Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցված է։ Իրավիճակի պատճառով հատկապես բարդ իրավիճակում են հայտնվել աշխատող մայրիկները, որոնք երեխաների խնամքի հարցում տանն օգնականներ չունեն։ Ստեփանակերտում բնակվող Նունե Զաքարյանը 4 տարեկան զույգ աղջիկների մայր է, ստեղծված իրավիճակում անելանելի վիճակում է հայտնվել։ Ամուսինը ամսվա կեսը դիրքերում է, նախկինում երեխաներին խնամող դայակը մնացել է բլոկադայից այն կողմ՝ Երևանում։ Եթե մանկապարտեզները մեկ շաբաթ անց էլ չաշխատեն՝ ընտանիքը կկանգնի փակուղու առաջ։
«Ես ունեմ զույգ աղջիկներ, 4 տարեկան, մանկապարտեզը փակ ա հիմա, չի գործում։ Ես էլ աշխատում եմ հիվանդանոցում, օգնող չունեմ։ Տունը ես եմ ու ամուսինս։ Ամուսինս 15 օր պոստ ա պահում։ Հիմա ես տանը ոչ մի օգնող չունեմ, իմ երեխեքն էլ՝ փոքր։ Դայակն է պահել, բայց ինքն էլ Երևան է գնացել, ինքն էլ է մնացել ճանապարհին։ Էդ էլ չունեմ, մի ամիս ու կես է դա էլ չկա։ Հիմա մարդ չունեմ, որ իմ երեխաներին նայի, ես գամ գործի։ Հիմա մի երեք օր է ամուսինս 3 օր է պոստից եկել է, ինքը խնամում է, բայց ինքը ծառայող է, ամեն րոպե կարան իրան կանչեն»։
Այս ընթացքում երիտասարդ մայրիկը փորձել է նոր դայակ գտնել, սակայն, ըստ նրա, նախ բարդ է միանգամից գտնել վստահելի մարդու, ում կվստահես երեխաներիդ խնամքը, երկրորդը՝ սովորաբար աստղաբաշխական գումարներ են պահանջում, որոնք իր համեստ եկամտով Նունե Ղազարյանը վճարել չի կարող։ Լսել է նաև, որ որոշ մասնավոր մանկապարտեզներ դեռ շարունակում են գործունեությունը, սակայն նույնպես հեռու են մատչելի լինելուց։
«Մեկն էլ գրել է ինձ՝ «Եթե կուզես կարող ես բերել մեզ մոտ, մին երեխան 35 000 դրամ»։
Ըստ զրուցակցիս՝ աշխատող մայրիկների համար մեկ այլ խնդիր է նաև խանութների առաջ գոյացած հերթերում սպասելն ու երեխաների համար սնունդ հայթհայթելը։ Վաղաժամ ծնված ու թերզարգացման խնդիր ունեցող զույգ աղջիկներն արդեն իրենց մաշկի վրա զգում են սննդի ու տակդիրների սղությունը։
«Կարիքը զգում եմ պամպերսի, ուտելիքի։ Իրենք էլ փոքր են ծնվել, թերզարգացած են ծնվել, զույգեր են։ Հիմա չգիտեմ՝ երեխաներս թողեմ՝ ոնց գնամ աշխատանքի։ Չգնամ՝ չի ստացվում։ Ինչ անեմ, ոնց անեմ․․․ Ոնց գնամ էդ խանութում հերթ կանգնեմ, թե մի բան վերցնեմ։ Ոնց անեմ էդ հերթը։ Ծնողներ չունեմ, ծնողներս մահացած են, հայրս զոհված ա։ Ամուսնուս ծնողներն էլ Սևանից են, իրանք Սևանում են»։
Արդյոք հնարավոր կլինի մեկ շաբաթ անց վերսկսել նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը՝ հարցն անորոշ է այնքան, որքան Արցախի «Կյանքի ճանապարհի» մասին 120 000 արցախահայերի ամենօրյա մտորումները։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը նախօրեին 1in.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սննդի մատակարարման դժվարությունը կապված է պարենի նախնական մթերման խնդիրների հետ։
«Պարենի նախնական մթերում չի իրականացվում։ Դա կապված է պարենի որոշակի զանգվածի արագ փչանալու հետ։ Նաև պահեստների բացակայության հետ։ Այսինքն՝ պարենի նախնական գնումն իրականացվում է ըստ նախնական պայմանավորված ժամկետի։ Էլ չենք խոսում կաթնամթերքի մասին, հացի մասին և այլն»։
Այպիսով՝ մինչ հարևան երկրում պնդում են, թե Արցախի շրջափակումը միֆ է, իսկ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած այսպես կոչված էկո-ակտիվիստների նպատակները բացառապես «բարի» են՝ Արցախում հերթական անգամ հազարավոր երեխաներ զրկված են մնում կրթության կարևոր ու հիմնարար իրավունքից։