«Ես ամեն օր Աջափնյակից գնում եմ Ստեփանակերտ աշխատանքի։ Նախկինում ժամը 19-ին երթուղի էր գործում, փոխել են 18։30-ի, հետո դա էլ են հանել։ Աշխատավայրից չեմ հասցնում հասնել ու ստիպված տաքսիով եմ գնում տուն։ Երկու կոպեկ եմ աշխատում։ Հիմա գլուխս պահեմ, թե՞ տաքսիներին տամ»։
Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակչուհի Լյուդմիլա Միրզոյանն է։ Պատմում է՝ Աջափնյակից-Ստեփանակերտ հասնելու ամենօրյա գլխացավանքի մասին։
«Առավոտյան առաջին ուղերթը ժամանակին գալիս է, իսկ երկրորդը ուշացումով է գալիս։ Ամեն անգամ էլ ավտոբուսը լիքն է լինում։ Իսկ 17։30-ի մասին էլ չեմ խոսքում․ պատուհաններից կախված ենք գալիս»։
Խնդիրը նոր չէ։ Ստեփանակերտ-Աջափնյակ երթուղին մինչ շրջափակումն էլ ծանրաբեռնված էր աշխատում։ Աջափնյակի թաղային լիազոր Արեն Բալայանը ներկայացնում է երթուղու գրաֆիկը։
«Առավոտյան 8։00-ին, 8։30-ին, 11։50-ին, հետո ժամը 14։00, որը ամենածանրաբեռնված ուղերթն է և վերջինը 17։30-ին, որը ոչ մեկին հարմար չէ՝ հատկապես ժամը 18։00-ին աշխատանքը ավարտողների համար։ Մի խոսքով՝ հարմար ժամ չէ, երթուղին ծանրաբեռնված է և չի բավարարում բնակչությանը»։
Հարցին՝ արդյոք այս խնդրով դիմել են համապատասխան մարմիններն՝ Արեն Բալայանը պատասխանում է։
«Կոնկրետ ես վերջին դեպքերով չեմ դիմել, որովհետև բոլորը արդեն տեղյակ են։ Խնդրի մասին բնակիչների կողմից ահազանգեր հնչել են բազմիցս։ Հենց իմ ներկայությամբ զանգել և ներկայացրել են խնդիրը։ Դեպքեր են եղել, երբ ավտոբուսում տեղ չի եղել և մարդիկ՝ նույնիսկ զինծառայողներ, չեն կարողացել մտնել տրանսպորտի մեջ։ Աջափնյակ տանող տաքսիները, կոնկրետ երեկ շուկայի մոտից նստել եմ, մինչև Աջափնյակ տարել են 3000 դրամով։ Փաստորեն քաղաքի մյուս ծայրամասեր էլի կարելի է հասնել երկու տրանսպորտ փոխելով, բայց մեզ մոտ հնարվոր չէ։ Եթե երթուղայինից ուշանում ես կամ տեղ չի լինում, ստիպված պետք է տաքսի նստես»։
Ստեփանակերտի քաղաքապետարանում, սակայն, առաջին անգամ են լսում այս խնդրի մասին։ Մինչդեռ բնակիչները վստահեցնում են, որ հնարավոր բոլոր ձևերով ահազանգել են։ Արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանի խոսքով՝ ներկայիս իրավիճակով պայմանավորված գերծանրաբեռնված են գրեթե բոլոր երթուղիները։
«Առաջին անգամ եմ լսում այս խնդրի մասին։ Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, առավոտյան ժամերին գրեթե բոլոր երթուղիները գերծանրաբեռնված են լինում։ Բայց ներկա դրությամբ Աջափնյակ թաղամասից ես բողոքներ չունեմ, որպեսզի կարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել»։
Մեր դիտարկմանը, որ Աջափնյակի բնակիչներին չի բավարարում երթուղու գրաֆիկը և հատկապես վերջին ուղերթի ժամը՝ որ 17։30-ին է, Էդգար Ավանեսյանը պատասխանեց․
«Ճիշտ չեն ասում, վերջին ուղերթը 18։30-ին է՝ Վերածննդի հրապարակից և օրական իրականացվում է 5 ուղերթ։ Վերջին երթը իրականացվում է 18։30-ին, որը նախօրոք ընտրվել և համաձայնեցվել է բնակիչների կողմից»։
Որքան էլ զարմանալի է, այս ուղերթի մասին տեղյակ չեն ոչ Աջափնյակի բնակիչները, ոչ էլ Ստեփանակերտ -Աջափնյակ երթուղու միակ վարորդ Արծվիկ Սարդարյանը։
«Վերջին 5-րդ ուղերթը 17։30-ին է։ -Բայց մեզ քաղաքապետարանից ասել են, որ ժամը 18։30-ին էլ է ուղերթ իրականացվում։ -18։30՞, դե մեզ բան չեն ասել, տեղյակ չեմ»։
Աջափնյակ թաղամասի բնակիչները խնդրից մեկ ելք են տեսնում՝ որ ավելացվեն ուղերթերը։ Ծայրամասային այս թաղամասում խնդիրներ շատ կան, բայց գոնե տրանսպորտի խնդիրն առաջնահերթ լուծում է պահանջում՝ ասում են բնակիչները։ Իսկ Արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը նշում է, որ պատրաստ են լսել ու քննարկել առաջարկությունները։ Մեզ հետ զրույցում նա խոստացավ կապ հաստատել ու քննարկել հնարավոր լուծումները։