«Այսօր երեխա է, վաղը՝ ժողովուրդ»․ այս կարգախոսով էր առաջնորդվում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը, երբ 10 տարի առաջ Արցախում հիմնադրեց Ապագա սերունդների հիմնադրամը: Հիմնադրամը կոչված է նպաստելու ոչ ֆորմալ կրթության միջոցով Արցախում երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց կրթության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։ Արցախյան վերջին պատերազմից հետո կար մտավախություն, որ արդեն պատկառելի տարիք ունեցող պրոֆեսոր Գաբրիելյանցը Արցախ չէր վերադառնա, իսկ հիմնադրամը, գուցե, թուլացներ գործունեությունը: Նման մտավախությունների պատճառ էր նաև այն հանգամանքը, որ պրոֆեսորի աջակցությամբ ստեղծված «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տպավորիչ հավաքածուները կորսվել են։ Բայց ոչ։ «Պրոֆեսոր Գաբրիելյանցի էներգիային, ավյունին նախանձել կարելի է»,-ասում է Ապագա սերունդների հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գասպարյանը։ Իսկ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը և նոր ծրագրերի իրագործման պատրաստվում։
«2022թ. իրականացրել է մարզամշակութային, գիտական, սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Հիմնադրամի աջակցությամբ Արցախի շրջկենտրոններում և համայնքներում պարբերաբար կազմակերպվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնք խթանել են սահմանամերձ համայնքների երեխաների գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը»:
Մինչ պատերազմը Շուշիում գործող Երկրաբանության թանգարանը, Կերպարվեստի թանգարանը, Ջիվանի համայնքում կառուցված ժամանակակից դպրոցը, Ապագա սերունդների հիմնադրամի լավագույն ծրագրերից էին՝ ասում է Լուսինե Գասպարյանը, որ մինչ Արցախյան երրորդ պատերազմը ղեկավարում էր Շուշիի թանգարաններ ՊՈԱԿ-ը։
«Պատերազմից հետո մենք շարունակում ենք աջակցել Ջիվանիից Ստեփանակերտ տեղափոխված աշակերտներին․ նրանք հիմնադրամի ուշադրության կենտրոնում են»։
Պատերազմից հետո հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքից առավել հեռու գտնվող 8 գյուղական համայնքների դպրոցներում բացվել և սպասարկվում են համակարգչային դասարաններ, որոնք միտված են նպաստելու գյուղաբնակ աշակերտների տեղեկատվական գիտելիքների զարգացմանը, աշխարհայացքի ընդլայնմանը: Խանցք համայնքում հիմնադրամի կողմից ժամանակակից մարզագույքով կահավորել է մարզահրապարակ և կազմակերպվել նրա պաշտոնական բացումը: Գրիգորի Գաբրիելյանցը կարևորում է սպորտի մասսայականացումը, քանի որ հենց սպորտն է, որ կոփում է անհատին՝ ասում է զրուցակիցս․
«Արցախում սպորտի զարգացման և հանրահռչակման նպատակով հիմնադրամը դրամական աջակցություն է տրամադրել Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիային: Ֆինանսական միջոցներ են հատկացվել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ֆեդերացիայի անդամ մարզիկին՝ ծանր վիրավորման հետևանքները վերականգնելու նպատակով»:
Սոցիալական ծրագրերի շրջանակներում 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին նույնպես դրամական աջակցություն է ցուցաբերվել ։ Այս տարի համալսարանում բացվել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետ, որը հանրության համար կարևոր գիտական քննարկումների, դասախոսությունների և բանավեճերի հարթակ կլինի: Շուշիի թանգարանների ցուցանմուշների կորստից հետո պրոֆեսոր Գաբրիելյանցը նպատակ ունի այն վերաբացել Ստեփանակերտում․
«Հիմնադրամը Ստեփանակերտում Շուշիի Կերպարվեստի թանգարանի վերաբացման աշխատանքներ է տանում: Նախաձեռնել է նոր հավաքածուի հավաքագրում, վերաբացման տեխնիկական տարաբնույթ աշխատանքներ, նոր գեղանկարների ձեռքբերում»:
Ինչպիսին կլինի Արցախի ապագան՝ այս խառը ժամանակաշրջանում, անհայտ է, ինչպես անհայտ է, թե այս ամենի ավարտից հետո ինչպիսին կլինի ժամանակաշրջանը, որտեղ հայտնվելու են ապագա սերունդները։ Եվ որպեսզի նույն այդ սերունդները կողմորոշվեն մշուշոտ ապագայում, իրենց վստահության ու գիտելիքի հիմքերը պետք է դնենք մենք։ «Ապագա սերունդների հիմնադրամը» հենց այս առաքելությունն է իրականացնում: