Հրանտ Դինքի մահից անցել է ուղիղ 16 տարի: Թուրք ազգայնականի կողմից սպանված պոլսահայ լրագրողի կյանքն ու մահը գլխիվայր է շրջել այդ երկրում միլիոնավոր մարդկանց պատկերացումներն ու հայացքները, ու թեև նրա սպանության գործով դատավարությունը 16 տարի անց էլ չի հասել հանգուցալուծման, սակայն ամեն տարի Դինքի սպանության վայրը գալ շարունակող հազարավոր հայեր, քրդեր, թուրքեր և այլոք՝ չեն մոռանում այդ օրվա խորհուրդը: Եփրատ. այսպես էին կոչել եդեմական գետի ձախ ափին սփռված, իր քաղցրագույն և արևահամ ծիրաններով հայտնի պատմական Մալաթիայում ապրող մի հայ ընտանիքի՝ 1954 թվականի սեպտեմբերին լույս աշխարհ եկած առաջնեկին: 1960-ին իր փոքր եղբայրների՝ Խոսրովի ու Երվանդի հետ մի ցուրտ ձմեռային օր նրանք միայնակ հայտնվեցին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի մանկատան դռների առջև: Պոլսո հայոց պատրիարք Շնորք Գալուստյանը, հոգեզավակ ընդունելով մալաթիացի տղային, Հրանտ անունն է տալիս նրան: Ավելի ուշ պատրիարքը նաև Հրանտի ծնողների փոխարեն նրա համար հարսանխոս է հասնում Մուշի լեռներ՝ ծպտյալ հայերի Վարդո տոհմից Ռաքել անունով հարսնացուի ձեռքը սիրելի հոգեզավակի համար խնդրելով:Հետագայում Թուրքիայում մնացած ծպտյալ քրիստոնյա և իսլամացված հայերի ոդիսականը, բիբլիական լեռան երկու հակառակ կողմերում իրար կորցրած ժողովրդի միջև նոր կամուրջներ գցելը Հրանտ Դինքի կյանքի ու գործունեության գլխավոր մեխը դարձավ:
«Եկեք բացի սպանվողներից ու սպանողներից մի քիչ էլ ապրողների մասին խոսենք: Այդպես է, 1915-ին մահացողների կողքին նաև ողջ մնացողներ եղան: Ի՞նչ եղան նրանք, նրանցից որքա՞նը դարձավ Սփյուռք, իսկ որքա՞նը կարողացավ Թուրքիայում մնալով՝ շարունակել իր կյանքը: Եվ եթե կարողացան շարունակել ապրել, ապա ի՞նչ պայմաններում: Բոլորը իսլամացվեցի՞ն: Հետագայում իրենց գավառներում ինչպիսի՞ կյանք վարեցին, և նրանց այսօրվա սերունդներն ինքնության ինչպիսի՞ գիտակցությամբ են ապրում: Նման հարցեր շոշափելով ինչո՞ւ չենք խոսում 1915-ի մասին: Մինչդեռ այս հողերը լեցուն են այդ փրկվածների թոռներով ու նույնիսկ թոռների թոռներով», գրել էր Դինքը թուրքական «Բիրգյուն» պարբերականի իր սյունակում դեռևս 2004-ին: Իր գլխավորած հայկական «Ակօս» շաբաթաթերթը Դինքը գաղափարակիցների հետ հիմնադրել էր դեռևս 1996-ին՝ առաջին անգամ պոլսահայ մամուլում լույս ընծայելով երկլեզու՝ հայերեն և թուրքերեն թերթը, որը գործում է մինչ օրս: Դինքը համոզված էր՝ մեր ապրածն ինքներս մեզ պատմելով որևէ հարց չենք լուծում, Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների մասին պիտի առաջինը տեղեկանա հենց թուրք ժողովուրդը, հետևաբար՝ նրանց հետ պիտի խոսենք հենց իրենց լեզվով:«Ամեն հայ իր կյանքով մի կենդանի փաստաթուղթ է», - ասում էր Դինքը՝ ի պատասխան թուրք քաղաքական գործիչների պնդումների, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավարար արխիվային փաստաթղթեր իբրև թե գոյություն չունեն: Ասում էր և շարունակում խոսել, ցուցադրել, լսելի դարձնել հենց Թուրքիայում ապրող այդ կենդանի օրինակներն իրենց ճակատագրերով:
«Ֆրանսիայում, Ամերիկայում, սենատներում, խորհրդարաններում ցեղասպանության ճանաչման համար քայլեր են առնվում և Թուրքիայում մեծ փոթորիկներ են պոռթկում այդ ժամանակ: Այդ ժամանակ մենք գրեցինք՝ այս հարցը պետք է խոսվի: Բայց հայերի և թուրքերի մեջ պետք է խոսվի, Թուրքիայի և ՀՀ միջև պետք է խոսվի: Ֆրանսիացիները կամ ամերիկացիները անցյալի իրականության մասին այսօր չէ, որ տեղեկացան, նոր չեն տեղեկանում: Իրենք անցյալում գիտեին ամբողջ իրականությունը, բայց մեր դժբախտությունն օգտագործեցին որպես դրամագլուխ և դեռ օգտագործում են: Ես այս մասին գրել եմ և հիմա էլ այստեղ բացեիցբաց ասում եմ՝ որպես հայ ես գիտեմ իմ պատմությունը, չեմ մոռանում, երբեք էլ չեմ մոռանա: Բայց չեմ էլ թողնի, որ դա ուրիշների կողմից միջազգային քաղաքականության մեջ որպես սեղանի ճաշ գործածվի: Թող իմ դատս, դատաստանս Աստծոն մնա, բայց այդ մարդիկ այլևս չօգտագործեն դա: Ես այդպես եմ մտածում», - ասել էր Դինքը տարիներ առաջ Սփյուռքում ունեցած իր ելույթներից մեկի ժամանակ:
Ստամբուլում Դինքի մահից հետո էլ հրատարակվել շարունակվող «Ակօս» հայկական շաբաթաթերթի առաջին թուրք լրագրող Սերդար Քորուջուն խոստովանում է՝ իր կյանքն էլ հենց այդ պահից փոխվեց. բազմաթիվ հոդվածներ, գրքեր ու հանդիպումներ գուցե այդպես էլ տեղի չունենային, եթե Թուրքիայում ապրած ու իր ձայնը մարդկանց հասցրած չլիներ Հրանտ Դինքը:
«Հրանտ Դինքի սպանությունն իմ սերնդի կյանքը փոխեց: Որովհետև 2000-ականների սկզբի Թուրքիայում, որն, իհարկե, շատ տարբեր էր այսօրվա Թուրքիայից, տեսանք, որ այո, կարող են նաև լրագրող սպանել: Դրան գումարած՝ փաստը, որ սպանության պատճառն այդ լրագրողի հայ լինելն էր, անշուշտ, բեկում մտցրեց, բեկումնային կետ դարձավ շատերիս համար: Իհարկե՝ այս ամենը կյանքս փոխեց: Սակայն երանի այս թեմաներով զբաղվելս նման սպանության դեպքով չսկսվեր: Իհարկե՝ շատ երիտասարդ էի այդ տարիներին: Սակայն, արդյոք, կկարողանայի՞ սկսել աշխատել այս թեմաների շուրջ եթե Դինքը չսպանվեր, անել դա պարզապես նրան լսելով: Չգիտեմ: Սակայն փաստը, որ հայկական թեմաներով զբաղվելուս մեկնարկային կետը Հրանտ Դինքի սպանությունն է, մի իրականություն է, որի հետ ինձ համար անձամբ մինչ օրս դժվար է առերեսվել»:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց խոսելով ու գրելով իրեն ամեն օր անհավանական ռիսկի ենթարկող թուրք լրագրողը հետևում է նաև հայաստանյան ու արցախյան իրադարձություններին, ասում է՝ բարդ է նայել, թե ինչպես է քաղաքականությունը մեկ վայրկյանում հօդս ցնդեցնում արժեքները, որոնք Դինքի պես նվիրյալները մարդկանց հասցնելու համար մի ամբողջ կյանք են տվել:
«Ինչպե՞ս պիտի վերքերն ամոքվեն՝ հավատա, չգիտեմ: Բայց մի բանում վստահ եմ՝ չնայած տեղի ունեցած ամենին, մենք շարունակելու ենք աշխատել: Ամենքս մեր ոլորտում շարունակելու ենք աշխատել և ստեղծել: Ես հավատում եմ խոսքի ուժին: Պետք է խոսենք: Երբ այս պատերազմն ավարտվի, կամ թեկուզ հենց պատերազմի ընթացքում, բոլոր իրավիճակներում պետք է խոսենք: Սա էլ կուզեմ, որ մարդիկ իմանան՝ այս կողմում Հայաստանում տեղի ունեցողին, ապրած ցավին անհաղորդ չմնացող, նրանց տեսնող, լսող, նրանց մասին իմացող մարդիկ կան: Ուզում եմ, որ Հայաստանում այս մասին իմանան ու չմոռանան: Չմոռանան, որ մինչև հիմա և հենց այսօր էլ հազարավոր մարդիկ դեռ շարունակելու են փողոցներում հայերեն վանկարկումններ անել, հազարավոր մարդիկ դեռ շարունակում են ասել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»:
Սփյուռքահայ լրագրող և հետազոտող Ավետիս Հաջյանը, ով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր քաղաքներում փնտրել ու գտել է ծպտյալ հայերի բազմաթիվ հոգեցունց պատմություններ, չգիտի՝ եթե Հրանտ Դինքը ողջ լիներ, արդյոք, նույն վստահությա՞մբ կխոսեր հայ-թուրքական երկխոսության ու խաղաղության հնարավորության մասին: Իր «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքում Հաջյանը բացահայտում է ցեղասպանությունից հետո ողջ մնացած ու բռնի իսլամացված հայերի երեխաների, թոռների ու ծոռների մերօրյա ապրումներն ու ինքնության ճգնաժամի ամենատարբեր դրսևորումները:
«Գալով իսլամացված հայերին և իրենց պատգամին հայության համար, հետևյալն է պատգամը՝ կարևոր է հողի վրա մնալ: Թեև մեզ կարող է թվալ, որ դա չնչին ներկայություն է, մանավանդ Եղեռնից հետո մի ափ հայեր, որոնք մնացել են Արևմտյան Հայաստանում: Թշնամի պետության կեցվածքը նրանց նկատմամբ, որ մինչև հիմա հալածանքի է ենթարկում այս հայերին, որ իսլամացված են, նշանակում է, որ թշնամի պետության կառավարությունը վախեցած է և մտահոգ է: Ինչո՞ւ մտահոգ է: Որովհետև ինքնությունն, ի վերջո, փոփոխական երևույթ է: Այս մարդիկ հիշատակը պահել են իրենց ակունքների: Մեկ երևույթ կա, որ անհերքելի է՝ պատմությունը փոփոխական է, դրա համար նրանց ներկայությունը կարևոր է, դրա համար կարևոր է ուսումնասիրել այս հարցը, կարևոր է ինչ-որ ձևով կապերը կենդանի պահել, որովհետև մենք չգիտենք, թե պատմությունը վաղը ինչ կբերի: Այսօր պատմության ընթացքը մեզ համար աննպաստ է, բայց չգիտենք, թե վաղը ինչ-ինչ ճանապարհներով ու աներևակայելի ուղիներով ուրիշ բնույթ կստանա պատմությունը հայության համար»:
Արդյոք, այսքան տարի անց Դինքի՝ թուրք ազգայնականի կրակոցով խլեցված ձայնը լսելի՞ է բոլորիս: Արդյոք, Դինքի մահից հետո նոր արհավիրքների միջով անցած հայ ժողովուրդը ունա՞կ է դինքյան համարձակությամբ հարցադրումներ դնել, պատասխաններ պահանջել, խոսել ու լսել: