Նոյեմբերի 24, 2024

Ռիսկ, թե՞ հավատ. Բլոկադայում էլ Սրբուհին շարունակում է զարգացնել բիզնեսը

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 23, 2022

22 տարվա լրագրության փորձ ու սեր արվեստի, նկարչության հանդեպ. բարդ ընտրություն է: Սրբուհին սիրում է իր հիմնական մասնագիտությունը, բայց վերջերս այդքան էլ հաշտ չէ դրա հետ: Իսկ նկարել սկսել է բոլորովին վերջերս. ինչպես ինքն է սիրում կրկնել՝ 40-ից հետո նոր տաղանդ է բացահայտել: Այդ ամենին զուգահեռ մեր հերոսուհին նաև նպատակ ուներ. ընտանեկան բիզնես ունենալու երազանքը երկար է խմորվել նրա պատկերացումներում ու մտքում: Սկզբում նախատեսում էին հյուրատուն կառուցել: Այդ ժամանակ Հայ բարեգործական ընդհանուր միությունը կին սկսնակ ձեռներեցների համար դասընթաց կազմակերպեց: 

«Մտածում էինք, որ հյուրատուն պետք է կառուցեինք, և ես պետք է թողնեի իմ աշխատանքն ու ընտանիքով զբաղվեինք այդ գործով: Դրանից հետո   շատ ջրեր հոսեցին: Կարճ ժամանակահատվածում իրադարձությունները բավականին արագ փոփոխվում էին. սկզբում քովիդն էր, հետո՝ պատերազմը: Մենք շինարարությունը կիսատ թողեցինք: Այդ ժամանակ արդեն ես մասնակցության հայտ էի ներկայացրել ՀԲԸՄ կին ձեռներեցների համար նախատեսված բիզնես դասընթացներին, որպեսզի բավարար հմտություններ ձեռք բերեմ այդ բիզնեսը սկսելու համար»: 

Պատահականություն էր, թե՞՝ նախախնամություն՝ առաջին դասընթացը սեպտեմբերի 27-ին էր նախատեսված: Սրբուհի Վանյանը կիսատ չթողեց սկսածը. դասընթացներին մասնակցեց Երևանում: Հյուրատան ծրագրով էր մասնակցում: Չնայած գաղափարն արդեն տեսանելի էր՝ դրամաշնորհային ծրագրին չմասնակցեց՝ պատերազմի արդյունքների ու ստեղծված ծանր հոգեբանական վիճակի պատճառով: Սրբուհին արդեն ուներ բոլոր պատկերացումները հյուրատան մասին. ինչպիսի՞նն է լինելու, ի՞նչ տեսք է ունենալու, ինչի՞ համար է ծառայելու: Արվեստն այստեղ իր ուրույն տեղը պետք է ունենար. Սրբուհին սա հաստատ գիտեր: Բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով հյուրատան գաղափարը օդում մնաց: 

«Պատերազմից հետո ես մի քանի ամիս մնացի Երևանում և  առանց աշխատանք էի: Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էին իմ երեխաները, տեսավ իմ նկարներն ու ինձ ծանոթացրեց մի խմբի հետ, որ արցախցիների համար անվճար բիզնես հմտության դասընթացներ էր կազմակերպում: Նրանք ինձ ասացին, որ շատ հետաքրքիր են իմ նկարները, այնտեղ գույն կա, տրամադրություն կա: Ես մասնակցեցի այդ դասընթացներին։   Ծրագիրը, որը ներկայացրեցի՝ հեղինակային նկարներով և անհատական դիզայնով տպագրություն անել հագուստի, սփռոցներին, բարձի երեսների վրա , հավանության արժանացավ, և ես դրամաշնորհ շահեցի»: 

«Մին թաքուն տեղ». Սրբուհու բրենդի անունն է: Անվանումը յուրահատուկ պատմություն ունի. նա քաղաքից փոքր-ինչ հեռու է ապրում, իրենց տունը ընկերների համար «մի թաքուն տեղ» է: Սրբուհին երկարաժամկետ ծրագրեր ունի բիզնեսի հետ կապված: Սա մեծ գաղափարի մի փոքրիկ մասն է, որը կարողացել ենք կյանքի կոչել ՝ ասում է: Հյուրատան գաղափարը դեռ ուժի մեջ է: Իսկ ամեակարևորն   այն է, որ Սրբուհին իր բոլոր գաղափարներն Արցախի հետ է կապում: 

«Որպես երազանք մնում է «Մին թաքուն տեղ»-ը, Աստված տա ամեն ինչ լավ լինի Արցախում և ինձ  հաջողվի իրագործել: Այն կլինի մի թաքուն տեղ, որտեղ մարդիկ կարող են այցելել աշխարհի տարբեր ծայրերից և բացահայտել Արցախը: Ես ուզում եմ ցույց տանք, թե ինչպիսին է այս երկիրը: Այն մի թաքուն տեղ է՝ աշխարհից կտրված, ուզում եմ, որ տեսնեն թե ինչքան գույներ կան այստեղ, ինչքան տրամադրություն ու ջերմություն կա այստեղ»:

 Նկատելի է  Սրբուհու ոգևորությունը, երբ խոսում ենք բրենդի մասին: Անընդհատ նոր գաղափարներ է առաջ քաշում,  արցախյան բարբառով կրեատիվ գրություններով պայուսակներ, սփռոցներ է պատրաստում: Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ- ի  պայմաններում երկարաժամկետ երազանքներ ունենալն ամենաքիչը զարմանալի է: Բայց հենց սրանով է առանձնանում արցախցու կերպարը: Ստեղծված պայմաններում ի՞նչ երաշխավորագրով աշխատել, սա ռի՞սկ է, թե՝  հավատք: Սրբուհին այս հարցին միանշանակ է պատասխանում: 

«Մենք այստեղ ենք, ապրում ենք, մեր սիրտը բաբախում է. ուրեմն արարել պե՛տք է: Անկարող ենք չարարել, սա մարդու ներքին ձգտումն է, ներքին պահանջմունքը: Այս պահին մենք նաև տուն են  կառուցում, որը կիսատ էր մնացել պատերազմից առաջ»: 

Այսպիսին է արցախցին՝ համառ, ռիսկային, երազող։ Հավատը  լուսավոր ապագայի մասին ամուր է: Այդ ապագայում մեր ուժերի ներածին չափով պետք է մասնակցություն ունենանք բոլորս:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2022 13:29
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ