Նոյեմբերի 21, 2024

Հրադադարի խախտումներ, խորհրդակցություն Ադրբեջանի ՊՆ-ում․ ի՞նչ զարգացումների սպասել

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 11, 2023

Հրադադարի խախտումների կամ խախտումների մասին ապատաղեկատվությունների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ տալով մի շարք հանձնարարականներ։ Արդյո՞ք Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար, և ի?նչ զարգացումների սպասել առաջիկայում։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական միջոցները ցանկացած սադրանք կանխելու համար։ Մինչդեռ, Ադրբեջանը հենց ինքն է դիմում սադրանքների։ Երեկ գիշերը ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Եվ այսպես արդեն մի քանի օր։
Ադրբեջանի վարած քաղաքականությունն Արցախի և Հայաստանի նկատմամբ տարբեր է՝ ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Արցախի դեպքում Ադրբեջանը վարում է ահաբեկման, հոգեբանական պատերազմ, իսկ Հայաստանի նկատմամբ իսկապես ագրեսիվ ռազմական քաղաքականություն՝ ասում է փորձագետը։


«Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ հետևյալն է՝ արցախցիներին շրջափակման մեջ վերցնելով՝ փորձ է կատարում արցախցիներից կամավորության սկզբունքով կորզել համաձայնություն, որ պետք է ապրեն Ադրբեջանի կազմում։ Սակայն, չհասնելով դրան, ինքն ավելի է փորձում սեղմել օղակը՝ ստեղծելով իմիտացիա, իբր արցախի բնակչության անվտանգության հարց է դրված։ Եվ հենց այդ ահաբեկումով, հոգեբանական պատերազմի միջոցով փորձում է կորզել Ադրբեջանի կազմում ապրելու համաձայնությունը»։


Սրա վառ ապացույցը նաև այն է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմից դաշտ են նետվում տարբեր ապատեղեկատվություններ՝ ասում է ռազմական փորձագետը։ Նման մի օրինակ տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվել՝ իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Լուրը «Արցախ» լրատվականի հետ զրույցում հերքել է ՊՆ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։


«Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»։


Ցավալի է, որ չճշտված տեղեկատվությունները միշտ հայտնվում են մեր տիրույթում, երբ առանց այն էլ լարված իրավիճակում ենք՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բայց սա պատճառ ունի․ Հայաստանում և Արցախում մինչ այսօր մշակված չէ  տեղեկատվական ճիշտ քաղաքականություն՝ ասում է քաղաքագետը։


«Որպեսզի սա կանխվի, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է անկեղծ ու բաց լինեն հասարակության հետ և ներկայացնեն ոչ միայն ընթացիկ իրավիճակը, այլ նաև պատասխանեն մարդկանց հուզող այլ հարցերին։ Օրինակ՝ Ադրբեջանը կոնկրետ ինչ ուլտիմատումներ է ներկայացրել։ Վերջին ամենաթարմ օրինակը բերեմ՝ եթե մարտի 5-ին չլիներ Ադրբեջանի այդ ահաբեկչությունը, գուցե մենք այդպես էլ չիմանայինք, որ Ադրբեջանը դեռևս մարտի 1-ին ինչ-որ խողովակներով Արցախի իշխանությանը փոխանցել է ուլտիմատում»։


Վերջին շրջանում Ադրբեջանը դաշտ է նետել նոր պատճառաբանություն՝ իր սադրանքները արդարացնելու համար։ Այն է՝ Հայաստանից Արցախ զենք-զինամթերքի և կենդանի ուժի տեղափոխում, որը, սակայն, հերքվել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել ՀՀ դեմ հնարավոր հարձակումը՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Միևնույն ժամանակ այստեղ հարվածի տակ է դրվում ռուս խաղաղապահների գործունեությունը։


«Եթե արանքում կան ռուս խաղաղապահներ, ապա այդ ինչպես է ստացվում, որ ՀՀ-ը զենք-զինամթերք է մատակարարում։ Նշանակում է, ըստ իրենց, որ ռուս խաղաղապահները գործակցում են Հայաստանի հետ, որպեսզի զենք տեղափոխեն։ Այսպիսով՝ ռուս խաղաղապահներն են հայտնվում հարվածի տակ։ Այսինքն՝ այս հայտարարությամբ Ադրբեջանը մեկ կրակոցավ երկու նապաստակի է փորձում խփել»։


Ռազմական փորձագետը առաջիկայում քիչ հավանական է համարում ռազմական էսկալացիան։ Պատճառները մի քանիսն են․ վերջին 2-3 տարում աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումներ են եղել և տարածաշրջային պետություններից կան այլ ակնկալիքներ։ Ինչպես նաև Ադրբեջանի «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, կանգնած է  տնտեսական մեծ կորուստների և ներքին քաղաքական խնդիրների առջև։ Բայց, դիտարկելով  ռազմական հավանական գործողությունները, ռազմական փորձագետը նշում է, որ Ադրբեջանը, եթե դիմի էլ նման արկածախնդրության, չի ունենա այն հաջողությունները, որ արձանագրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ հետևանքները անցանկալի կլինեն ոչ միայն Հայաստանի համար։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 11 Մարտի 2023 13:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ