Նոյեմբերի 22, 2024

Ընտանիքի 9-րդ փոքրիկը լացել չի հասցնում. նա 8 հանգստացնող ունի

By Անի Աբաղյան Հունվարի 31, 2023

6 օրական Էմիլը լացելու «բնական իրավունքից» զրկված է.  հենց ուզում է իր «բողոքն» արտահայտել,  տան մյուս անդամները շտապում են լռեցնել, հանգստացնել: 

«Էմիլ, սուս ըրա»: «Մամ, կաթ տո, թող խմե»: «Էմիլ, Էմիլ»: 

Խոսրովյանների  ընտանիքում 9-րդ երեխան է ծնվել. 50 սմ բոյ ու 3կգ 50գրամ քաշ ունեցող Էմիլն իր ժպիտով մեծ ու փոքրին ստիպում է ժպտալ, իսկ հակառակ դեպքում.... իսկ հակառակը Սվետլանան ու Ռոբերտը թույլ չեն տալիս: 

«Օզումա լաց ինի, թողում չում, հինչ ա իլալ»: 

Ծննդատնից դուրս գրվելու օրը հայրը, քույր, եղբայրները չեն կարողացել հարազատ Ճարտարից Ստեփանակերտ գալ. վառելիք չեն գտել: Արևիկը Ստեփանակերտում է դեռ, սպասում է բժշկի վերջին ցուցումներին, որից հետո տուն կգնան: Ընտանիքի 4 անդամը այստեղ է, 7-ը՝ Ճարտարում: Ամեն օր մի քանի անգամ զանգում են, հարցնում. «Էմիլը ու՞մ է նման, ի՞նչ է անում, ե՞րբ եք գալու»: 

«Դեռ փոքրիկը տուն չի գնացել, պապային ու բոլոր երեխաներին չի տեսել, իսկ իրեն նկարով են տեսել: Անընդհատ զանգում են երեխաները, հարցնում՝ Էմիլը ո՞նց ա, ե՞րբ եք գալու: Ասում եմ՝ քիչ մնաց, խելոք մնացեք, կգամ»:

 Տան 6 երեխաներին մի քանի օր է՝ հայրը՝ Էռնեստ Խոսրովյանն է խնամում, հաց պատրաստում, դպրոց ճանապարհում: 

«Ես այդ առումով ինձ հանգիստ եմ զգում, որովհետև գիտեմ, որ ամուսինս ճաշ կպատրաստի, ասում է, որ առավոտ ուղարկում եմ դպրոց, արագ ճաշը պատրաստում, որ երեխաները գան պատրաստ լինի: Արդեն ընթացքում էլ մեկը մեկին օգնելով տան գործերն ու դասերը հասցնում են»:

 Բազմազավակ ընտանիքը դեկտեմբերից 10 հոգով մեկ սենյակում է ապրում: Վառարանն ու սեղանը սենյակի կենտրոնում են, իսկ շուրջբոլորը` մահճակալներ: 

«Բոլորս մեկ սենյակում ենք, ուղղակի, որ բաղնիքից էլ ա մոտիկ, ասել եմ՝ լողացնեմ մինչև բարձրանան երկրորդ հարկ, կմրսեն ավելի լավ ա այստեղ լինենք: Երկու մահճակալին երեք աղջիկներս են քնում, երկուսին էլ տղաներն են չորսով, մեկ մեկ էլ Ռոբերտը իրենց հետ, հինգով քնում են, մյուս կողմում էլ ես ու ամուսինս ենք»:

 Բազմազավակ ընտանիքի մոր առօրյան միայն ներկայացնելիս «երկու երեխա ունեցող մայրերի մեջքը սկսում է ցավել»՝ կատակում է Արևիկը: Առավոտյան 7:30-ից «վերկացի» ժամն է. մինչև վեց դպրոցականներին համոզում է, բարձից ու անկողնուց «պոկում», ահագին ժամանակ է անցնում, բոլորի թեյերը հերթով շաքարավազ լցնում, ընթացքում կամաց գոռալով նրանց լոգարան ուղարկում, ստիպում նախաճաշել ու վերջում դպրոց վազել, բայց դա ամենևին էլ վերջը չէ: 5-ամյա Ռոբերտն ու 2 տարեկան Սվետլանան, հիմա նաև 6 օրական Էմիլը մայրիկին են սպասում. նրանք նույնպես ուզում են խաղալ, ուտել, ինչու չէ՝ լացել: Ինչպե՞ս է հասցնում: 

«Ամենաքիչը երկու անգամ հաց եմ եփում, մեկը ջրիկ, մյուսը չոր, կարևորը երեխաներս սոված չեն լինում: Տունը մինչև վերևից ներքև սրբում եմ մեջքս բռնվում է, բայց, ոչինչ, չեմ նեղվում»:

 Արևիկը 30 տարեկան է, ամուսինը՝ Էռնեստը՝ 34: Երիտասարդ ծնողներին ուժ տվողը 9-ը զավակներն են: Նրանց կյանքի պատմությունը ճամփորդության է նման: Շուշիում ամուսնացել են, 4 երեխա ունենալուց հետո տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղ, անասնաբուծությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվել, ապահով ապրել մինչև 2020 թվականի պատերազմը: Հիմա պետության աջակցությամբ Ճարտար քաղաքում երկհարկանի տուն են ստացել, փորձում են այդ տան պատերին հարմարվել: Հերիկի լեփ-լեցուն տնից, ինչպես Արևիկն է ասում, մեկ ֆորդ ապրանք են տեղափոխել: 

«Փոքրիկ ֆորդով տեղափոխել ենք երեխաների տեղաշորը, որ ես էի կապել, մի քանի պահածո, երեխաների դպրոցական հագուստը, որ նոր էինք գնել, մեկ էլ գրքերը՝ ամենակարևորը»: 

Նոր պայմաններին հարմարվելը,  իրենց ունեցածի հետ համեմատելով ապրելն ավելի բարդ է, քան արդեն ինը երեխաներին մեծացնելը՝ ասում է փորձառու մայրիկը: Երկու տարեկան Սվետլանայի խնդիրն էլ պակաս դժվար չէ. ամբողջ օրը մտածում է՝ ինչու Էմիլը չի խոսում:  

«Պիտի քնի, արթնանա՞, որ խոսի»: «Հա, բալաս, պիտի քնի, մեծանա, որ խոսի»: 

11 հոգանոց ընտանիքում, երբ երեխան է լացում, մայրն ու հայրն են հանգստացնում,  ծիծաղեցնում: Իսկ երբ ծնողներն են փորձում նեղսրտվել, փոքրիկներն են՝ մեկը՝ երգելով, մեկն՝ արտասանելով, կամ պարզապես կանչելով ուրախացնում նրանց: Երեխաները, որոնցից մեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 օրական, Խոսրովյանների զարթուցիչն են, կարգին հաղորդումը, հնդակական սերիալներն ու իրական կյանքը, որ թույլ չեն տալիս ծնողներին հասկանալ՝ 07:30-ը վերկացի՞, թե՞ քնելու ժամն է:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 31 Հունվարի 2023 17:26
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ