Նոյեմբերի 21, 2024

Հերթեր՝ Ստեփանակերտի Թումոյի բակում․ երեխաները սովորելու են եկել

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 11, 2023

Շրջափակված Արցախում իր գործունեությունն է շարունակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այն գործում է 2015 թվականի սեպտեմբերի 2-ից: Կենտրոնի ուսանող կարող են դառնալ 12-18 տարեկան այն երեխաները, որոնց հետաքրքրում է նորագույն տեխնոլոգիաների աշխարհը։ Շրջափակված Արցախում ինչպե՞ս են կարողանում կազմակերպել Թումոյի աշխատանքները, ի՞նչ խնդիրների են հանդիպում և ինչպիսի լուծումներ տալիս դրանց։ Մարգարիտա Ղուշունցն է եղել Թումո Ստեփանակերտի կենտրոնում։

 Ստեփանակերտի Թումո կենտրոնի մուտքի մոտ կանգնած երեխաներն, ինչպես այս օրերին յուրաքանչյուր արցախցի սպասում է իր հերթին։ Ի տարբերություն մնացած հերթերի, այստեղ կարգ ու կանոն է։ Նրանք սպասում են դասասենյակ մտնելու իրենց հերթին։ Շրջափակման հետևանքով Ստեփանակերտի Թումոյում ոչ միայն տեղի թումոցիներն են, այլև` շրջանների աշակերտները: Հերթերի պատճառներից մեկը դա է, մյուսը՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները։ Մինչև վերջերս Թումոյի գործունեությունն ընթանում էր բնականոն հունով՝ ասում է Թումո կենտրոնի տնօրեն Խաչատուր Հայրապետյանը։ Շրջափակման ընթացքում երկու օր են խուճապային տրամադրություն ունեցել՝ ասում է։

«Երբ գազն անջատեցին, որոշ ժամանակ չկարողացանք ամբողջական սպասարկել մեր բոլոր ուղղությունները, սակայն կարճ ժամանակ հետո այն կազմակերպությունը, որը սպասարկում էր մեզ կարողացավ մեքենաներ տրամադրել»։

Տրանսպորտի, էլեկտրաէներգիայի խնդիրներից զատ, մի կարևոր խնդիր էլ կա՝ հոգեբանական ճնշումը՝ ասում է Խաչատուր Հայրապետյանը։

«Միանշանակ ամենամեծ դժվարությունը հոգեբանական հարվածներն էին, դեմոտիվացիան, ընկճումը։ Մենք ամբողջ թիմով փորձել ենք այնպես անել, որ երեխաների մոտ վերականգնվի մոտիվացիան։ Փորձել ենք նորից ուժ տալ երեխաներին, որ իրենք չընկճվեն, նորից հետաքրքրվեն ու հասկանան, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են»։

Ուսանողներին, աշակերտներին նորից մոտիվացնել ստացվեց, ասում է Ստեփանակերտի Թումո կենտրոնում լուսանկարչություն դասավանդող Դիանա Բալուղյանը, նշում, որ երեխաներից ոմանք սեփական միջոցների հաշվին ամեն օր գալիս-գնում են Ստեփանակերտ, ոմանք էլ՝ դասընթացներին մասնակցելու համար ժամանակավոր կացարան են խնդրել մայրաքաղաքում ապրող բարեկամներից։ Լիլիթ Գրիգորյանը՝ Մարտունու Թումո-տուփի աշակերտ է, Ստեփանակերտում է` Թումոյի դասընթացներին մասնակցելու համար միայն։ «Շրջափակումը դրական կողմ էլ ունի», կես կատակ կես լուրջ ասում է Լիլիթը ։

«Վեր առաջին օրը եկալըմ հետաքրքրիրա իլալ, օզալ չըմ կտրվիմ տասերան, օզում շատ պեն սվերիմ ու էնմ սվերում։ Տրի դեյից շատ պենմ սվերալ արդեն, վեր հետագայում ինձ պետքա կիլան։ Համ էլ ստեղ նոր ծանոթություններմ ծերքպերալ։ (Երբ առաջին անգամ եկա մասնակցելու դասընթացներին, շատ հավանեցի ու էլ չկարողացա կտրվել։ Սովորեցի 3 Դե մոդելավորում, այն ինձ հետագայում շատ պետք կգա։ Նաև նոր ծանոթներ եմ ձեռք բերել)»։

Նինա Բեկնազարյանը Մարտակերտի Թումո-տուփի սան է։ Շրջափակումը նրան էլ է բերել Ստեփանակերտ, ասում է` լավ կլիներ, եթե հնարավորություն ունենային Մարտակերտում սովորել այն, ինչ այստեղ, բայց խնդիրը համատարած է։ Արդեն երկու շաբաթ է այստեղ եռաչափ մոդելավորման աշխատարանում սրի մոդել է պատրաստում։

«Կյամում ստեղ ու ստեղ շատ հավեսա անցկենում , միջավայրը լյավնա ։ Եռաչափ մոդելավորմանաշխատարանում սարքում սուր։ Տա ինձ շատա տուրեկալ,կինոներում վեր եշում հետաքրքրումա։ (Այստեղ դասերը հետաքրքիր են անցնում։ Մեծ ոգևորությամբ եմ գալիս, միջավայրը լավն է։ Եռաչափ մոդելավորման աշխատարանում սովորում եմ սուր պատրաստելու ձևը։ Ինչո՞ւ սուր, որովհետև ինձ դա շատ է դուր գալիս )»։

Լուսանկարչության աշխատարանի ուսանողները պատրաստվում են հուլիսի վերջին կայանալիք ցուցադրությանը։ Ինչ խոսք՝ հետաքրքրիր և տարբերվող աշխատըանքներ են։ Ստեփանակերտցի Տաթև Օհանջանյանը 4-րդ տարին է, ինչ ուսանում է Թումոյում, այս փուլում մասնակցում է լուսանկարչության աշխատարանին, ասում է ՝ Թումոյի շնորհիվ ամեն անգամ նորովի է բացահայտում նորագույն տեխնոլոգիաների աշխարհը․

«Արդեն ավարտելու պրոցեսում ենք, մնում է կատարենք նկարահանումները։ Իսկ Թումոյի հետ պլաններս տեսնում եմ այթի ոլորտում աշխատելու մեջ։ Այսինքն այն գիտելիքը, որ տալիս է Թումոն, կարծում եմ հետագայում ինձ պետք կգա»։

Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի հուլիս ամսում բոլոր դասընթացավարները, արտասահմանի տարբեր մասնագետներ հավաքվում են տարբեր Թումո կենտրոններից և միաժամանակ կազմակերպում են աշխատարաններ, որոնց ընթացքում նոր նախագծեր են կազմում։ Այս տարին բացառություն չէ, ասում է Խաչատուր Հայրապետյանը, ներկայացնում Արցախի Թումոյի «ուրիշ հուլիսի» այս տարվա ծրագրերից մեկը ։

«Հիմա ռոբոտաշինության և երաժշտության դասընթացներն իրար հետ համագործակցելով են աշխատում։Առանձին աշխատարան են պատրաստել երգող ռոբոտներ են ստեցղծում։ Ստեղնաշարային թվային գործիքի վրա համակարգչի ներսում եղած ձայներով կարողանում են նվագել ։Ուսանողները տարբեր տեսակի ձայնով գործիքավորում են անում և ռոբոտներն են նվագում»:

Անցյալ տարի «ուրիշ հուլիսին» Ստեփանակերտի Թումո կենտրոնը ներկայացել էր լուսանկարչական նախագծով։ Այն ներկայացրել էր Դիանա Բալուղյանը, այս տարի, սակայն, շրջափակումը դրան էլ խոչընդոտեց՝ ասում է․

«Ցավոք այս տարի միայն մի գյուղ ենք հասցրել գնալ՝ Շահմասուր։ Գյուղի մասին իմացանք, երբ այնտեղից ուսանող եկավ և այնքան պատմեց,որ հետաքրվեցինք և գնացինք նկարելու։ Հիմա հնարավոր չէ, բայց հույս ունենք, որ շուտով հնարավորություն կընձեռվի կրին այցելել գյուղեր և նկարահանումներ կատարել» ։

Դիանայի խոսքով՝ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ տեսական մասն ավարտելուց հետո պետք է անցնեն գործնականի, համապատասխան նյութերը չեն կարողանում խանութներից գտնել։ Այստեղ արդեն օգնության են գալիս սեփական պատկերացումները։

«Մեր միջոցներով ենք պատրաստում նյութերը։ Եվ հաճախ երեխաները իրենց տներից են բերում փայտ կամ անհրաժեշտ իրը։ Մասնագետների պակասն էլ լրացնում ենք տեղացի դասընթացավարներով»:

Չնայած բոլոր դժվարություններին Թումո կենտրոնը շարունակում է իր գործունեությունն Արցախում ՝ նույն եռանդով ու ոգևորությամբ։ Արձակուրդներից հետո՝ պատրաստ ընդունելու նոր աշակերտների ։

Last modified on Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 13:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ