Նոյեմբերի 21, 2024

Տրանսպորտային խնդիրներ․ լիազոր մարմինը կարագավորումներ է մտցնում

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 14, 2023

Վառելիքի սղության պատճառով անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը դրանք շահագործել չեն կարողանում, գրեթե չեն մատուցվում տաքսի ծառայություններ, ուղևորափոխադրման ամբողջ ծանրությունն ընկել է հանրային տրանսպորտի վրա։    Արդեն ոչ այնքան թարմ ավտոպարկը, որ նույնիսկ մինչև շրջափակումը մայրաքաղաքի պահանջարկը չէր բավարարում, հիմա ավելի ծանրաբեռնված է աշխատում՝ հարուցելով մարդկանց դժգոհությունները։  Հանրային տրանսպորտ երեկոյան 20։00-ից հետո քաղաքի փողոցներում չես հանդիպի, չես հանդիպի նաև կիսադատարկ ավտոբուսներ նույնիսկ ոչ պիկ ժամերին։ Շրջափակման առաջին օրերին, երբ գազամատակարարաման հետ կապված խնդիրներ կային, ներքաղաքային հանրային տրանսպորտի թիվը լիազորված մարմինը ստիպված եղավ կրճատել մինչև 40 տոկոս՝ ասում է Ստեփանակերտի քաղաքապետարանի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը։ Կարգավորումների արդյունքում այն ավելացվեց, հասնելով մինչև 60, ապա 85 տոկոսի։ Մինչև երեկ երեկոյան սահմանափակումներ կային աշխատաքային օրվա ավարտի հետ կապված։

«Ներկա դրությամբ ներքաղաքային կանոնավոր երթուղիներում խնդիրը հիմնականում աշխատանքի ավարտի հետ է կապված։ Հարցը քննարկվում է լիազոր մարմնի հետ, որպեսզի փորձենք այն երկարաձգել մինչև 21։00  կամ 22։00-ն։ Ներքաղաքային կանոնավոր երթուղիներում հաշվի առնելով գազաբալոնային համակարգով սնուցվող շարժակազմը, խնդիր է առաջացել 15 և 18 համարի երթուղիների հետ։ Մնացածները շահագործվում են դիզելային շարժիչներով»։

Էդգար Ավանեսյանն ասում է, որ Ստեփանակերտում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողները նորմալ աշխատում են, գրաֆիկն առանձնապես չի փոխվել։ Իսկ գանգատները, որ կան տրանսպորտի ոլորտում,  զրուցակիցս  բնական է համարում, քանի որ վառելիքի խնայողության անհրաժեշտություն է առաջացել, ինչի պատճառով շահագործվող հանրային տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված։ Խնդիրները նույնն են նաև ներհանրապետական երթուղիները սպասարկող ուղևորափոխադրումների մասով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Հարութ Ալեքսանյանը խնդրի պատճառներն ու ներկա փուլում լուծման հնարավոր տարբերակներն է ներկայացնում։

«Հաշվի առնելով, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը, չեն աշխատում գազալցակայանները։ Այդ պատճառով  նախորդ շաբաթ՝ փետրվարի 6-10-ը, չեն սպասարկվել մի շարք երթուղիներ։ Այդ թվում՝ Աշան-Ստեփանակերտ,Վանք-Ստեփանակերտ, Պատարա-Ստեփանակերտ, Նախիջևանիկ-Ստեփանակերտ ուղղություններով, որտեղ ընդգրկված են գազով շահագործվող տրանսպորտային միջոցներ»։

Լիազոր մարմինը հայտ է ներկայացրել համապատասխան մարմին՝ բենզին տրամադրելու համար, և հիմա, բնականոն ռեժիմով ուղևորափոխադրումներ իրականացվում են բոլոր ուղղություններով՝ ասում է։ Ինչ վերաբերում է տաքսի ծառայություններին, որոնց աշխատանքը նույնպես համակարգում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, այս մասին Հարութ Ալեքսանյանը մասնավորապես ասաց․

«Հաշվի առնելով բենզին  տրամադրող լցակայաններում առաջացած հերթերը՝ բնականոն աշխատանքի չեն անցնում տաքսի-ծառայությունները։ Սակայն առաջիկա օրերին այդ ծառայության աշխատանքը կկարգավորվի։ Կտրոնային համակարգ է ներդրվել, իսկ այն տաքսիները, որոնց վրա տույժ-տուգանքներ կան, նրանց չի տրամադրվում կտրոն։ Փորձում ենք կարգավորել»։

Հանրային տրանսպորտի ոլորտի լիազոր մարմիններն ասում են, որ տրանսպորտային շարժակազմը հանրապետության տարածքում այսօրվա դրությամբ աշխատում է բնականոն ռեժիմով։ Այդ թվում և մայրաքաղաքի ծայրամասերն ու համայնքները սպասարկող երթուղիները։ Բայց փաստ է նաև այն, որ Արցախի հանրային ռադիոյի երկու աշխատակիցների չի հաջողվել այսօր աշխատանքի ներկայանալ Իվանյան համայնքից․ գերծանրաբեռնված ավտոբուսն ուղղակի չի կանգնել կանգառում, իսկ մյուսը երկու օր է՝ գիշերում է Ստեփանակերտում, բարեկամի տան, քանի որ աշխատանքն ավարտում է 18-ն անց և Աջափնյակում գտնվող իր տունը վերադառնալ չի կարողանում՝ այդ ժամին տրանսպորտի բացակայության պատճառով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ