Նոյեմբերի 21, 2024

Ո՞րն է հասարակության անելիքը ստեղծված իրավիճակում

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 22, 2022

Տասնյակ անհատներ սոցիալական ցանցերում հանրային նախաձեռնությունների կոչ են անում․ մասնավորապես երթով Հայաստանից Արցախ գալ, կամ Ստեփանակերտից Շուշի բարձրանալ ու այդպես՝ երթով բացել ճանապարհը։ Հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ նախքան նման քայլի դիմելը պետք է լավ հաշվարկել այդ նախաձեռնության հնարավոր ռիսկերը կամ հնարավոր զարգացումները՝ առաջին հերթին   հաշվի առնելով այն, որ   բնապահպանների քողի տակ Շուշիի խաչմերուկում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ 

«Մարդկանց մտահոգությունը ողջունելի է, նրանք, որպես հանրության մի մասնիկ իրենցից կախվածն ուզում են անել։ Սակայն պետք է հասկանալ, որ սա լուրջ իրավիճակ է և ցանկացած վրիպում կարող է այլ հետևանքներ ունենալ։ Կարծում եմ, որ պետք է միասին հավաքվենք, քննարկենք, կոշտ քայլերի դեռ պետք չէ գնալ, պետք է հստակեցնել անելիքները, և եթե նույնիսկ որոշենք, որ իշխանությունը բավարար գործողությունների չի դիմում, մենք կարող ենք հանրային նախաձեռնություն ցուցաբերել, բարձրանալ այդ չակերտավոր <էկոլոգների» մոտ, բացատրել, որ իրենց արածը էթնիկ զտում է, և կապ չունի բնապահպանության հետ»։ 

Արցախում ստեղծված իրավիճակում հասարակությունը լուրջ անելիքներ ունի, իհարկե, և իշխանությունը պետք է օգտագործի հանրային ներուժը՝ ազգային պետական գործընթացներում՝ ասում է զրուցակիցս։ Այն, որ հասարակությունը կարող է դեպքերի ընթացքն ուղղորդել, ապացուցվել է ոչ մեկ անգամ․ դրա վառ օրինակներից մեկը   Տիգրան Պետրոսյանը համարում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստը, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ 

«Կարող եմ փաստել, որ հենց հայ հասարակության կոչերով  Հայաստանում, Սփյուռքում, մասամբ էլ Արցախում ուշադրություն դարձվեց  դեպի մեր երկիրը։ Եվ տեսանք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ մեր հանրության աշխատանքի շնորհիվ նաև»։

 Տիգրան Պետրոսյանը հաճախ հանրային արձագանքը ստեղծված իրավիճակին անհամարժեք է գնահատում, ասելով, որ Արցախում ունենք իներտ հասարակություն։ Մինչդեռ․ 

«Եկեք հասկանանք, որ սա պատերազմ է, ինֆորմացիոն պատերազմ։ Եվ քանի որ մենք ռազմական շատ ռեսուրս չունենք, պետք է ջանք գործադրենք՝ ինֆորմացիոն պատերազմի մեջ։ Ցավում եմ, բայց Արցախի հասարակությունը պասիվ է»։ 

Դա նաև իշխանության բացթողումն է, ասում է, քանի որ նման օրհասական պահերին իշխանությունն ու հասարակությունը պիտի համագործակցեն, միաբան լինեն, որպեսզի կարողանան դիմագրավել առկա մարտահրավերներին։ Իսկ նման համագործակցություն, Տիգրան Պետրոսյանի գնահատմամբ,  բավարար չափով չկա։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ