Նոյեմբերի 21, 2024

Ժողովրդագրությունը՝ համահայկական օրակարգ․ «Սերունդ» հիմնադրամ

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 19, 2023

Պատերազմից հետո Արցախի առջև ծառացած մարտահրավերների շարքում ժողովրդագրությունը ամենաառաջնայիններից մեկը դարձավ։ Խնդրի հրատապությունը հասկանալու համար  բավական է ուսումնասիրել վիճակագրական բաց աղբյուրներում առկա տվյալները։ Վերջին 2 տարում այս ուղղությամբ նախաձեռնվեցին տարբեր միջոցառումներ՝ ինչպես թերացումները վերհանելու, այնպես էլ ապագայում ճիշտ ռազմավարություն որդեգրելու համար։ Հենց այս նպատակով ստեղծվեց «Սերունդ» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է հայկական ժողովրդագրական  պատկերի բարելավմանը։ Այս  խնդրի լուծումը պետք էր վայրկյան շուտ սկսել՝ ասում է հիմնադրամի համահիմնադիրներից Գրիգոր Աբրահամյանը։ Սա մի երկարատև գործընթաց է, որի հիմնական վերջնարդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո՝ ասում է զրուցակիցս։

«Սերունդ» հիմնադրամի դեմոգրաֆիկ խնդրի լուծման ծրագրերի  հիմքում ընկած է երկու բաղադրիչ՝ գաղափարական և սոցիալական։ Իհարկե,  մեր հնարավորության սահմաններում գաղափարական գործընթացը տարվում է, որպեսզի բոլոր հայ ընտանիքներում բազմազավակությունը դառնա օրակարգ, դառնա գաղափարապես անհրաժեշտություն և ռազմավարություն»։ 

Հաշվի առնելով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը, զրուցակիցս նկատում է, որ շատ ընտանիքներ երեխաների պլանավորման հարցում ելնում են հենց  սոցիալական խնդրներից։ Այս իսկ պատճառով, բացի շատ երեխաներ ունենալու գաղափարաբանական կարևորության առաջմղումից ու տարածումից, հիմնադրամը իրականացնում է նաև սոցիալական ծրագիր։ Սկսել են Արցախի համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ ընդգրկելով Չարեքտար, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները։

«Այս պահին Արցախի 4 համայներ են ներգրավված։ Ամեն նոր ծնվող երեխա 16 տարի 8 ամիս շարունակ կստանա ամսական 50․000 դրամ սոցիալական աջակցություն։ Արդեն ունենք 2 շահառու։ Այս տարի սպասում ենք ևս երկու շահառուի»։

 2 տարվա ընթացքում հիմադրամը ստեղծել է 500 հոգուց կազմված ամենամսյա նվիրաբերողների համայնք։  Ձգտելով մասնակից դարձնել ողջ  հայությանը, ինչպես նաև հայերին բարեկամ համարողներին՝ հիմնադրամը կարևորում է ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերողների թիվը: Հիմնադրամը գործարկել է serund.am հարթակը, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսանելի գործունեություն ծավալել՝ մեծացնելով ամենամսյա նվիրաբերողների համայնքը:

«Կայքը կառուցված է այնպես, որ ամեն նվիրատու կարող է հրավիրել նոր նվիրաբերողների։ Սա, այսպես ասած, հորդոր է իրենց ընկերներին՝ միանալու նախաձեռնությանը, բայց թվայնացված։ Համայնքի մեծացման շնորհիվ՝ մենք հնարավորություն կունենանք ընդլայնել շահառու համայնքները, ավելի շատ մարդկանց կարողանանք սոցիալական աջակցություն ցուցաբերել և, ինչու չէ, Արցախից անցում կատարել նաև Հայաստանին»։

«Սերունդ» հիմնադրամը ժողովրդագրական խնդրի լուծման համար ընտրել է գաղափարական և սոցիալական ուղղությունները, սակայն այս խնդիրը բազմաշերտ է՝ ասում է Գրիգոր Աբրահամյանը։ Բազմազավակությունը պետք է դարձնել համահայկական օրակարգ և սրա համար անհրաժեշտ է ծավալուն աշխատանք տանել։

«Պետք է առաջնահերթություն տանք, որպեսզի մեր հայրենիքում մենք կարողանանք զանգանալ, առաջ գնալ, ինչը ուղիղ համեմամատական է մեր դեմոգրաֆիկ ցուցանիշին։ Մենք էլ անձամբ մտածում ենք, որ շատ երեխա ունենալը ամենակարևոր ռազմավարությունն է»։

 Գրիգոր Աբրահամյանը նշում է նաև, որ հիմնադրամի միջոցները կառավարվում են հնարավորինս թափանցիկ։ Կայքում ամենօրյա առցանց ռեժիմով արտացոլված է ցանկացած դրամական շարժ՝ մուտքային և ելքային գումարները։ Ընգծում է նաև՝ յուրաքանչյուր նվիրատվություն ուղղվում է միայն և միայն շահառուներին,հիմնադրամի կառավարման ծախսերը չեն գանձվում նվիրաբերություններից։ «Սերունդ» հիմանդրամի նախաձեռնությանը միացել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Հիմնադրամից ընգծում են՝ նախաձեռնության նպատակը ոչ թե գումարի չափն է, այլ մասնակցության պարբերականությունը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ