Որոշ հանրային շրջանակներ պնդում են, որ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» կարգախոսը կարող է ոչ թե օգնել Արցախին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալ, այլ վնասել և նոր խնդիրների առաջ կանգնեցնել։ Նման տեսակետի կողմնակիցները դա հիմնավորում են նրանով, որ եթե խոսվում է էթնիկ զտման մասին, ապա ստացվում է՝ ընդունում ենք, որ ազգային փոքրամասնություն ենք ինչ որ պետության տարածքում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, ինչն Արցախյան օրակարգում կարմիր գիծ է։ Ի՞նչ ասել է էթնիկ զտում միջազգային իրավունքի տերմինալոգիայով, ի՞նչ օգուտ կարող է տալ նման ձևակերպումը կամ ինչի՞ն վնասել․ միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ ենք թեման քննարկել։ Միջազգային իրավունքի տերմինալոգիայում էթնիկ զտումը որպես հանցագործություն ձևակերպված չէ։
«Ոչ թե վնաս, այլ օգուտ կարող է բերել այն դեպքում, եթե ճիշտ օգտագործվի փաթեթը, ստորագրություններին կցելով նամակ-բացատրություն, որի մեջ հստակեցվում է, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և նրա տարածք դիտարկվել չի կարող։ Երկրորդ՝ ստորագրահավաք արվել է, ցույց տալու համար միջազգային հանրությանը, որ իրենց այն կարծիքը կամ առաջարկությունը, որ պետք է Արցախը դիտարկվի ոչ թե որպես անկախ պետություն, այլ հայերի՝ մարդու իրավունքները և անվտանգությունը ապահովվի, ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Ադրբեջանը այն էթնիկական զտումը, որը սկսել է սովետական Ադրբեջանի տարածքում և ժամանակ, փորձում է ավարտին հասցնել այսօր՝ Լեռնային Ղարաբաղում»։
Ինչպե՞ս է դիտվում իրավիճակը, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղը, միջազգային հանրության կողմից՝ Բացի Օլաֆ Շոլցից, այսպես ասած, միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ, ԼՂ ինքորոշման իրավունքից չեն խոսել, այլ միայն դիտարկում են հարցը մարդու իրավունքների ու անվտանգության տիրույթում։ Այդպիսի հարցադրումն ամբողջովին այլափոխում է այն, ինչ տեղի է ունենում իրականում՝ ասում է զրուցակիցս։
«Եթե մենք ասենք՝ Դուք, միջազգային հանրության այս ներկայացուցիչներդ, ասում եք, որ խոսքը գնում է մարդու իրավունքների և ցեղասպանության մասին, մենք ձեզ բերում ենք ապացույց, որ ավարտելով էթնիկական զտումը, Ադրբեջանը ուզում է այստեղ հայրենազրկում ու ցեղասպանություն իրականացնել։»
Բայց Ադրբեջանի գործողությունները, մասնավորապես՝ շրջափակումը, ոչ թե շրջափակում է զուտ հումանիտար խնդիրներ ստեղծելու նկատառումով, այլ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա համար պատժի մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածի երրորդ ենթակետով սահմանված գործողությունների շղթա ։ Իսկ այն, ինչը տանում է կամ միտում ունի ժողովրդի ամբողջական ու մասնավոր ոչնչացմանը, ևս կոչվում է ցեղասպանություն։
«Այսինքն, էթնիկական զտում ձևակերպումը, որն օգտագործվել է ստորագրահավաքի համար Արցախի կողմից ներկայացվում է որպես ապացույց, որ ոչ թե ինքնորոշմաման, այլ միջազգային հանրության կողմից հնչեցվող, նույնիսկ մարդու իրավունքների ու անվտանգության վերաբերյալ դիրքորոշումը չի ընդունվում ու կատարվում։ Եվ այդ էթնիկական զտումը, եթե այդպես են բնութագրում, իրենից ներկայացնում է ցեղասպանության գործողություն։ Ցեղասպանագետները վաղուց էթնիկական զտումները դիտարկում են որպես ցեղասպանության կամ մեթոդ, կամ փուլ»։
Ըստ Լարիսա Ալավերդյանի, ստորագրահավաքն ավարտելուն պես միջազգային դատարաններ դիմելիս, եթե կա նման մտադրություն, նրան պիտի կցվի նամակ-բացատրություն, որտեղ առաջին կետով պիտի ասվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի կարող դիտարկվել ինչպես Ադրբեջանի մաս, և երկրորդ կետով՝ առաջարկությունը, որ հնչում է տարբեր սուբյեկտների կողմից, անընդունելի է, քանի որ անելով այդ ստորագրահավաքը, Արցախն Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դիտարկում է որպես ցեղասպանություն իրականացնելու փորձ։ «Դա պետք է ներկայացվի միայն ու միայն որպես հայրենազրկում ու ցեղասպանություն, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից»,- բացատրում է իրավապաշտպանը։ Միայն այդպես կարող են այդ ստորագրություններն օգտագործվել միջազգային դատական ատյանների գործընթացների մեջ։
«Եթե դա արվում է քաղաքական հարթակներում լուծելու համար, այդ ժամանակ էլ պետք է միայն ու միայն նախաբանով, որ Արցախը դիտարկում է էթնիկական զտումը ճիշտ այնպես, ինչպես ցեղասպանագետները։ Առանց պնդման, որ ԼՂՀ-ն առանձին պետությւոն է, որը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքների վրա, այդպիսի ստորագրահավաքը այդ ուժը չի ունենա»։
Դա ապացույց է այն բանի, որ նախ միջազգային սուբյեկտները, այդ թվում և Հայաստանը, որոնք ասում են, թե խոսում են ոչ թե կարգավիճակի մասին, այլ մարդու իրավունքների ու անվտանգության՝ չարաչար սխալվում են, քանի որ եթե թույլ են տալիս, որ Ադրբեջանը դիտարկի այդ տարածքը որպես իրեն պատկանող, ապա նա իրեն այնտեղ էթնիկական զտում իրականացնելու իրավունք է վերապահում, ինչը հիմք է Լեռնային Ղարաբաղի համար անջատվելու և ունենալու պետություն։ Բայց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց արդեն հռչակել է իրեն և կայացել որպես պետություն, և այս ստորագրահավաքով ցույց եք տալիս, և պահանջում, որ ճանաչվի, եթե դա հնարավոր է, քանի որ որ Ադրբեջանի անօրինական նկրտումները Լեռնային Ղարաբաղի տարածքների հանդեպ փորձ է՝ ավարտելու գրեթե 100 տարի առաջ սկսած ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ։