Շրջափակված 60 օրերին Արցախում ծնված երեխաներից է մեկ ամսական Լևոնը: Տան երկրորդ բալիկն է: Մայրը՝ Նարինե Գրիգորյանը, հիշում է առաջնեկի՝ հիվանդանոցից դուրսգրման օրն ու համեմատում. Լուիզային տուն տանելու օրը ծննդատան բակը հարազատներով էր լցված, ծաղիկներով, փուչիկներով, իսկ Լևոնի դուրսգրումը հարկադրված համեստությամբ էր համեմված. մեկ տոպրակ մանդարին, այն էլ՝ ռուս խաղաղապահների նվիրած:
«Եթե սովորական պայմաններում լինեինք, կկենտրոնանայի ավելի շատ տոնական դուրսգրման վրա, բայց գիտակցում էի՝ ինչ իրավիճակում ենք, ծաղիկ գտնելը անհնար է, բացի դրանից տրամադրություն էլ չկար: Միակ նպատակս շուտ տուն հասնելն էր»:
Փոքրիկ Լևոնը ծնվել է շրջափակման 29-րդ օրը՝ այն ժամանակ, երբ «հարևանը» որոշել էր կրկին խափանել Արցախի գազամատակարարումն ու թույլ չէր տալիս կարգավորել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում առաջացած խնդիրը, որն էլ հանրապետությունում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառ է դարձել: Այս իրավիճակը ավելի էր դժվարացնում շրջափակման առանց այդ էլ բարդ պայմանները:
«Շրջափակման պայմաններում ծննդաբերելու վատ կողմերից մեկն այն էր, որ լույսերը անջատում էին, ու երբ ժամերով լույս չէր լինում, գեներատորներ էին միացնում, որի հոտից անընդհատ հազում էի, իսկ ես կեսարյան հատումով եմ երեխային ծննդաբերել ու հազելուց ցավեր էի ունենում: Շնչահեղձության նման էր, կարծես, դուրս էի գալիս, որ մի փոքր մաքուր օդ շնչեմ ու վերադառնամ հիվանդասենյակ»
:Ծնողները նախօրոք հասցրել էին գնումներ կատարել ու պահեստավորել կաթնախառնուրդ, տակդիր ու դեղորայք: Լևոնը կրծքով կերակրվելով չի կշտանում, նաև կաթնախառնուրդ է ուտում, բայց Նարինեն ձգտում է կաթնախառնուրդ քիչ տալ, որ եղածը բավարարի մինչև...... մինչև մտածելու կարիք այլևս չլինի:
«Կրծքով կերակրման դեպքում մայրիկը պետք է լավ սնվի, վիտամիններով հարուստ սնունդ ուտի: Դե, մեր օրերում մի քիչ դժվար է սնունդի հետ կապված հարցը, բայց այս երկու օրը քաղաքի խանութները միրգ-բանջարեղեն են ստացել. ի՞նչ բանջարեղեն, միայն գազար: Բացի դրանից ձմեռ է, դա էլ իր հերթին է խանգարում»:
Հիմա տունը հնարավորինս հարմարեցված է ստեղծված պայմաններին. երբ լույս չի լինում, գազի վառարանով են տաքանում, երբ գազ չի լինում՝ էլեկտրական տաքացուցիչով, իսկ երբ երկուսն էլ միասին անջատում են, օգնության են հասնում տաք հագուստն ու ծածկոցները:
«Քանի որ բնակարանը փոքր է, էն ժամանակահատվածը, երբ լույս ու գազ չի լինում, որոշ ժամանակ տաքությունը պահպանվում է հատկապես ննջասենյակում: Դրա համար երեխաներին տանում եմ ննջասենյակ, որ չմրսեն: Բլոկադայի պատճառով գազի վառարան էլ տեղադրեցինք բնակարանում, բայց պլաններում չկար, մտածում էինք՝ էլեկտրաէներգիան միշտ էլ կլինի ու էլեկտրական սարքերով կտաքացնենք բնակարանը: Շրջափակման պատճառով նաև էլեկտրական ջրատաքացուցիչ տեղադրեցինք: Այսինքն՝ ամեն կերպ փորձում ենք հարմարեցնել մեր պայմանները, որ խնդիր չլինի թե՛ տաք ջրի, թե՛ մնացածի առումով»:
Երեխաներն էլ դեռ չեն հասկանում՝ ինչու մայրիկն ու հայրիկը անհանգստացած են. միայն տեսնում են տանը կատարվող փոփոխությունները: Մեկ տարեկան Լուիզան նորածին եղբոր հետ չի կարողանում խաղալ, դեռ միայն նայում է, իսկ հարմար պահին՝ «մայրիկի աչքից հեռու», օրորում մանկասայլակը: Տան հյուրերին ցույց է տալիս խաղալիքները, «պատմում» սիրելի քույրիկի՝ Մարիամի մասին, իսկ քթի տակ տատի-պապի է երգում:
«Հըսե հաֆիկը, հըսե կուկուն: Լյավաաա կուկուն, հըսեեե կուկուն»: «Տատի, տատի, պապի, պապի: Մարիամը, Մարիամը»:«Յոթ երգ ունի, յոթն էլ՝ Մարիամի մասին»:
Լուիզան վերջին շրջանում զարմիկից, որ եվրատեսիլյան միջոցառումներին մասնակցելուց հետո միայն մեկ ամիս անց է կարողացել տուն վերադառնալ, բանան էր «նվեր» ստացել: Մայրիկը պատմում է, որ չնայած Լուիզան այդքան էլ չէր սիրում բանանը, այդ մեկը՝«հավեսով կերավ»:
Այս օրերին, եթե շուկայում եղած միրգ-բանջարեղենը հասնում են տուն, ապա միայն ժամերով հերթ կանգնելու շնորհիվ: Նոր ծննդաբերած մայրիկների համար հերթ կանգնելը գրեթե անհնար է: Նարինեն այդ և մյուս հարցերում օգնական ունի՝ մայրը: 65-ամյա Դոնարան 90-ական թվականներին, երբ ինքն աղջկա տարիքին էր, շատ ավելի դժվար խնդիրներ է հաղթահարել:
«Մայրս մեզ սովորեցրել էր խմոր հունցելը, հաց թխելը, այդ ժամանակ ես վեց տարեկան էի, քույրս՝ տասներկու»:«Խմոր էին պատրաստում, կտրում, մակարոնեղեն պատրաստում, ամանների մեջ թողնում, որ չորանա: Այդ ժամանակ էլ ես էի իրենց տարիքին երեք երեխայի հետ, հիմա էլ նույն բաներն են կատարվում, որ անցյալում են մնալու, մենակ թե թուրքերին չտան. իրենց հետ ապրելը սարսափելի է: Իմ պապական տունը գերեզմանոցի թաղերում է: Մեկը հայի տուն էր, մեկը՝ թուրքի, և իրենց հետ ապրելը անհնար է»:
Ընտրել ենք Արցախում ապրելու տարբերակը, ուրեմն պետք է գիտակցենք, որ սա էլ անցողիկ է՝ ասում են զրուցակիցներս ու մտքում պլանավորում սպասվող գործերը, նաև՝ բարձրաձայնում. «բոստան կանինք, կընընչեղան վարինք, ծառերին էլ «լավ» եշինք, մեր տանը տըռանը ապրինք՝ էլ մըզ հինչ ա պետք»: Իսկ փոքրիկ Լևոնն ու շրջափակման օրերին լույս աշխարհ եկած մյուս երեխաններն իրենց ծնունդով միայն հաստատում են արցախցու այս պատրաստակամությունը: