Նոյեմբերի 24, 2024

Հացի խնդիր

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 01, 2023

Վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է։ Տեղեկություններ են շրջանառվում, թե հաց չի լինելու։ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հերքում է այդ տեղեկությունը։ Ալրաղացներն ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը, ասվել է Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։ Սրբուհի Վանյանն անդրադարձել է հացի խնդրին։

 «Էս հիմա հաց չկա՞, հիմա թխում են, թե՞ ոչ։ Չեն թխում»։

Սա թոփ հարցերի առաջին հորիզոնականը զբաղեցնող հարցն էր այսօր և նույնիսկ հետին պլան էր մղել՝ «բա, սրա վերջն ի՞նչ կլինի» հարցին։ Քաղաքում հացի խնդիր կա։ Մարդիկ առավոտյան ժամը 5-6-ից հերթապահում են փռերի մոտ՝ ընտանիքի օրվա հացաբաժինը տուն տանելու համար։ Հաճախ հեռավոր ծայրամասերից են հասնում այնտեղ, մի քանի խանութ ու փուռ այցելելուց և այնտեղից հաց գնելու վերջին հույսը կորցնելուց հետո։

Ստեփանակերտի այսպես կոչված «Էնգելսի մոստ»-ի հացի փռում լույս չկար։ Գրաֆիկն այդպիսին է՝ մարդիկ գիտեն և չնայած հոգնած են, իսկ տանը հացի են սպասում, բողոքող չկար։ Մի տղամարդ, հավաքվածների մեկնաբանություններին ուշադրություն չդարձնելով, ինչ որ ցուցակ էր անում․

«330 հաց։ Այդքան կկարողանա՞ք տալ։ Հիմա ավելի լավ չի՞, որ չգրենք, այդ մարդիկ իզուր չգան սպասեն»։ 

«Մելանյա՝ 112, - շարունակում է տղամարդը, - Սվետա բաբո՝ 113...»։

«Չէ, մատաղ ինիմ, ինձ գրանցում մէլ ՝ հնչում է Սվետա բաբոյի ձայնը, մեր բալկոնին տակն ա, լի, առավոտ 7-ին կկյամ․․․»։ (Չէ, մատաղ, ինձ մի՛ գրանցիր, մեր պատշգամբի տակն է, էլի, առավոտյան 7-ին կգամ:)

Մեր հարցին ի պատասխան, թե՝ ինչքա՞ն մարդ է գրանցվել, և ե՞րբ պիտի սկսեն հաց վաճառել, տղամարդը պատասխանում է՝

«150 հաց են թխելու, բայց 330 հոգի արդեն գրանցել են»։ 

Հերթ բռնողներից 330-ը տեղում չեն, ցրվել են տներով և փռի մոտ կհավաքվեն միայն ժամը 17:00-ին մոտ, երբ լույսերը տան, բայց 331-րդը, 332-րդը շարունակում են հերթագրվել․ հաց, չնայած հանգամանքներին, պիտի տուն տանեն։

«5-ից հետո՞։ Այդքան պիտի սպասե՞նք։ Դու ումի՞ց հետո ես։ Բա այսպիսի կրակ կլինի․․․․»։

Բայց չէ՞ որ չի հասնի, հարցնում եմ հերթում սպասողներին։ Ի պատասխան՝ հերթում կանգնածների մի մասը լռում է, հերթ պահող տղամարդը պատասխանում է բոլորի փոխարեն․ վաղը, վաղը կգան, այսօր թող դիետա պահեն։ Նրա կատակին մարդիկ չեն արձագանքում՝ սիրտ չկա։ Յուրաքանչյուրն իր մտքերի հետ է, փորձում են լուծել հավասարումը, թե ինչպե՞ս անեն, որ այդ 150 հացից բաժին հասնի նաև իրենց՝ ցուցակով 330-ից այն կողմ գտնվողներին։

Հացի փռի սեփականատեր Արսեն Աղասյանն ասում է՝ մեր աշխատանքում այս օրերին ոչինչ չի փոխվել․ աշխատում ենք 24 ժամ, ստանում ենք օրական 10 պարկ ալյուր, թխում և բաշխում։ Իմ արտադրամասի հզորությունն այդքան է։

Վերջին մեկ օրվա մեջ տարածված ասեկոսեները, թե հաց չի լինելու, ԼՂՀ կառավարությունն անհիմն է համարում, Տեղեկատվական շտաբն արդեն հանդես է եկել պարզաբանմամբ։ Այդ պարզաբանումն ամենևին չի ցրել բնակչության մտահոգությունը․ խանութներում պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան վաղուց։ Այսօրվանից չկա նաև հաց։ Կլինի՞ այն վաղը , թե՞ ոչ՝ հարց է, իսկ ուտել երեխան պահանջում է ամեն օր։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ