Նոյեմբերի 21, 2024

Կապի անվտանգություն և տվյալների պաշտպանություն: Առաջիկա օրերին արդեն հասանելի կլինի «ArtsakhX» հավելվածը

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 19, 2023

«Zangi» ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս հայտնել է, որ ընկերության և ԱՀ կառավարության միջև ստորագրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Նախագիծը կանվանվի «ArtsakhX»։ Համակարգից օգտվելու համար պետք կլինի ունենալ համապատասխան հավելվածը: Ի՞նչ հնարավորություններ այն կտա և ի՞նչ խնդիրներ կլուծի: Այս և այլ հարցերի շուրջ Վիկտորյա Սարգսյանը զրուցել է Վահրամ Մարտիրոսյանի հետ:

 

44-օրյա պատերազմից հետո թշնամու թիրախում հայտնվեցին նաև Արցախի կապի ենթակառուցվածքները: Ադրբեջանական կողմը մի քանի անգամ վնասել է ՀՀ-ից Արցախ եկող մալուխները, ինչի հետևանքով ինտերնետ ու հեռախոսակապն ընդհատվել էր: Այսօր նման խնդիր, կարելի է ասել, չկա: Բայց, ճանաչելով մեր թշնամուն, վտանգը շարունակում է արդիական մնալ:

Կապի անվտանգություն և տվյալների պաշտպանություն՝ սրանք այն երկու հիմնական խնդիրներն են, որոնք լուծելու է ArtsakhX ծրագիրը՝ ասում է Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

«Տվյալներն ու կապը անվտանգության անկյունաքարերն են: Անվտանգությունն ամեն տեղ սկսվում է կապից ու տվյալների պաշտպանությունից: Այս առումով մենք լուծել ենք այս երկու կարևոր խնդիրը, որոնք, կարծում եմ, այսօր Արցախի համար կենսական նշանակություն ունեն»:

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ Արցախի կառավարության հետ արդեն կար համագործակցություն նման ծրագիր ստեղծելու ուղղությամբ:

«Դեռ ապրիլյան պատերազմից հետո մենք էինք առաջարկներով հանդես գալիս տարբեր պետական մարմիններին, բայց համապատասխան աջակցություն չէինք ստանում, հետաքրքրություն չկար: 2020 թվականի պատերազմից ընդմամենը շաբաթներ առաջ ես Արցախի կառավարության հրավերով Արցախում էի, և հետաքրքիրն այն է, որ Արցախն այս առումով ավելի առաջադեմ էր, և հենց այնտեղից էր գալիս այդ հետաքրքրվածությունը: Եվ արդեն կար պայմանավորվածություն նման ծրագրի վրա աշխատելու համար»:

Պատերազմի հետևանքով կասեցված աշխատանքները վերսկսվեցին անցած տարի` ավելի մեծ թափով: Դրանց արդյունքն էլ հենց ArtsakhX-ն է: «X» նշանակում է պաշտպանվածություն, կոդավորում՝ ասում է Վահրամ Մարտիրոսյանը: Նա առանձնացնում է ծրագրի մի շարք առանձնահատկություններ:

«Կապի պաշտպանության մասով կիրառվում է այսօր աշխարհում գործող լավագույն կոդավորման համակարգը: Այն հաստատված է ՆԱՏՕ-ի, Պենտագոնի կողմից: Կիբեռանվտանգության ոլորտի աշխարհի լավագույն մասնագետները խորհուրդ են տալիս այս կոդավորման համակարգը, որն էլ տեղադրված է ArtsakhX ծարգրի մեջ»:

Բացի սրանից, ծրագրի սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։ Այն է՝

«Ոչ մի տվյալ Արցախից դուրս չի գալու: Ոչ ոք չի կարող ունենալ որևէ հասանելիություն: Օրինակ, տեսեք, մենք հիմա Whatsapp-ով կամ Messenger-ով խոսում ենք, և մեր տվյալները անցնում են երրորդ կողմին՝ ԱՄՆ-ին, Իռլանդիային կամ ուրիշ պետություններին: Իսկ ArtsakhX-ի դեպքում այդ ամբողջը գտնվում է հենց Արցախի ներսում: Դեռ ավելին, մենք աշխատանքներ ենք տարել, որ նույնիսկ Արցախի` ինտերնետից անջատման դեպքում ծրագիրը շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում։ Քանի որ իր բոլոր ենթակառուցվածքները գտնվում են Արցախի ներսում, մենք իրականացրել ենք ինտեգրացիա քաղաքացիական GSM համակարգի հետ, ինչն էլ թույլ է տալիս կապ ապահովել Արցախի ներսում»:

ArtsakhX-ն աշխարհում եզակի լուծում է, որը թույլ կտա ռազմական պայմաններում օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքները, ասում է Վահրամ Մարտիրոսյանը:

Ծրագիրն ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից` ամբողջովին անհատույց սկզբունքներով։ Հավելվածը մի քանի ամիս շարունակ թեստավորվել է և արդեն պատրաստ է օգտագործման համար: Առաջիկա օրերին այն ամբողջությամբ հասանելի կլինի բոլորին:

 

Last modified on Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023 14:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ