Նախաձեռնության հեղինակը մեզ հետ զրույցում նման նախաձեռնությամբ հանդես գալու նպատակների և ակնկալիքների մասին է խոսել․
«Այդ կերպ արցախցի մայրերը հիշեցնում էին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, դա նշանակում է, որ ցրտաշունչ ձմռանը Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխաներ զրկված են կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքներից»,-ասում է Քրիստին Բալայանը։ Թե ինչն է եղել շարժառիթը նման քայլի դիմելու, Քրիստին Բալայանը պարզաբանում է․ մտահղացումը նոր չէր, անցած տարվա մարտից, երբ առաջին անգամ Ադրբեջանի կողմից խոչընդոտվեց Արցախի գազամատակարարումը, տասնյակ նամակներ են հղել տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների ու պետական գործիչների։
«Երբ անցյալ տարի, գազամատակարարումն անջատվեց, մենք ակտիվ կանանցով նամակներ էինք գրում, դիմում տարբեր ատյանների, փորձում էինք մեր ձայնը հասցնել աշխարհին, առաջին հերթին այն դժվարությունները, որ կրում են մեր երեխաներն ու կանայք»։
Թիմը սկսեց միասին աշխատել։ Արցախում տեղի ունեցող զարգացումները շատ հարցեր էին ծնում, որոնց մասին պետք էր բարձրաձայնել։ Նրանք մարդիկ են, որ ապրում կամ չեն ապրում Արցախում, բայց անտարբեր չեն Արցախի ու արցախցիների ճակատագրի հանդեպ, ուզում են, որ պաշտպանվեն այստեղ ապրողների իրավունքներն ու անվտանգությունը։ ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Վիկտորինին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին արցախցի մայրերը խնդրում էին կանգնեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող տեռորը, թույլ չտալ նրան գերի պահել 30 հազար հայ երեխաներին ու չդառնալ Ադրբեջանի հանցակիցը: Մայրերը համոզմունք են հայտնել, որ նամակի հասցեատերերը վեր կդասեն հումանիստական բարձր արժեքները պահի քաղաքական շահերից և գործի դնելով ազդեցության լծակները, կօժանդակեն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելուն: Դա այն ժամանակ էր, երբ այստեղ դադարեցված էր գազամատակարարումը, իսկ ԵՄ-ն գազային նոր պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ՝ ասում է զրուցակիցս։
«Մինչ այդ նրանք պայմանգիր կնքեցին Ադրբեջանի հետ, գազամատակարարման հարցով, այդ ժամանակ մենք գազ չունեինք, և ուզում էինք ասել, որ եթե եվրոպացիների համար կարևոր է գազով ապահովելը, ապա այստեղ էլ դա շատ կարևոր է, մեր երեխաների համար, որոնց ձեր հավատարիմ գործընկեր Ալիևը զրկել է իրավունքներից, ծերերը խնդիրներ են ունենում, ճանապարհը փակ է, ենթակառուցվածքները չեն գործում»։
Նախաձեռնությանն արձագանքել են հարյուր հազարավորներ։ Այն ստորագրել է ավելի քան 95 000 մարդ։ Հայ կանայք ստացել են նամակի պատասխանը․ դա ինչ խոսք, դրական արդյունք է՝ ասում է Քրիստին Բալայանը, պարզաբանելով, որ մինչ այդ տասնյակի հասնող նամակներ են գրել տարբեր կառույցների ու գործիչների, որոնք անարձագանք են մնացել։ Բայց պատասխանն ինքնին չի կարող բավարարել նամակի գրեթե 100 հազար ստորագրության հեղինակներին ու արդեն 120 օր շրջափակման մեջ գտնվող 120 000 մարդու։
«Նամակում գրված է այն մասին, որ իրենք տեղյակ են խնդիրներին, մտահոգված են և աշխատում են ՀՀ և Ադրբեջանի հետ, որպեսզի իրավիճակը շտկվի։ Բայց տեսնում ենք, որ նույնիսկ ԵՄԴ որոշումը Ադրբեջանը անտեսում է»։
Տաթևիկ Խաչատրյանը, ով «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան էջի համակարգողն է, նույնպես միացել է նախաձեռնությանը։ Նա երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով նպաստում են Արցախի խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը, բայց այդ ջանքերը նա ևս բավարար չի համարում։
«Ներդրված ջանքերը բավարար չեն, տնտեսական շահերը ժամանակակից աշխարհում վեր են դասվում մարդու իրավունքերից ու արժեքներից։Բայց եթե պայմանվորվել ենք, որ ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, պետք է քաղաքակիրթ ձևով լուծվեն խնդիրները»։
Անպատժելիությունը սանձազերծում է Ադրբեջանին՝ նրան մղելով նորանոր հանցագործությունների ու ցեղասպանական գործողությունների․ առայսօր չի կատարվում անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացման պահանջով։ Քրիստին Բալայանն ասում է՝ Արցախի կանայք, որ այստեղ, այսքան դժվարություններ հաղթահարելով երեխաներ են մեծացնում, պահանջներ ունեն և սեփական իշխանություններից, և ռուս խաղաղապահ զորակազմից, նաև մեր հանրությունից։ Պահանջում են, որ բոլոր ճակատներում ակտիվություն լինի։
«Այս վիճակում երկար հնարավոր չէ ապրել, մենք այո, դիմանում ենք դժվարություններին, բայց մենք պետք է մեր խնդիրների մասին բարձրաձայնենք։ Մենք դիմում ենք մեր կառավարությանը, հանրությանը, որ ակտիվ լինեն ավելի, դիմում ենք Ռուս խաղաղապահներն, ոոր կատարեն իրենց պարտականությունները»։
Հանրային փոքր նախաձեռնություններով գուցե հնարավոր չէ մեծ արդյունք գրանցել՝ ասում է Տաթևիկ Խաչատրյանը, բայց դրանք անհրաժեշտություն են․ հանրությունը պիտի ակտիվ լինի, փորձի իր ձայնը հասանելի դարձնել աշխարհին։ Հենց այդ համոզմունքով է Տաթևիկ Խաչատրյանը համախոհների հետ համահեղինակել ապրիլի 7-ին տեղի ունեցած՝ հայ կանանց խաղաղ ակցիան՝ երթի տեսքով։
«Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ ակցիան ևս դրան էր ուղղված։ Մենք չենք կարծում, որ ինչ որ գործողություններով կարող է մեծ արդյունքի հասնեք, բայց պետք է ակտիվ լինել ու մեր ձայնը հասանելի դարձնել աշխարհին։ Եվ Ֆոն Լայենին ուղղված մեր նամակը նաև այն մասին էր, որ ինչ կզգար ինքը, եթե իր բալիկների հետ ապրեր այստեղ՝ Արցախում»։
Ֆոն Դեր Լայենի պատասխանից հասկացվում է, որ ինքը, գուցե, մարդկայնորեն հասկանում է արցախցիներին՝ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս համարելով տեղացի բնակչության համար։ Առայժմ սակայն եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում և՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիրքորոշումը մտահոգություններից այն կողմ չի անցնում՝ հուսախաբ անելով Արցախի երեխաների ճակատագրով մտահոգ կանանց այն հարցում, թե հումանիստական բարձր արժեքները կարող են վեր դասվել պահի քաղաքական շահերից։