Նոյեմբերի 21, 2024

Աֆանասյանների վարդաբույր բիզնեսը

By Սրբուհի Վանյան Հունիսի 19, 2023

Գրիգորի Աֆանասյանը դստեր՝ Մարգարիտայի հետ 2020 թվականի պատերազմից հետո իր տանը փոքրիկ արտադրություն է սկսել։ Վարդի մուրաբա ու հյութ են պատրաստում։ Հումքը սեփական այգուց է, աճեցնում է ավագ Աֆանասյանը։ Արտադրանքը ևս նրա խիստ հսկողության տակ է թողարկվում։ Իսկ բիզնեսի կառավարումը, նա դստերն է վստահել։ Սրբուհի Վանյանն է զրուցել նրանց հետ։

 

Գրիգորի Աֆանասյանին Արցախում շատերն են ճանաչում։ Որպես քաղաքականության մարդ, նաև որպես սկզբունքային, յուրօրինակ անհատի։ Սակայն քչերը գուցե գիտեն հողի նկատմամաբ նրա սիրո, կապվածության ու քնքշության մասին։ Գրիգորի Աֆանասյանը, Ստեփանակերտի ծայրամասերից մեկում, իր տան բակում վարդեր է աճեցնում։ Հատուկ մշակատեսակի։ Ու այդ վարդերից մուրաբա եփում ու հյութ պատրաստում։ Ինչո՞ւ, որովհետև իր պահանջկոտ ու խիստ բնավորության պատճառով այդ գործը ոչ մեկին չի վստահում։ «Թերթիկները սկզբում հանձնում էինք Արցախում գործող ընկերություններից մեկին։ Հետո հայրիկը որոշեց, որ ինքն է եփելու, չհավանեց պրոդուկտը», ծիծաղելով պատմում է դուստրը՝ Մարգարիտան, ով որոշել է զբաղվել իրենց վարդաբույր արտադրանքի բրենդավորմամբ, և միասին, հայր ու աղջիկ զբաղվում են այդ ընտանեկան փոքրիկ բիզնեսով։

«Մեր ԱՁ-ն կոչվում է Դեդո-բաբո, մենք արտադրում ենք վարդի մուրաբա ու հյութ։ Գաղափարն առաջացավ 2020 թվականին, պատերազմի ժամանակ, երբ Երևանում էինք ու մասնակցում էինք ձեռնարկատիրական դասընթացի։ Մեզանից յուրաքանչյուրն իր բիզնես գաղափարն էր ներկայացրել»։

Առայժմ արտադրանքի ծավալները փոքր են, 200 շիշ հյութ, նույնքան մուրաբա։ Բայց Մարգարիտան հավատում է՝ առաջիկայում կկարողանան ավելացնել ծավալները։ Իրականում, Գրիգորի Աֆանասյանն իրեն համարում է բիզնեսից հեռու մարդ։ Ավելի շատ վայելում է արտադրական գործընթացը։ Հողը շատ է սիրում․ աշխարհի բոլոր կռիվները հողի համար են՝ ասում է։

«Ես բիզնեսից հեռու մարդ եմ, բայց պատերազմի ժամանակ մտածեցի, որ մի բանով պիտի զբաղվենք։ Հողը ես շատ եմ սիրում, աշխարհի բոլոր կռիվները հողի համար են։ Ես սկսեցի հողը մշակել։ Նույնիսկ 92 թվականին Բալուջայից ծառեր էի բերում: Այս վարդերը Բագիմ Սարո հայական գյուղից են ուսանողներս բերել»:

Մեր զրուցակիցը վարդի թերթիկների, վարդի օշարակի ու մուրաբայի օգտակար հատկություններն է մեզ ներկայցնում, մուրաբայի պատրաստման տեխնոլոգիան։ 100 գրամ թերթիկներից 1 կգ մուրաբա ենք ստանում, ավելի քան 5 կգ թերթիկ ենք հավաքում այգուց, ասում է։

Իհարկե, դրան զուգահեռ, այգու այլ բարիքներն էլ են վերամշակում՝ եփելով ընկույզի, տանձի, խնձորի, սալորի, բալի մուրաբաներ։ Շրջափակումից հետո և՛ տնամերձեր մշակելը, և՛ գյուղամթերք վերամշակելն ակտուալ է ու անհրաժեշտ։ Բայց շեշտադրումը վարդի վերամշակման վրա են դնում ու բիզնեսը կառուցում հենց այդ հիմքի վրա։ Շրջափակումն, իհարկե, վնասներ տվել է, բայց այն ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու խթան է նաև, ասում է Գրիգորի Աֆանասյանը։

«Չկա չարիք առանց բարիքի։ Այս շրջափակումն էլ իր հնարավորությունները տվեց։ Սկսենցինք մշակել հողը։ Կարծում եմ լավ պիտի լինի, մեր արտադրանք էլ դուրս կգա»:

Իսկ արտադրանքի համար արտահանման շուկան ուսումնասիրում են հիմա: Մարգարիտան հետաքրքրվել է՝ պահանջարկ կա Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում։ Վարդի մուրաբան շատ հարգի է ուրիշ երկրներում նույնպես, ասում է Մարգարիտան, Հայաստանից էլ արտահանողներ կան։ Մենք փորձելու ենք գործընկերներ գտնել և համագործակցել։

Մենք մեզ համար ենք անում, ասում է Գրիգորի Աֆանասյանը։ Այլ մակարդակի բիզնես անելու համար ռեսուրսներ է պետք ներդնել։

Ինչպե՞ս է, որ քաղաքական գործիչը այդքան կապված է հողին ու սիրում է հողագործի աշխատանքը։ Ե՞րբ է հասցնում կարդալ, վերլուծություններ գրել, ու հող մշակել։

«Մարդու մարմինն ու հոգին միասին են, ներդաշնակ, յուրաքանչյուրն իր գործն է անում։ Եվ լրացնում են իրար»:

Հողի հետ աշխատելը, շփվելը փիլիսոփայություն է, ասում է քաղաքական գործիչը․ մարդը բնության արարած է, և կատարելության հասնում է բնազդից դեպի մտավոր-հոգևոր զարգացման երկար ճանապարհն անցնելով միայն։

Որտեղի՞ց է գալիս սերը հողագործության, խոհանոցի հանդեպ։ Գրիգորի Աֆանասյանի մայրը Թիֆլիսից էր, նրա նախնիները՝ Մուշից։ Ինքը, Աֆանասյանն ընտանիքով Արցախ տեղափոխվել է Կիրովաբադից՝ Գանձակ քաղաքից։ Հայր ու աղջիկ կիսվում են հիշողություններով։


Աֆանասյան Գրիգորի - Մամաս եփում էր, ես նայում էի։ Կնոջս հետ էլ ամեն ինչ իրար օգնելով ենք արել։
Մարգարիտա - Մամաս մահացավ, այս տանը չապրեց, բայց ես իրեն ու հայրիկիս հիշում եմ իրար օգնելիս, միշտ։ Եվ տատիկից և մայրիկից այդ ամենը փոխանցվել է մեզ։

Հե՞շտ է Գրիգորի Աֆանասյանի հետ բիզնես գործընկեր լինելը։ Հարցս Մարգարիտային էր ուղղված։ Դժվար է՝ ծիծաղում է։ Պատրաստման տեխնոլոգիայի նկատմամբ շատ խստապահանջ է, բայց որոշ տեղերում նաև տեղի է տալիս․ այն դեպքում, երբ հարցը ֆինանսների կազմակերպմանն է վերաբերում, ասում է։ Մարգարիտան մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ է։ Դասախոսում էր, աշխատում է կապի ոլորտում։

Այստեղ, հայրական տուն գալիս է մանկության, վարդի բույրի ու վարդի մուրաբայով թեյի, նաև՝ հիշողությունների ու ջերմության հետևից։ Ու այդ ջերմությունը փոխանցում է նրանց, ովքեր սիրում են Աֆանասյանների վարդաբույր մուրաբան ու հյութը։

Last modified on Երկուշաբթի, 19 Հունիսի 2023 13:50
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ