Նոյեմբերի 23, 2024

Կվերսկսվի՞ դասապրոցեսն ավանդական եղանակով

By Սվետլանա Պետրոսյան Դեկտեմբերի 10, 2021

ԿԳՄՍ նախարարության հրամանով՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հանրապետությունում կրթական գործընթացը դեկտեմբերի 6-ից իրականացվում էր որոշակի սահմանափակումներով: Դեկտեմբերի 13-ից հնարավոր է ուսումնական գործընթացի վերսկսում ամբողջ ծավալով՝ մեզ  հետ զրույցում ասել է Լուսինե Ղարախանյանը: Բայց դեռ անհրաժեշտ է ստանալ առողջապահության նախարարի ցուցումը։ 

«Այժմ  համայնքային բոլոր դպրոցներում դասապրոցես է ընթանում:  Բացառությամբ այն դպրոցների, որտեղ կան վարակակիր կամ կոնտակտավոր ուսուցիչներ կամ աշակերտներ։  Դպրոցում մի քանի ուսուցչի հիվանդանալու դեպքում մենք դպրոցները փակում ենք։ Երկուշաբթի օրվանից գործելու են մանկապարտեզները։ Բայց մենք հետևելու ենք, որպեսզի  խստագույնս  պահպանվեն հակահամաճարակային կանոնները,  դաստիարակները թեստավորվեն` հետո մտնեն մանկապարտեզ»։ 

Ստեփանակերտի մանկապարտեզները եկող շաբաթ կանցնեն բնականոն աշխատանքի՝  հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:    

«Երկուշաբթի օրվանից ուզում ենք,  իհարկե, որ ոչ թե կիսած խմբերով, այլ ամբողջական խմբերով սկսենք դասագործընթացը։ Բայց դեռևս պետք է ստանանք առողջապահության նախարարի հրահանգը։ Վաղը կամ գուցե այսօր կեսօրից հետո կհայտարարենք՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցները ամբողջությա՞մբ են դուրս գալիս դասագործընթացի, թե՞ էլի կիսված խմբերով։ Ըստ գործող հրահանգի՝ պետք է ուսուցիչները կամ պատվաստվեն, կամ 14 օրը մեկ ներկայացնեն  ՊՇՌ թեստ։ Սա ևս նվազեցնելու է քովիդի տարածման ռիսկերը։ Մենք ունենք 60 և ավելի պատվաստված  ուսուցիչներ։ Հուսանք,  որ նրանց թիվը կավելանա և մենք կունենանք  հիվանդության ավելի  մեղմ պատկեր ու ուսումնական գործընթացը շարունակելու հնարավորություն»։ 

Նախատեսվում է բացել նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, արվեստի  ու երաժշտական դպրոցները և մարզադպրոցները՝ ասում է նախարարը: Այստեղ նույնպես հակահամաճարակային պայմաններին հետևելը  նախապայման է:

«Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, արվեստի դպրոցներ, երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ․ մինչև հիմա գործել են միայն անհատական պարապմունքները։ Հուսամ՝ Առողջապահության նախարարությունը թույլ կտա  երկուշաբթի օրվանից վերսկսել նաև  խմբային պարապմունքները՝ գոնե  15 հոգանոց խմբերով»։ 

Այս տարի ձմեռային արձակուրդներ չեն լինելու՝ ասում է Լուսինե Ղարախանյանը: Դա անհրաժեշտ է ծրագրային նյութը ուսումնական տարում տեղավորելու համար:  

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 11 Դեկտեմբերի 2021 13:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ