Ավելի քան մեկ շաբաթ է արցախցիների զրույցների ու քննարկումների գլխավոր թեման Ադրբեջանի՝ Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետն է։ Աշխատավայրում լինի, թե տանը, փողոցում, թե խանութում մեծ ու փոքր այդ մասին են խոսում։ Իհարկե՝ հարցերն ավելի շատ են քան պատասխանները։ Արցախցու համար քննարման ենթակա չէ մեկ բան՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա ադրբեջանական որևէ ներկայություն անընդունելի է։
«Անցակետի տեղադրումը սխալ է, նրանք ուզում են մեզ ամեն ձևի խեղդեն, այդ անցակետով մենք ինչպե՞ս պետք է անցնենք։ Իրենց միջով հնարավոր չէ անցնել»։
«Ադրբեջանն իրավունք չունի այդ կետում անցակետ տեղադրելու, դա ոտնահարում է մեր իրավունքները։ Արցախը միշտ եղել է մեր հողը, հիմա նրանք եկել են գրավել՝ անցակետ տեղադրել»։
«Ո՞վ գիտի մեզ ինչ է սպասվում, եթե անցակետը չհեռացվի։ Ես լավ բան չեմ տեսնում»։
Անցակետը չապամոնտաժելու պարագայում խնդիրները բազում են լինելու։ Արցախում ապրող հայերի մտահոգություններն անվտանգային են։
«Նախ՝ բոլոր պատերազմներին մասնակցած տղամարդկանց տեղի, անտեղի, առիթ, անառիթ, ամեն ինչ դիմելու են, որպեսզի կալանավորեն նրանց։ Երկրորդը՝ կամաց-կամաց Արցախը արժանանալու է Նախիջևանի ճակատագրին»։
«Հնարավոր է մեքենայով երեխայի հետ գնալու ժամանակ կանգնեցնեն, առանց ասելու երեխային վերցնեն տանեն։ Այնպես որ պետք է մտածել անցակետը վերացնելու համար»։
Ասում են հույսն ապրեցնում է․ միշտ վատը մտածողների կողքին պետք է լինեն և կան նաև մարդիկ, ովքեր հավատում են վաղվա օրվան։ Բոլորը գալիս՝ անց են կենում, մենք ենք, որ մնալու և խաղաղության մեջ ապրելու ենք մեր հողում՝ասում են։
«Ես լավատես եմ, մտածում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Ես այդպես եմ կարծում․ թե ինչպես, ես դա չգիտեմ, ես Վանգան չեմ, բայց գիտեմ, որ այս խաղերը ժամանակավոր են։ Ղարաբաղը պետք է միշտ էլ ապրի, մենք շատ բան ենք կորցրել․ Դաշտային Ղարաբաղը կորցրել ենք, գոնե Լեռնային Ղարաբաղի մի մասը պահենք։ Ես պատմությունը լավ գիտեմ, Ղարաբաղն այնքան տոկուն է եղել, որ դիմացել է թուրք սելջուկներին, պարսիկներին, արաբներին»։
«Ուզում են այս ձևով ճնշում գործադրել մեզ վրա, դա իրենց մոտ չի ստացելու։ Մեր ժողովրդի կամքը տոկուն է։ Մենք կանգուն ենք և նման սադրանքներից չենք վախենում։ Մենք չենք թողնելու մեր հողերը և չենք հեռանալու, սա մեր հողն է, մեր պապերի հողն է։
-Իսկ եթե Ադրբեջանը չվերցնի՞ անցակետը։
-Մենք միևնույն է պայքարելու ենք, մինչև չքաշեն այդ անցակետը»։
Երիտասարդներն այս հարցում ավելի հաստատակամ են։
«Նրանք ադրբեջանցիներ են և չեն իմանա անցնելուց ինչ կարող է լինել, նրանք իրավունք չունեն այդտեղ անցակետ տեղադրելու, որովհետև մենք միշտ էլ եղել ենք անկախ Արցախ, մենք ցանկանում ենք ազատ գնալ-գալ, ինչպես որ առաջ էր։ Մինչև վերջ գնալու ենք, որպեսզի հասնենք մեր ուզածին»։
Բոլոր լոկալ ու գլոբալ, հումանիտար, սոցիալական ու անձնական խնդիրներն ու պահանջմունքներն այսօր հետին պլան են մղված, արցախցիներին այս պահին ամենաշատն անհանգստացնում է Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա ապօրինի կառուցված անցակետը, որտեղ, ըստ Բաքվի տեղեկատվության, արդեն նույնիսկ ռենտգեն-սքաներ է տեղադրվել։ Ադրբեջանական անցակետի անապամոնտաժումը, ըստ նրանց, այլընտրանք չունի։