Նոյեմբերի 24, 2024

Տեղեկատվական զենք կամ ժողովրդի հետ խոսելու ճիշտ պահը

By Սրբուհի Վանյան Ապրիլի 14, 2023

2020 թվականի պատերազմից հետո Արցախում ապրողներս հայտնվել ենք բավական բարդ և ծանր իրավիճակում․ քաղաքական խաղերի, ազատ խոսքի-ժողովրդավարության ու ռազմական դրության, շրջափակման ու դրանից բխող ճգնաժամի, միջազգային իրավունքի ու ցեղասպանության ենթարկվելու վտանգի՝ սեփական իշխանությունների կողմից ահազանգման, Արցախյան կարգավորման տապալման, պատերազմում պարտության ու ստեղծված իրավիճակի պատասխանատվության՝ ներկա ու գործող իշխանությունների իրար վրա բարդելու փորձերի ու փոխադարձ մեղադրանքների փոխհրաձգության և տեղեկատվական պատերազմ ասվածի խճճված խաչմերուկում։  Հանրությունը փորձում է պարզել ճշմարտությունը իմանալու համար, թե ինչպես պիտի ապրի այսուհետ և հաճախ պահանջում է, որ իր հետ ազնիվ ու անկեղծ խոսեն։ Պե՞տք է արդյոք ժողովրդի հետ անկեղծ խոսել, հատկապես եթե այդ գործընթացները վերաբերում են իրեն և դրանց հետևանքները կրում է հենց ինքը՝ ժողովուրդը։ 

«Պետք է տարանջատել խաղաղ ու արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանը՝ տեղեկատվության շրջանառման ենթատեքստում։ Պետք է հաշվի առնել, որ կա նաև պետական գաղտնիության տեղեկատվություն, որով հաճախ պետական գործիչները կաշկանդված են լինում։ Բայց բոլոր դեպքերում, տեղեկացված ես, ուրեմն զինված ես․ հանրությունը ինչ որ չափով պետք է իրազեկ լինի․ մենք չենք կարող ասել, թե իքս ժամանակ առաջ ինչ է թաքցվել ժողովրդից, կամ ասվել սխալ, կամ՝ ապակողմնորոշել․ դա դժվար է  ասել, քանի որ չենք տիրապետում այդ տվյալներին»։

 Ներկա փուլում, երբ Արցախն անվտանգային խիստ ընդգծված խնդիրներ ունի, տեղեկատվության սահմանափակումներն օրինաչափ և անգամ անհրաժեշտ են՝ ասում է։ Հանրության կամ ավելի ճիշտ հանրությունը ներկայացնող շերտերի հետ անկեղծ խոսելու ժամանակներ գուցե եղել են․ կարևոր է, որ խոսելու պահերն էլ ճիշտ ընտրվեն։ Իսկ հանրության հետ խոսել պետք է ոչ թե զուտ խոսելու համար, այլ միասին իրավիճակը քննարկելու և որոշումների ընդունմանը մասնակից դարձնելու համար։ Եթե խոսքը երկրի ճակատագրի մասին է, դրա պատասխանատուն միայն իշխանությունը չէ, այլ նաև ժողովուրդը․ տեղի ունեցածի հետևանքները ևս  իր վրա կրում է հենց ժողովուրդը։ Նրան պետք է որոշակի դերակատարություն տալ՝ ասում է Կիմ Գաբրիելյանը,  շեշտելով, որ բնականաբար, խոսքը պետական գաղտնիության տեղեկատվության մասին չէ․

«Ներկա փուլում, ցավոք, ականատես ենք լինում իրադարձությունների, մեզ համար վատ հետևանքներ ունեցող դեպքերի, ու դարձյալ այդ խնդիրն է առաջանում․արդյոք տեղի է ունեցե՞լ ինչ որ բան ու այս ամենը դրա հետևանքն է։ Այս հարցը հասարակության մեջ միշտ կա։ Մենք չգիտենք պատճառները, այլ միայն հետևանքն ենք տեսնում։ Պահպանելով հանդեձ կոնֆիդենցիալությունը պետական գաղտնիքի, այնուամենայնիվ կարևոր հարցերում հանրային իրազեկում պիտի լինի։ Իհարկե, ամբողջ ինֆորմացիան չես կարող հանրային սեփականություն դարձնել, բայց որպես տեղեկատվության ոլորտի մարդ, գտնում եմ, որ հանրության որոշակի տեղեկացվածություն պետք է»։

Այստեղ սակայն մի կարևոր նրբություն կա՝   ասում է, ինֆորմացիան զենք է և այն կիրառել չիմանալու դեպքում կարող է վնասել ինչպես այն գործածողին, այնպես էլ կողքինին, հետևաբար պետք է շատ զգույշ լինել։ Հատկապես այնպիսի բարդ պայմաններում, որի մեջ է հիմա մեր երկիրը։ Հանրությունը պիտի պատրաստ լինի, գրագետ և իմանա, թե ինչ պետք է անի այդ տեղեկատվության հետ։

«Առաջին հերթին պետք է հաշվի առնել անվտանգային գործոնը․ արդոք կարող՞ է վնասել մեր անվտանգությանը տեղեկատվության հանրայնացումը։ Չէր խանգարի նաև, որ եթե վերահաս վտանգի մասին, որն այլևս անխուսափելի է, տեղեկացվի,  հանրութունը նախապատրաստվի դրան։  Այսպիսով, այո, տեղեկացվածությունը կարևոր է, բայց եթե դա անվտանգությանը կարող է հարվածել՝ պետք է՝ ձեռնպահ մնալ»։

 Իշխանությունները միշտ չէ, որ կարող են թույլ տալ իրենց բաց լինել․ ի վերջո գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնք անմիջապես մեր իշխանություններից կախված չեն։ Իշխանությունների խոսքը շահարկելու առիթ, ի վերջո, կարելի է գտնել միշտ, բայց՝

«Չեմ կարծում, թե կա մանիպոււլյացիա։ Յուրաքանչյուրը Արցախում, պաշտոնյա թե հասարակ քաղաքացի, նույն գոյաբանական խնդրի առաջ են կանգնած ու հավասար այս առումով։ Իմ կարծիքով կա իրադարձությունները տնօրինելու, տիրապետելու հնարավորության սահմանփակ ռեսուրս գուցե»։

 Կիմ Գաբրիելյանը կարծում է՝ կա տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ընդունման անհրաժեշտություն, որը պետք է համակարգի, թե ինչը պետք է ասվի, երբ, ինչպես։ Բնականաբար, ամբողջ տեղեկատվությունը չէ, որ պետք է հանրայնացվի՝ նշում է Կիմ Գաբրիելյանը։ Հանրությունը պետք է պատրաստության համապատասխան մակարդակ ունենա, քանի որ ինֆորմացիային տիրապետող մարդը կամ հանրությունը պետք է դրան հակազդելու, այն ընթացքավորելու, ճիշտ օգտագործելու կարողություն էլ ունենա։

«Մի ժամանակ անգամ հայեցակարգ մշակեցինք և փոխանցեցինք նախկին իշխանություններին։ Այդ խնդիրը սրվելու է, քանի որ պայթունավտանգ տարածաշրջանում»։

Մեր սխալը այս հարցում թերևս այն է, որ հանրությանը չենք պատրաստել տեղեկատվության հետ ճիշտ վարվեցողության։ Մինչդեռ դա ռազմավարական առաջնահերթություն է ներկա ժամանակաշրջանում, աշխարհաքաղաքական ու աշխարհագրական այսպիսի բարդ դիրք ունեցող տարածաշրջանի երկրի համար, որտեղ հիբրիդային պատերազմներ են ընթանում, իսկ նման պատերազմներում տեղեկատվական գործոնը խիստ որոշիչ է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ