞նչ է խորհրդանշում: Աշակերտները հետաքրքրված էին «Զինված ուժերի և անվտանգության մասին» ու «Ընտանիքի պաշտպանության մասին» օրենքներով»:
Իններորդ դասարանի աշակերտ Աննա Գրիգորյանի համար ավելի հետաքրքիր էր Մարդու Իրավունքի պաշտպանի գործառույթի վերաբերյալ դասախոսությունը, բայց նրա կարծիքով՝ Սահմանադրությանը տիրապետելը անհրաժեշտ է բոլորին նախ սեփական իրավունքներն ու պարտականությունները ճանաչելու, հետո՝ նաև կիրառելու համար:
«Սահմանադրությունը շատ կարևոր ու հետաքրքիր թեմա է ինձ համար: Կարևոր է, որ յուրաքանչյուրը տիրապետի Սահմանադրության օրենքներին ու ըստ դրանց՝ պաշտպանի սեփական շահերը»:
Քննարկում-դասախոսությունները տեղի են ունեցել ավագ դասարանի աշակերտների համար: Տաթևիկ Գևորգյանի խոսքով՝ այս տարի ամբիոնը նման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում: Զրուցակիցս նշում է. երկրորդ կուրսի ուսանող էր, երբ իր առաջարկությամբ սկսեցին այցելել դպրոցներ, իսկ այսօր արդեն իր գլխավորությամբ է կատարվում և շարունակական բնույթ է կրում: