Խաղաղություն երազող բազմանդամ ընտանիքն ապրում է Ճանկաթաղում. թշնամուց մի քանի տասնյակ մետր է հեռու: Շրջափակման պատճառով գործազուրկ դարձած, երեխաների նպաստով ու ամուսնու զինվորական թոշակով է ապրում։ Գարսևանն ու Գայանեն տարիների ընթացքում հասցրել են հայրական տունը վերանորոգել ու հարմարեցնել կենցաղին։ Ամեն դժվարության հարմարվող ու հաղթահարող ընտանիքը թշնամուն այդքան մոտ լինելուն չի հարմարվում, ամենօրյա կրակոցներին՝ նույնպես։ Եթե դրսում խաղալիս 3-ամյա Էրիկը լաց է լինում, տանը հասկանում են, որ նորից կրակել են, փոքրիկին վախեցրել։
Դժվար է այս պայմաններում ապրելը, բայց ավելի դժվար է այստեղից հեռու ապրելը։ Բազմազավակ ծնողների մասին լսե՛նք Անի Աբաղյանի ռեպորտաժում։
Ասֆալտապատ ճանապարհից դուրս՝ խոտածածկ արահետով բարձրանում ենք, թթենու տակ պառկած ոչխարների կողքով անցնում, մի քիչ էլ բարձրանում ու հասնում Սարգսյանների տուն։ Բազմանդամ ընտանիքից և ոչ մեկը բակում չէր․ Նարեն, Մանեն ու Էրիկը տանն էին, մյուսները` գյուղում։ 47 տարեկան տիկին Գայանեն 7 երեխայի մայր է։
— Հինգ տղա, երկու աղջիկ։
— Հիմա այստեղ 5 տուն պե՞տք է սարքեք»։
— Կարևորը ողջ առողջ լինեն, իրենք կսարքեն։ Երկուսը կա, մնաց երեքը։
Մեծ տղան 23 տարեկան է, փոքրը՝ 3։ Երբ Էրիկը ծնվել է, 2 օր անց որդին բանակից ծննդատուն է եկել, նրանց հետ միասին տուն վերադարձել։ Որդիների անունները հաճախ է խառնում, ամուսինը՝ Գարսևանն էլ միայն խառնելով չի սահմանափակվում, նաև մոռանում է՝ ասում են, ծիծաղում։
«Վահագ, Վաչե, Վաչե․ մինչև Վահեին կանչում եմ, Վաչե, Վահագ է դառնում։ Ես էլ մեկ-մեկ խառնում եմ։ Էհ, էդ հեչ, կարևորը խելոք լինեն»։
7 երեխաների ճաշակով օրական երեք անգամ հաց եփելը, հովհարային անջատումների գրաֆիկով լվացք, մաքրություն անելը այդքան էլ հեշտ գործ չէ։
«Մարդ կա՝ ասում է ապուր չեմ ուզում, գնում եմ ձու պատրաստեմ, ուտեմ․ էս մեկը չեմ ուտում, էն մեկը չեմ ուտում։ Գիտես, թե հե՞շտ ա»։
«Եփած միս չեն ուտում, բայց դու էդ նույն միսը տապակես, խորովես կամ կոտլետ պատրաստես, չես հասցնի վերցնել։ Միանգամից իրենք ուտում են»։
Օրվա ընթացքում որքան հաշտ, մի քանի անգամ ավել խռով են լինում․ «կռվում են, խաղում, ներվերս ուտում են»՝ ասում է Գայանեն։ Միևնույն ժամանակ տունը տուն չէ, երբ նրանցից մեկը տանը չէ։ Սուրճի ժամին դեռ 7-ը չեն մասնակցում․ փոքրերը նստում են, խառնվում մեծերի խոսակցությանը, բայց այ ճաշի սեղանին փոքրերը ոչ մի դեպքում հերթ չեն տալիս։ Բայց նրանք ծնողների համար 3-րդ ձեռք են, օգնական։
«Նրանցով ենք ապրում։ Ամեն ինչում օգնում են․ թութ թափել, առօրյա գործեր։ Անգամ Էրիկն է մեզ օգնում, որ ասում եմ ջրի շիշը բեր, բերում, հասցնում է, էլի մի բան ա»։
Տան հիմնական եկամուտը Դրմբոնի հանքի աշխատանքից էր ստացվում։ Շրջափակման պատճառով տղաները գործազուրկ են դարձել․ հիմա ապրում են երեխաների նպաստով ու ամուսնու զինվորական թոշակով։ Տիկին Գայանեն ու ամուսինը արդեն մտածում են երեխաներին սեպտեմբերի 1-ի նախապատրաստելու մասին։
«Դժվար է, առաջ գոնե աշխատում էին, հիմա որ հանքը փակվել է, դժվար է։ Դպրոցը փակվելն ու սեպտեմբերը գալ մեկ է լինում։ Հիմա էլ պիտի դրա հոգսը անենք։ Ես դա չեմ հագնում, չեմ ուզում, աղջիկներից մեկը լայն փողքերով տաբատ ունի ես էլ եմ ուզում։ Մինչև ճանապարհը փակվելը լավ էր, բերում էին գյուղում վաճառում, ես էլ ամեն ինչից վերցնում էի, կես-կես վճարում։ Հիմա պիտի գնանք քաղաքից գնենք։ Ամենաանորակ կոշիկը տասնքանի հազար է»։
Գայանեն ու Գարսևանը, հակառակ երեխաների, հարմարվող են․ ընտանեկան դժվարությունները սովորական են դարձել, 44-օրյա պատերազմից հետո՝ երկրորդական։ Հիմա թշնամին ուղիղ նայում է Ճանկաթաղի երկու տներին էլ։ Վտանգը մեծ է, բայց հայրենի գյուղում ապրելու ցանկությունը ավելի մեծ։
«Օրինակ երբ Ստեփանակերտ, Մարտակերտ եմ գնում մի քանի ժամով, շտապում եմ գյուղ, տուն հասնեմ։ Չեմ կարողանում ուրիշ տեղ մնամ, ասում եմ շուտ անեմ, գնամ»։
Հարևան տանն էլ Գարսևանի եղբոր ընտանիքն է ապրում, 5 երեխա էլ իրենք ունեն։ Երբ աշխատանքից հոգնած տուն է գալիս ու բոլորը միասին խաղում, գոռում կամ լացում են, չգիտի՝ տնից դուրս գա, նրանց տնից հանի, թե․․․։ Զրուցակիցներս վաղուց երրորդ տարբերակ են ընտրել․ նրանց լացի ու ծիծաղի ձայնը լավագույն օրորոցայինն ու զարթուցիչն է։ Բազմազավակ ծնողները նորաստեղծ ու արդեն վարժ ընտանիքներին խորհուրդ են տալիս շատ երեխաներ ունենալ․ պատերազմում զոհված տղաներին փոխարինել չենք կարող, բայց նոր կյանք ստեղծել՝ կարող ենք։