Նոյեմբերի 21, 2024

Տեղեկատվական դիետա. ինչպես մարսել համացանցում անարգել տարածվող տեղեկույթը

By Անի Աբաղյան Հունիսի 16, 2023

Քարոզչությունը, թշնամու տարածքից տեղեկությունների հավաքումը, կեղծ լրատվության տարածումը մշտապես եղել են պատերազմների անբաժանելի մասը: Տեղեկատվական դարաշրջանում դրանց դերը միայն աճել է:

«Ցանկալի է` մարդիկ չշտապեն սոցիալական ցանցերում, գրառումներ շատ քիչ անեն, անելուց հետո/առաջ փորձել ինչ-որ կերպ համակարգել լրագրողների, բլոգերների հետ, թեկուզ պետական տեղեկատվական ոլորտի ծառայողների հետ, որոնք հստակ պատկերացնում են, թե այդ տեղեկությունը ինչ կշիռ, արժեք ու ազդեցություն ունեն»:

Տեղեկատվական պատերազմում գտնվող մարդկանց համար առաջին ցուցիչներն են` ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի:

Բայց սոցիալական ցանցերում տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով հորդում է.

«Էն վիդեոն հաստա՞տ մերոնք են գցել...»:

«Մեր անգունի խանութումը ծեթը իժան ա»:

«Ասում ըն ավտոբուսներ ըն քցում, դու՞զ ա»:

«Հաստատ բան եմ ասում. ծանոթիս բարեկամն ա լսել...»:

Մինչդեռ.

Սոցիալական ցանցերում Արցախից հիմա պիտի գրառումներ կատարեն միայն այն մարդիկ, որոնք հստակ առաջադրանքներ ունեն, գիտեն ինչ են գրում և ինչի համար: Եթե իրականացվում են տեղեկատվական գործողություններ, որոնք կոորդինացված են և հասկանում եք ինչի համար եք անում, այո, արեք: Եթե ոչ, ամենապարզ գրառումները, օրինակ, տեսե՛ք այս խանութում հացը քիչ կամ շատ ա, կարող է վնասել: Եթե հստակ հասկանում եք` օգնում եք Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, գրեք, բայց եթե ուղղակի էմոցիոնալ սոցցանցային ակտիվություն է, պետք է մտածել, արդյոք նպատակահարմար է, թե ոչ»:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո չնայած պատերազմը գետնի վրա «ավարտվել է», բայց տեղեկատվական պատերազմը տարբեր չափաբաժիններով շարունակվում է: Տեխնոլոգիաների թարմացմանը զուգահեռ փոխվում են նաև մեդիադաշտում պատերազմելու գործիքները, բայց ընդհանուր սկզբունքները մասամբ պահպանվում են: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է մանրամասնում:

«Ընդհանուր սկզբունքները պարզ են. այնպես անել թշնամին ընկճվի, խուճապ լինի, չհասկանա` ո՞րն ա ճիշտը, ո՞րն ա սխալը: Եվ հակառակը` այնպես անել, որ սեփական հասարակությունը լինի ամուր դիրքերով, թույլ չտալ, որ տեղեկատվական ներազդեցությունը ազդի քո հասարակության վրա: Պետք է ազդեցություն իրականացնել այլ երկրների հասարակությունների ու իշխանությունների վրա, որպեսզի օրինակ ազդես նրանց որոշումների կայացմանը հօգուտ մեզ ու վնաս հակառակորդի»:

Առցանց կայքերը, տելեգրամյան և թվիթերյան ալիքները, տեղեկատվության աղբյուրներն այսօր այնքան շատ են, որ հասարակ մարդը հաճախ կեղծ տեղեկատվությունը չի տարբերում իրականից ու հեշտությամբ ընկնում է թշնամու ծուղակը: Ինչպե՞ս տարբերել կեղծ տեղեկատվությունն իրականից. Սամվել Մարտիրոսյանը երկու տարբերակ է առաջարկում:

«Առաջինը` եթե մարդ ձգտում ունի սովորելու, այսինքն` մարդ պետք ա ամիսներով սովորի, տիրապետի տարբեր գործիքների, որոնք թույլ են տալիս նուրբ կեղծիքը, նուրբ քարոզչությունը բացահայտել: Կա երկրորդ տարբերակը. Եթե որոշում ես` առաջին ճանապարհով չես գնում, ապա ընտրիր մի քանի լրատվամիջոցներ` վստահելի, չխաբող, ընտրիր մի քանի լրագրողների, որոնք իսկապես պրոֆեսիոնալ են և հետևիր միայն իրենց»:

Ծուղակներից խուսափելու լավագույն միջոցը սոցցանցերից պարզապես չօգտվելն է, բայց մեր օրերում դա կարելի է անհնար համարել: Հետևաբար ինչպես որոշում ես օրվա ուտելիքիդ ճիշտ չափը, այնպես էլ պետք է տեղեկատվություն ստանալուդ չափը որոշես:

Շատ հաճախ օգտատերերը անգիտակցաբար թշնամու ջրաղացին ջուր են լցնում` թշնամական ապատեղեկատվությունները հայկական դաշտ բերելով, սահմանից լուսանկարներ տարածելով կամ` սովորական գրառումներ կատարելով: Պետք է հասկանանք` այս դեպքում սոցցանցերը մեր ընկերները չեն` ասում է Արթուր Պապյանը:

«Արժե հասկանալ, որ դուք գտնվում եք խոշորացույցի տակ. Ցանկացած բան, որ գրում, հրապարակում եք, անպայման ուսումնասիրվում է և այդ իմատով արժե, որ մարդիկ երկար մտածեն մինչև հրապարակելը, չշտապեն երբեք ու փորձեն զերծ մնալ մեծ ակտիվությունից: Սա այն դեպքն է, որ սոցիալական ցանցերը մեր ընկերները չեն»:

Ռազմագործողությունների ժամանակ ռադիոալիքները խլացվում են, կապի միջոցները, էլեկտրաէներգիան անջատվում. Նման դեպքերում որտեղի՞ց պետք է բնակիչները լրատվություն ստանան: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` նման դեպքերում մեխանիզմները պետք է պետությունը մշակի:

«Էս դեպքում մարդիկ չպետք է մտահոգվեն, պետական կառույցները պետք ա նախօրոք ունենան պլաններ` ինչպես աշխատեն այն դեպքերում, երբ, օրինակ, ինտերնետը կտրվել է, ինչ անել եթե ռադիոն խլացվում է ու ադրբեջանական մուղամն ու տեղեկատվությունը մտցվում է մեր ալիքներ: Բոլոր դեպքերում ինչ-որ լուծումներ կան, բայց դա պետք է լինի հստակ, նախօրոք պատրաստված ու աշխատող լուծումներ: Եղած միջոցներով հանրությունը պետք է անընդհատ տեղեկատվություն ստանա նույնիսկ եթե չկա ինտերնետ, չկա ռադիո: Եթե այդ տեղեկատվությունը դադարում է գալ, հակառակորդը փորձում է իր լուրերը մտցնել տեղեկատվական դաշտ»:

Ճիշտ է, բնակիչները ցանկացած իրավիճակում պետք է տեղեկացված լինեն, բայց միևնույն ժամանակ, հատկապես մեր պետության համար կենսական նշանակություն կունենա արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման համակարգի մշակման, ինչպես նաև` մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքների կատարումը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ