Նոյեմբերի 22, 2024

Հարյուրավոր մարդիկ շարունակում են մնալ ճանապարհին

By Էթերի Մոսիյան Դեկտեմբերի 13, 2022

Սուսաննա Դանիելյան մեկն է այն 1100  քաղաքացիներից, ով ստիպված է անորոշ ժամկետով ապաստանել անծանոթ մարդկանց տներում՝ հույով, որ շուտով կբացվի բառի բուն իմաստով «կյանքի  ճանապարհը»։    Նա Արցախի Մարտունու շրջանից է: 

«Ունեմ քաղցկեղ և 7-րդ քիմիաթերապիան ընդունելուց հետո բժիշկս ինձ ստուգման նպատակով խորհուրդ տվեց այցելել Հայաստանի Հանրապետություն: Երևանում բարեհաջող ամեն ինչ ավարտելուց հետո մնում էր միայն վերադառնալ Արցախ և ևս մի քանի անալիզներ հանձնել»: Ամուսնուս և վարորդի հետ ճանապարհվեցինք Արցախ: Հասնելով Գորիս իմացանք, որ դեպի Արցախ տանող միակ ճանապարհը կրկին փակ է»:

 Սուսաննան, ամուսինն ու վարորդը, հիսունից ավել ավտոմեքենաների շարքում ավելի քան  հինգ ժամ    սպասել են, որպեսզի շարունակեն ճանապարհը: 

«Հասանք մինչև Տեղ գյուղ: Այնտեղից ճանապարհն արդեն փակ էր: Մենք այդտեղ մնացինք հինգ ժամից շատ: Սպասեցինք մինչև գիշերվա մեկը: Հետո ռուս խաղաղապահներին խնդրեցինք, որ մեզ գոնե բաց թողնեն: Բացատրեցինք, որ հիվանդության պատճառով չեմ կարող այստեղ մնալ: Մեզ և մոտ 11 այլ ավտոմեքենայի բաց թողեցին»: 

Նրանք ճանապարհվեցին, սակայն այս անգամ էլ   տուն հասնել չստացվեց։ Մնացին Լիսագորում, որտեղ նրանց ջերմ ընդունելության արժանացրեց մի անծանոթ  ընտանիք:   Սնունդն ու մնալու տեղն ապահովված է, սակայն դեղորայքի պակասը խնդիր է: 

«Բարեբախտաբար հիմնական դեղորայքներն ինձ մոտ են, բացի  ճնշման դեղից: Ունեմ ճնշման տատանումներ,  օգտագործում եմ փոխարինող դեղամիջոցներ: Ճիշտ է այնքան էլ չի օգնում, բայց համենայնդեպս վիճակս դեռ նորմալ է»:

  Տիկին Սուսաննան հույս ունի, որ ամեն ինչ արագ կկարգավորվի: Ես    գիշերել եմ ձեռուցվող տան մեջ, բայց ամուսնիս, մեքենայի  վարորդն ու  մնացած բոլոր տղամարդիկ, որոնք  ճանապարհին են մնացել, գիշերել  են մեքենայի մեջ՝ ասում է զրուցակիցս: Վարորդ Կարեն Բաբայանը պատմում է, որ գիշերելու տեղ ունեն, սննդով էլ նրանց ապահովում են ռուս խաղաղապահները: 

«Կանանց տեղավորել ենք մոտակայքում գտնվող տներում, իսկ մենք գիշերում ենք ավտոմեքենաների մեջ: Սննդով մեզ ապահովում են ռուս խաղաղապահները և մեր ոստիկանությունը:  Ասում են, որ ինչպես իրենք, այնպես էլ ճանապարհին մնացածներս  սննդով ապահովված կլինենք»: 

Վարորդն ասում է, որ դրանք առաջնային խնդիրներ չեն: Առաջնայինը այս հարցին վերջնական լուծում տալն է: 

«Ամեն ինչ էլ այս պահին խնդիր է, բայց առաջնայինն այն է, որ մենք անվտանգ հասնենք մեր տները: Չգիտեմ մեր անվտանգությունն ինչպես է ապահովվում, բայց պետք է այս հարցին վերջնական լուծում տանք, թե չէ՝ դրսում ապրելն ապրելաձև չէ»: 

Նման խնդիրի առաջ է կանգնած նաև  սպորտային պարի՝ Ասպարեզ ստուդիա  թիմը։ 13  անչափահաս երեխաներն ու իրենց մարզիչը    մեկենել էին Վրաստան՝  մասնակցելու Վրաստանի «Պարային սպորտի և Չերլիդինգի» բաց առաջնությանը: Լարի Ավանեսյանն է պատմում․ 

«Մենք ուղևորվել էինք Վրաստան մասնակցելու Վրաստանի բաց առաջնությանը և երեկ առավոտյան ժամը 7-ին վերադարձել ենք 4 առաջին տեղով՝ տարբեր անվանակարգերում: Արցախ վերադառնալիս իմացանք, որ մեր ճանապարհները փակ են: Դրա համար մնացինք Գորիսում՝ հետագա խոչընդոտներից խուսափելու համար»:

 Ճանապարհին մնացած 1100 մարդիկ կան, նրանցից 270-ը երեխաներ են։ Ճիշտ այսքան ընտանիքում արդեն երկու օր անորոշությունն ու անհանգստությունը սահման չեն ճանաչում։  Նրանք սպասում են խնդրի հանգուցալուծմանը, հույսով, որ ողջամտությունն, այնուամենայնիվ, կհաղթի։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ