Հորդ անձրևը խոչընդոտ լինել չի կարող, որպեսզի մենք իրականացնենք մեր պայքարը, ասում է նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը։ Այս ակցիայում քաղաքական կամ այլ շահ փնտրել պետք չէ, պետք չէ նաև քննադատել թույլ կողմերը․ մենք մտահոգ, ոչ անտարբեր երիտասարդներ ենք, որ ընտրել ենք պայքարի՝ մեզ հասու ձևը։
«Լռելու տեղ այլևս չկա, մենք նպատակ չունենք հպատակված ապրել, անցակետը մեզ համար կարմիր գիծ է։ Ակցիան կրում է «Ո'չ, Արցախի էթնիկ զտմանը» խորագիրը, մենք փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել բոլորին․ Ադրբեջանը ապօրինի կերպով է այնտեղ անցակետ դրել, ինչն անթույլատրելի է»։
Երիտասարդների խաղաղ ակցիան համանուն ստորագրահավաքի երկրորդ փուլն է: Երիտասարդներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին Հակարի կամրջին Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի տեղադրմանը՝ դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, այդ թվում՝ ՌԴ նախագահին՝ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, Հայաստանի հանրապետության վարչապետին: Ի՞նչ կտա այս ակցիան։ Ակցիայի մասնակից Ազատ Ադամյանը հակընդդեմ հարց է տալիս՝ իսկ ոչինչ չանելը ինչ որ բան կտա՞։ Նա հորդորում է մեր հայրենակիցներին միաբանվել ամբողջ աշխարհում, աջակցել Արցախին՝նմանատիպ ակցիաներով։
«Պիտի անդադար աշխատեինք, բայց չարեցինք, ինչպես տեսնում ենք՝ հասանք այս արդյունքին, հիմա էլ սպասելու ժամանակ չկա, ժողովուրդը պիտի համախմբվի, oրեցօր Ադրբեջանը սեղմում է օղակը, իր սադրիչ գործողություններով։ Հորդորում եմ իմ հայրենկիցներին ՝ ամբողջ աշխարհում, ձեռք ձեռքի տալ ու օժանդակել Արցախին՝ ադրբեջանական անցակետը հեռացնելու համար։ Պետք է վերադառնալ առնվազը մինչ դեկտեմբերի 12-ը եղած կետին։ Ես համոզված եմ, որ հեռանալու են»։
Ուշացա՞ծ չէ արդյոք ակցիան, ինչ կարող է տալ՝ Դավիթ Բաղրյանը գտնում է, որ երբեք ուշ չէ։
«Երբեք ուշ չէ լծվել հայրենիքի պահպանության գործին, մենք չենք կորցրել հայրենիքը, պետք է հավաքենք մեր ուժերը, մենք ի վիճակի ենք պահել մեր հայրենիքը»։
Երիտասարդներին աջակցելու էր եկել ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ես նախ և առաջ Արցախի Հանրապետության քաղաքացի եմ, այս պահին բոլորս պետք է մի կողմ դնենք անձնական, կուսակցական, այլ շահերը։ Պետական շահը պետք է լինի գերակա»,- ասում է նա։
«Մեր երիտասարդները կոչ էին արել հանրությանը միաբանվել, միանալ պայքարին։ Ես որպես Արցախի քաղաքացի առաջին հերթին՝ նրանց կողքին եմ։ Պայքարն ունենում է արդյունք, երբ այն ոչ միայն իշխանություններինն է, քաղաքական ու հանրային ակտիվ ուժերինը, այլև բոլորինը։ Պետք է առաջարկվող առողջ գործիքակազմն օգտագործել, կանգնել կողքին։ Կարևորում եմ հանրության ակտիվությունը։ Քանի որ, անկախ նրանից, թե դու որ դաշտում ես իրականացնում քո գործունեությունը, դու, միևնույն է այդ հանրության մի մասնիկն ես»։
Երիտասարդները դիմում են բոլորին՝ հանրությանն ու իշխանությանը՝ ընդդիմադիրներին ու իշխանամետներին՝ միանալ ակցիային։ Բարձրագոչ խոսքերի կարիք չկա, ասում են, ուղղակի բոլորիս ինքնապաշտպանական բնազդը պիտի արթնանա․ մենք կամ պիտի ոչ արժանապատիվ կեցվածքով ապրենք այստեղ, կամ պայքարենք մեր ինքության, մեր հայրենիքի ու մեր կյանքի համար։