Նոյեմբերի 24, 2024

Ի՞նչ խնդիր են լուծելու և առաջացնելու հանրային սննդի կետերի աշխատանքում մտցված սահմանափակումները

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 04, 2023

Հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց Քաշաթաղի միջանցքը, Արցախում սննդամթերքի և անհրաժեշտ այլ պարագանների սղությունը նորից սկսեց սուր զգացվել։ Որպեսզի հարցը դուրս չկա վերահսկողության սահմաններից Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, կանխելու` ապագայում խնդրի ավելի սրացումը։ Նախագահը երեկ հաստատել է Կառավարության՝ հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ սահմանելու որոշումը։ Վաղվանից Արցախի հանրային սննդի օբյեկտներն աշխատելու են որոշակի սահմանափակումներով։ Ի՞նչ խնդիրներ են լուծելու և առաջացնելու այս սահմանափակումները։ Լսե՛նք, Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժը։

 Հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև` հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները հաճախորդներին կարողանալու են մատուցել միայն տաք և սառն ըմպելիք, պաղպաղակ, ալյուրե և շաքարե հրուշակեղեն։ Սամանափակումների տակ է խոհարարական արտադրանքի իրացումը։ «Արցախ» ռեստորանի մենեջեր Հերմինե Հայրապետյանի խոսքով, անգամ, մինչև հունիսի 15-ը կուտակած ապրանքը, որը մոտ շուրջ մեկ ամիս ռեստորանը կարող էր իրացնել, հնարավորություն չեն ունենալու սպառել։

«Նախօրոք մեզ ոչ ոք չի հավաքել, ժողով արել, ներկայացրել, որ ինչ-որ խնդիր կա և որ սահմանափակումը դրա լուծումն է։ Որոշումը կարդացել ենք համացանցից, որ ամսի 5-ից նման սահմանափակումներ են լինելու, կարող ենք գործունեություն ծավալել միայն ջրեղենի վաճառքի տեսքով։ Մի արանքում, երբ մեզ հնարավորություն տվեցին ապրանք ներմուծելու, մենք որոշակի ապրանք ենք ներմուծել, որի վաճառքը կարող էր տևել 1 ամիս։ Ոչ ոք բար աշխատացնելով աշխատող չի պահելու»։

Հունիսի 15-ից հետո Արցախում սպառվող ապրանքները կա՛մ մինչև այս հումանիտար ճանապարհներով բերված և պահեստավորված, կա՛մ` տեղի արտադրողների ապրանքներն են։ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի խոսքով՝ առաջացել է մի իրավիճակ, երբ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ իրենց արտադրած ապրանքների մեծ մասը նախընտրում էին վաճառել հանրային սննդի օբյեկտների։

«Պետական կազմակերպությունը, որը պետք է մթերի այդ ապրանքը և մատակարարի խանութներին մեծ դժվարություններ ունեցավ և փաստորեն մի շարք քաղաքացիներ բազմաթիվ ապրանքներ գնելու համար ստիպված էին այցելել հանրային սննդի օբյեկտներ։ Այս առումով խախտվում է հավասար բաշխվածության սկզբունքը»։

Հայրապետյանի խոսքով՝ «Արցախ» ռեստորանում իրացվում են այնպիսի ապրանքներ, որոնք արցախյան շուկայում քիչ է հանդիպում, իսկ ռեստորանը գործունեությունը ծավալում է նախապես պահեստավորած ապրանքների հաշվին։

«Շուկայում չկան այնպիսի ապրանքներ, որոնք մեր մենյուի մեջ կան։ Մենք մեր կուտակած ապրանքները, որ ներմուծել էինք, պիտի մեկ ամիս շարունակ վաճառեինք, մեկ ամից հետո էլ դժվար թե կարողանայինք աշխատել։ Բայց արդեն որոշում են ընդունել որ պիտի դադարեցնենք աշխատանքը։ Ի՞նչ ենք անելու... ի՞նչ պիտի անենք. փակելու ենք, գնանք տանը նստենք, պետությունից հաց ուզենք»։

Հերմինե Հայրապետյանը հավաստիացնում է` նույնն է իրավիճակը նաև մայրաքաղաքի սննդի մյուս օբյեկտներում։ Դրանք բոլորը հունիսի 5-ի ժամը 9։00-ից փաստացի չեն աշխատելու, անկախ նրանից ինչքան պարեն ունեն կուտակած։ Զրուցակիցս ասում է, որ տնօրինությունը դեռ պետք է հանդիպում ունենա պատասախանտունների հետո, պարզելու համար` արդյոք հնարավո՞ր է իրացնել կուտակած ապրանքը։

Սահմանափակումները շրջանցում են 50 հոգանոց հարսանեկան և 30 հոգանոց սգո արարողությունները: Լևոն Սարգսյանը նշում է, որ.

«Սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները իրենց ընտանեկան և այլ միջոցառումները չեն կարող կազմակերպել, հատկապես հաշվի առնելով ամառային սեզոնը։ Քաղաքացիները կարող են իրենք գնել սննդամթերք և այն կազմակերպել արդեն այլ վայրերում՝ հանգստյան գոտիներում, որտեղ քաղաքացին ինքն է իր գնած ապրանքը տեղափոխում, պատրաստում և ինքն է կազմակերպում իր համար անհրաժեշտ միջոցառումը»։

Կառավարության տվյալ որոշման ապահովումը վերապահված է ԱՀ ոստիկանությանը, իսկ պետական եկամուտների և պետական տեսչությունների կառավարման կոմիտեները, ինչպես նաև քաղաքապետարանը, շրջվարչակազմերը, համայնքապետարանները աջակցելու են՝ ասում է Լևոն Սարգսյանը։

«Համապատասխան արձանագրություն կազմելուց հետո լինելու է վարչական պատասխանատվությունը, այդ մասով չեմ կարծում, որ մեծ խնդիրներ են լինելու։ Ունենք այնպիսի իրավիճակ, որ 40 կամ 50 տնտեսվարող սուբյեկտներից, արդեն 10-յակ տնտեսվարող սուբյեկտներ չեն կարողացել իրենց համար անհրաժեշտ սննդամթերք գտնել և արդեն իրենց խոհարարական գործառույթը կասեցված է։ Շատերը որոշակի կաշկանդվածություն են ունենում, քանի որ նրանք ունեն մշտական հաճախորդներ և չեն կարողանում այդ հաճախորդներին բացատրել, որ նրանց աշխատանքը չի իրականացվում, քանի որ չեն կարողանում ձեռք բերել սննդամթերք։ Այս օբյեկտների համար այս որոշումը հիմնավորում է, որպեսզի նաև իրենց հաճախորդները իմանան, որ այս օբյետները իրենց կողմից վատ աշխատանքի պատճառով չեն աշխատում»։

Սահմանափակումների պատճառը սննդամթերքի սուղ պաշարների հավասար բաշխվածության ապահովման հարցն է։ Կառավարության որոշումը սննդամթերքի քանակի ու բաշխվածության հարց է լուծելու, բայց առաջացնելու է նաև աշխատատեղերի և զբաղվածության խնդիր։

Last modified on Երեքշաբթի, 04 Հուլիսի 2023 18:14
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ