Ապրիլի 27, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հուլիսի 15, 2023

Արցախի և հայկական պետականության համար անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունն, անկասկած, արդեն երկրորդ օրը շարունակվող հանրահավաքներն են Արցախում և Հայաստանի տարբեր բնակավայրերում: Եւ շատ կարևոր է, որ այդ հանրահավաքների օրակարգում ոչ միայն Քաշաթաղի միջանցքի բացման, այլ նաև` կրկին «Միացման» գաղափարն է:

Իհարկե, վերջին հանրահավաքները պայմանավորված են նաև Բրյուսելում այսօր սպասվող բանակցություններով` ՀՀ վարչապետի և Ադրբեջանի բռնապետի միջև, որոնք կանցկացվեն Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հանդիպման օրը նախատեսված էր եկող շաբաթ, սակայն փոփոխվել է վերջին պահին: Թեև հանդիպման օրվա փոփոխության հիմնավոր պատճառներ չեն նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ բաքվյան բռնապետը փորձում է արագացնել իրադարձությունները, և գոնե հայտարարությունների մակարդակով էյֆորիայի հերթական դեղաբաժինը ներարկել սեփական բնակչությանը: Ու թեև չարժի ունենալ մեծ ակնկալիքներ բրյուսելյան հանդիպումից, Ալիևն իսկապես կարիք ունի շտապելու: Դրա կարևոր պատճառներից մեկը միջազգային ճնշումների ավելացումն է Ալիևի վրա` ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, այլ նաև՝ ներպետական հարցերում: Ընդ որում, դա արվում է ոչ միայն ուղղակի ձևով, այլ նաև` Ադրբեջանի ներսում հակաիշխանական տրամադրությունների օգտագործմամբ: Մեկ այլ կարևոր պատճառը` ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սառնացումն է, պայմանավորված` Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներով: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ կարող է ոչ միայն վտանգվել Թուրքիային և Ռուսաստանին այդքան անհրաժեշտ ցամաքային ուղիղ հաղորդակցության ուղիների ստեղծումը Սյունիքի մարզում, այլ նաև` կարող է թուլացնել Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախմբի անգործությունը և չմիջամտությունը` Արցախի բնակչության պաշտպանության ապահովվման գործում: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերություններում սառնացումները, հիմնականում, երկար չեն տևում, և, ինչպես պատմությունը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, ավարտվում են զիջումներով` առաջին հերթին հենց ի վնաս Հայաստանի: Սակայն, ինչպես ասում են, ավելի լավ է ճնճղուկը ձեռքում, քան` արծիվը երկնքում: Եւ նույնիսկ հայտարարությունը, թե կողմերը «ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները», բավական է սեփական ժողովրդին «արցախյան հակամարտության փակված լինելու» մասին հեքիաթով ևս որոշ ժամանակ կերակրելու համար: Այդուամենայնիվ, թեև հայկական կողմը վերջին շաբաթների ընթացքում առերևույթ իջեցրել է նշաձողը բառապաշարի առումով, սակայն` փաստացի քայլերի առումով Հայաստանը, ավելի քան երբևէ, ակտիվ զբաղվում է իր ռազմական կարողությունների վերականգնմամբ և ավելացմամբ: Ինչպես Սուն Ցզին էր ասում` «պատերազմը մոլորեցնելու արվեստ է», և երբեմն` բառերն ու արտահայտությունները սոսկ քող են` իրական գործողությունների համար:

Իսկ գործողություններ, իրոք, կատարվում են, և Հայաստանն ամրապնդում է ռազմական և ռազմավարական համագործակցությունը ինչպես նոր, այնպես էլ՝ վաղեմի գործընկերների հետ: Եւ դա նաև պայմանավորված է Ռուսաստանի կողմից ոչ միայն իր` պայմանագրերով նախատեսված սպառազինությունների չմատակարարմամբ, այլ նաև` այլ պայմանագրերով նախատեսված դաշնակցային պարտավորությունների չկատարմամբ: Եւ այն փաստը, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախումբն այսօր ոչ միայն չի զբաղվում իր ուղղակի պարտականությամբ` բաց պահելու Քաշաթաղի հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը և հակազդելու Արցախի դեմ ադրբեջանական հաճախակիացող հարվածներին, այլ նաև` ամբողջությամբ պաշարված և սովի շեմին հայտնված Արցախ է ներկրում սնունդ` միայն իր անձնակազմի համար, պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ Հայաստանն իբր երես է թեքել Ռուսաստանից, այլ` ընդհակառակը: Հայաստանի բոլոր կենսական ենթակառուցվածքներն անկախությունից ի վեր ի սպաս են դրվել Ռուսաստանին, Արցախի կենսունակությունն ի պահ է տրվել Ռուսաստանին: Նույնիսկ հասել է այն բանին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաներ ունենալն ավելի էժան է նստում Ռուսաստանի վրա, քան` իր տարածքում պահելը, քանի որ Հայաստանում դրանց համար վճարում է Հայաստանի քաղաքացին: Եւ ստեղծվել է մի աբսուրդային իրավիճակ, երբ հայաստանցի հարկատուն վճարում է ռուսաստանյան զորախմբի ուղղաթիռների վառելիքի և զինվորների սննդի համար, և այդ սնունդը հասնում է Արցախում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազա, սակայն միևնույն ժամանակ` Արցախում ապրող և ՀՀ անձնագիր կրող քաղաքացիները զրկված են թե՛ սննդից, թե՛ վառելիքից:

Վերադառնալով վերջին հանրահավաքներին. հանրահավաքներն, իհարկե, կարևոր են: Բայց պետք է հստակ գիտակցել, որ չարիքի ներկայությամբ աչքերը փակելով կամ գլուխն ավազի մեջ խրելով, անհնար է պայքարել դրա դեմ: Իրականությունից փախչելով անհնար է խուսափել իրականության հետ առերեսվելուց: Եւ պետք է հստակ գիտակցել, որ թշնամին ձգտում է պատերազմի և ամեն օր մոտեցնում է այն: Դա չտեսնելու տալով, կամ դրա մասին չմտածելով անհնար է խուսափել դրանից: Իսկ թշնամին Արցախում կիրառում է նույն ռազմավարությունը, որը կա, օրինակ, Եմենում կամ Պաղեստինում. փակել սննդի, դեղորայքի, վառելիքի մուտքը և դանդաղ հյուծել, ինչպես վիշապօձն է փաթաթվում իր զոհին և դանդաղ սեղմելով շնչահեղձ անում նրան: Իսկ մարդկությունն ապրում է անտառի օրենքներով, և այն տեսակները, որոնք չեն կարողանում իրենց պաշտպանել` ոչնչանում են:

Հետևաբար` պետք է մշտապես հիշել. աշխարհաքաղաքական տարբեր խաղացողներ կարող են միայն օգնել, խանգարել, կամ՝ չեզոք մնալ, բայց մեր փոխարեն ոչ մեկը չի անելու մեր գործը։ Իսկ մեր գործը` մեր Հայրենիքը պահելն է, վերաազատագրելը և միավորելը:

Last modified on Շաբաթ, 15 Հուլիսի 2023 10:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ