Վերջին օրերին համացանցում տարածվում է տեղեկություն, թե ՀՀ՝ Արցախի գրանցում չունեցող քաղաքացիները, իրենց անձնագրերի վավերության ժամկետը լրանալուց հետո չեն կարողանա Արցախում նոր անձնագրեր ստանալ: Չնայած տեղեկության թվացյալ սենսացիոնությանը, այն, մեծ հաշվով, փոթորիկ է մի բաժակ ջրում: Արցախի ոստիկանության անձնագրային բաժինը երբևէ անձնագիր չի տրամադրել Արցախի գրանցում չունեցող քաղաքացիներին, ինչպես և ՀՀ անձնագրեր տրամադրող ցանկացած այլ տարածքային բաժանմունք չի տրամադրել անձնագրեր իր իրավասության տակ չգնտվող տարածքի բնակիչներին: Միաժամանակ, հարկ է նշել, որ Արցախի տարածքում ՀՀ անձնագրերի, դրամի, պետավտոհամարանիշերի գործածության և նմանատիպ այլ թեմաների վերաբերող նյութերը պարբերաբար ներգցվում են հայկական տեղեկատվական դաշտ, այդ թվում թշնամական կողմի ջանքերով, դրանք հետագայում շահարկելու նպատակով։ Բնականաբար, պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումով, հայկական երկրամասում արգելափակված այն քաղաքացիները, ովքեր գրանցված են Հայաստանի այլ բնակավայրերում և ում անձնագրերի ժամկետը մոտենում է ավարտին, հայտնվել են ոչ հասարակ վիճակում։ Առանց անձնագրի անհնար է բազմաթիվ ծառայություններից օգտվելը։ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշում է, որ իրենք աշխատում են իրենց արցախյան գործընկերների հետ՝ իրավիճակին լուծում գտնելու ուղղությամբ․
«Արցախի գործընկերների հետ հարցը քննարկվել է։ Կապահովվեն այնպիսի լուծումներ, որոնք քաղաքացիներին թույլ կտան իրացնելու իրենց իրավունքները»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վստահեցնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է և ՄԻՊ-ի գրասենյակը հետևում է այդ ուղղությամբ աշխատանքներին․
«Երեկ ԶԼՄ-ով տարածվել էր հաղորդագրություն, ՀՀ-ում գրանցված անձինք, ովքեր շրջափակման ընթացքում գտնվում են Արցախի Հանրապետությունում և օբյեկտիվորեն զրկված են իրենց փաստաթղթերը վերականգնելու համար այցելել ՀՀ, չեն կարողանում դա իրականացնել Արցախի տարածքում, ինչի պատճառով նաև այլ ծառայություններ ստանալու հետ կապված խնդիրներ են ունենում, լինեն դրանք կենսաթոշակներ, բանկային ծառայություններ և այլն, և բարձրացված հարցի վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել համապատասխան մարմինների հետ և ստացել ենք պարզաբանում, որ խնդիրն ամենասեղմ ժամկետներում կստանա իր լուծումը, և ՀՀ ու Արցախի համապատասխան մարմինների համագործակցությամբ քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ իրացնել իրենց այդ իրավունքը։ Այս առումով որևէ խոչընդոտ, կարծում եմ, չպիտի լինի և ՄԻՊ-ի հաստատությունը շարունակելու է հետևել խնդրի հետագա կարգավորմանը։ Այս պահին մեզ այս հարցով 2 քաղաքացի է դիմել, ում տրամադրվել է անհրաժեշտ իրավախորհրդատվություն, և հետևելու ենք նրանց անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրմանը»։
Նման իրավիճակներում շատ հաճախ կիրառվում է ժամանակավոր անձնագրերի տրամադրման փորձը կամ նույնականացման քարտերի օգտագործումն անձնագրերի փոխարեն։ Հնարավոր է նաև մեկ միասնական համակարգի մշակման շնորհիվ Արցախում անձնագրեր տրամադրել Հայաստանի այլ մասերում գրանցված քաղաքացիներին։ Տարբերակներից որը կընտրվի և ինչպես այն կներդրվի՝ դեռ քննարկման փուլում է։