Երկու շաբաթից ավելի տևած ստուգումներից հետո «Առաջնեկ» ընկերության կաթնամթերքը նորից շուկայում է հայտվել։ «Արցախ» լրատվականը հարցումներ է կատարել բնակչության շրջանում՝ պարզելու՝ փոխվե՞լ է, արդյոք, նրանց վերաբերմունքը ապրանքանիշի նկատմամբ:
«Թունավորումից հետո, երբ «Մու-Մու» ապրանքանիշը հայտնվեց շուկայում, օգտվեցինք ու ոչ մի խնդիր չառաջացավ, ամեն ինչ նորմալ է»։
««Մու-Մու»-ից դեռ չեմ օգտվել, բայց պատրաստվում եմ գնել, քանի որ մարդկանցից լսել եմ՝ որ արդեն լավն է ու համապատասխանում է պահանջներին»։
«Ճիշտն ասած, թունավորման դեպքից հետո դեռ չեմ համարձակվում՝ գնեմ»։ «Երեկ թթվասեր ու մածուն եմ գնել, համը լավ էր, նորմալ»։
Դեկտեմբերի 7-ին հանրապետությունում գրանցված թունավորումից ժամեր անց սննդի անվտանգության կոմիտեն, տնտեսվարող սուբեկտի հետ համաձայնեցնելով, կաթնամթերքի ամբողջ խմբաքանակը հանել է շուկայից, իսկ արտադրանքը կասեցրել։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրամասը արտադրական գործընթացում խնդիր չի ունեցել, աշխատողներից վերցրած հետազոտության նմուշները նույնպես մաքուր էին։ Ո՞րն էր թունավորման պատճառը՝ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանն է պարզաբանում։
«Հետագծելիության սկզբունքով իրականացվել է փորձաքննություն։ Պարզվել է, որ տվյալ ընկերությունը մի քանի վայրից է հումքը ձեռքբերում։ Այդ մի քանի վայրերից մեկում որոշակի խնդիրներ են եղել։ Այդ խնդիրը բացահայտելուց հետո արտադրողը տվել է փորձնական արտադրանք, լաբորատոր փորձաքննությունն անցել։ Տեսնելով, որ որևէ խնդիր չկա, միանգամից որոշել ենք՝ արտադրությունը բնականոն հունով աշխատի։ Հիմա որևէ վտանգ չկա, այսինքն՝ երբ արտադրանքը թույլատրվում է վաճառքի, ուրեմն այն նույն որակին է, ինչ եղել է նախկինում»։
Այսօր «Առաջնեկ» ընկերության կաթնամթերքը մատակարավում է մայրաքաղաք ու բոլոր շրջաններ, բացառությամբ Մարտակերտի շրջանի։ ««Արման» սուպերմարկետում կաթնամթերքը ցուցափեղկերում հասցնում է մնալ մինչև կեսօր, օրվա երկրորդ կեսին՝ կաթնամթերքի սառնարանը դատարկվում է» ,- նշում է ընկերության մենեջեր Վահագն Մելքումյանը: «Առաջնեկ» ընկերության տեխնոլոգ Մհեր Մուսայելյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում հաստատում է, որ կաթնամթերքի պահանջարկը նկատելիորեն մեծացել է:
«Առաջնեկ» ընկերությունը աշխատում է բնականոն հունով՝ ըստ կարգի, կատարվում են մաքրման բոլոր աշխատանքները։ Հիմնականում շաբաթական երկու-երեք անգամ նմուշառում է իրականացվում համապատասխան կոմիտեի կողմից»։
Մհեր Մուսայելյանի խոսքով՝ իրավիճակով պայմանավորված որոշ մթերքներ դեռ չեն արտադրում։
«Կան մի շարք ապրանքատեսակներ, որոնք դեռ չեն արտադրվում, քանի որ կաթի նորմուծման խնդիր կա․ չենք արտադրում յոգուրտ, հալած պանիր, թան, բայց հիմնականը՝ թթվասերը, կաթնաշոռը, մածունը արտադրում ենք։ Իրավիճակը կարգավորվելուց հետո՝ երբ կարողանանք կաթ ներմուծել, բոլոր ապրանքատեսակների արտադրությունը կշարունակվի»։
«Մու-Մու» կաթնամթերքի արագ սպառման պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանից ներմուծվող կաթնամթերքը բացակայում է վաճառասեղաններից ու «թափուր» տեղը ստիպված է լրացնել տեղական արտադրանքը։ Սննդի անվտանգության կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ առանց ավելորդ մտահոգության կարելի է օգտվել կաթնամթերքից։