Նոյեմբերի 22, 2024

Դասերը վերսկսվել են ավանդական ձևաչափով

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 13, 2021
Դասերը վերսկսվել են ավանդական ձևաչափով Azat TV

Երեխաները նորից դպրոցում են։ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցի միջանցքներում մոտ մեկ ամիս տևած անսովոր լռությունից հետո վերջապես աշխուժություն է տիրում։  Փորձեցինք պարզել, արդյոք, երեխաները կիսում են իրենց ծնողների ուրախությունը։ 4-րդ գ դասարան մտա․ հարցին թե ուրախ են դասերն առկա ձևաչափով վերսկսելուն, երեխաները պատասխանում են․ 

«Ինձ համար շատ լավ է, որ սկսվել են դասերը, այսպես բոլորս միասին ենք․․․ անխելք չենք մեռնելու․․․։ Այսպես մենք շատ ենք սովորում, և դա մեզ օգնելու է, երբ մեծանանք անգրագետ չլինենք։ Շատ վատ էր, որ դպրոց չկար, իհարկե կորոնավիրուսը վտանգավոր է, բայց շատ վատ է լինում, որ ամբողջ օրը տանն ես լինում։ Օրինակ՝ դպրոցում դասամիջոցներին միշտ շփվում էինք իրար հետ, խաղում էինք»։ 

Դպրոցի ամենափոքրերն էլ են ուրախ դասապարապմունքների վերսկսման համար։ Առաջին դասարանցի Գիսանեն ասում է, որ տանը ոչ մի բան չէր անում, ոգևորությամբ է ընդունել այն լուրը, որ այսուհետ դպրոց են հաճախելու։ 

«Ես ուրախ եմ, որ դպրոցները բացվել են, այստեղ մենք կրթություն ենք ստանում, ինչ-որ բան ենք սովորում, իսկ տանը ոչ մի բան չենք անում, միշտ նստած ենք լինում»։ 

Դպրոցն ունի 1000-ից ավելի աշակերտ։ Դասապարապմունքները վերսկսելու առաջին օրն է․ գրեթե  բոլոր երեխաները եկել են դասի։ Դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն դասարանից բացակա են ամենաշատը 1-2 երեխա։ Տնօրենը դեմ է հեռավար դասապարապմունքների ձևաչափին, ասում է՝ չնայած այն իրավիճակից դուրս գալու ամենաարդյունավետ ձևն է, բայց, այնուամենայնիվ, ավանդական պարապմունքներին փոխարինել չի կարող։ 

«Թող զարգանան տեխնոլոգիաները, առաջ նայենք, բայց միևնույն է ես գտնում եմ, որ ուսուցիչ-աշակերտ, դաս-դասարանցի համակարգը պետք է մնա, կենդանի խոսքը ոչնչի հետ փոխարինել չի կարելի։ Մենք աշակերտի աչքերում, հայացքում ուսում ենք տեսնում,այն, ինչ չես կարող տեսնել հեռավար դասապարապմունքներին»։ 

Դասապրոցեսների վերսկսման առթիվ ոգևորությունը միայն աշակերտների մոտ չէ, ոգևորված են նաև ուսուցիչները։ Կրթօջախի տարրական դասարանների ուսուցչուհի Լիլիթ Գասպարյանն ուրախ է․ ասում է՝ չնայած մեծ ջանքերին՝ օնլայն դասապարապմունքները քիչ արդյունավետ էին։ 

«Ողջունելի է, որ ուսումնական պրոցեսը նորից սկսել ենք։ Երեխաները շատ-շատ են կարոտել իրար, շփումը շատ մեծ նշանակություն ունի նրանց համար։ Դպրոցում ստացած գիտելիքները չես փոխարինի ոչ մի բանով։ Այսօր նորից հայտարարեցին, որ պարապմունքները պետք է շարունակենք դասարանների կիսման եղանակով։ Երեխաները ցավով ընդունեցին փաստը։ Խմբերով գալն էլ իր դժվարություններն ունի, բայց առավելությունն այն է, որ երեխաները քիչ են լինում, և նյութը ընկալելի դարձնելը ավելի հեշտ է»։ 

Դպրոցի տնօրենի և ուսուցչուհու հետ զրույցում պարզել ենք, որ զանգել և հրահանգել են՝ դասերը հաջորդ օրվանից շարունակել դասարանների կիսման եղանակով։ Հրամանի մանրամասները փորձել ենք ճշտել ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Պարզվում է՝ նախարարությունը հրամանի մասին իմացել է ծնողների զանգերից, մեր զանգի պահին Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը գտնվել է Կառավարությունում՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ