Նոյեմբերի 21, 2024

Աջակցության սպասումով

By Անահիտ Ստեփանյան Դեկտեմբերի 10, 2021

Արցախի մասին պատմել դիզայնի լեզվով․ սա է  Դիանա Աբրահամյանի նախընտրած ուղին։ Գրաֆիկ պատկերների ու գույների միջոցով ստանալ գիրք, որը ներկայացնելու է Արցախյան դիմանկարը։ Նրանց, որոնք կանգնած են Արցախի պետականության կերտման ակունքներում, որոնք ապրում ու  շարունակում են Արցախը շենացնել։ Դիանայի խոսքով` սերն արվեստի նկատմամբ մանկուց է ունեցել, գրաֆիկ դիզայնի աշխարհը նոր է բացահայտում, բայց արդեն հասցրել է հմտանալ․

«Գրաֆիկ դիզայն ոլորտի հետ ծանոթացել եմ 1,5 տարի առաջ։ Այն  ինձ գրավել է իր արդյունավետությամբ, քանի որ մեկ ճիշտ բառի կամ պատկերի օգնությամբ դու կարող ես փոխանցել քո միտքն ու խոսքը։ Պատերազմից հետո ես հասկացա, թե Արցախի ապագայի համար ինչքան է կարևոր յուրաքնաչյուրի որակյալ աշխատանքը»։

«Ես  Արցախն եմ ներկայացնում: Գրաֆիկ- դիզայնի միջոցով խոսելու եմ  Արցախի անունից ու Արցախի  մասին»,-Դիաննայի համոզմունքն է։ Երկար ժամանակ մտքում խմորվող գաղափարն իրագործելուն նպաստեց Թումոյում ստացած գիտելիքները: Նա սովորել է Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, հիմա էլ աշխատում է Թումոյում՝ արդեն  որպես մարզիչ։

«Թումոն մեծ դեր ունի իմ կյանքում։ Ուսանողներին ծանոթացնելով Թումոյի ոլորտների հետ՝ միաժամանակ ինքս եմ հմտանում այդ ոլորտներում։ Իմ կարծիքով՝ Թումոն շատ լավ հնարավորություն է ապագա սերունդներին ճիշտ զարգացնելու համար»։  

Արցախի մասին խոսող նկարների ու պատկերազարդումների գիրքը բաղկացած է լինելու 30-40 էջից։ Դիանան՝ որպես հեղինակ, նպատակ ունի ընդգծելու Արցախի անունը։ Ուստի իր գրքի համար ընտրել է․ «Անունս Արցախ է» վերնագիրը։

«Իմ գրքի գլխավոր հերոսը Արցախն է։ Ուզում եմ ցույց տալ Արցախի ժողովրդին, ում շնորհիվ պահպանվում է Արցախի ավանդույթները, կոլորիտն ու դրախտային  միջավայրը»։

Գրքի ստեղծման համար Դիանային տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ, ինչը ձեռք կբերվի Արցախի Բարձր տեխնոլոգիաների և  ռազմավարական պլանավորման կենտրոնի նախաձեռնած դրամահավաքի շնորհիվ։ Որոշակի գումար արդեն իսկ հավաքվել է: Այն ամբողջացնել կարող է մեզնից յուրաքանչյուրը՝ դեկտեմբերի 10-ին կայանալիք հեռուստամարաթոնի ժամանակ:  

Last modified on Շաբաթ, 11 Դեկտեմբերի 2021 12:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ