Նոյեմբերի 21, 2024

Համընդհանուր աղետ․ ինչպե՞ս են այն հաղթահարում Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 02, 2023

Ստեփանակերտի՝ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության սաներն ընդամենը մի փոքրիկ մասն են արցախցի երեխաների, որոնք հայտնվել են հումանիտար աղետի շեմին։ Նրանք մեծ աշխարհի խաղից ոչինչ չեն հասկանում, գիտեն միայն, որ ընկեր Համեստն իրենց այլևս չի տանում քաղաքից դուրս հանգստանալու, քաղցրավենիք ու շոկոլադ չի հյուրասիրում։ Խնամակալներն էլ ավելի քիչ են իրենց հետ ժամանակ անցկացնում։ Գիշերօթիկի երեխաները չգիտեն. այդ ժամանակը հաստատության աշխատակիցները հերթերում են անցկացնում․ սաների համար ուտելիք գտնելու փնտրտուքի մեջ։ Սրբուհի Վանյանն է ծանոթացել երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության առօրյային` շրջափակման պայմաններում:

Ստեփանակերտի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության խնդիրները, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախում առաջացած արդեն խոր ճգնաժամի պատճառով, օրեցօր ավելի են սրվում։ Հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանն ու մյուս աշխատակիցները, որ այս տարիներին կյանքի հարվածներից խոցելի դարձած այս երեխաների համար փորձել են փոխարինել ընտանիքին և փոքրիկ ուրախություններ պարգևել, այսօր հուսահատ վիճակում են։ 0–5 տարեկան երեխաներին շատ բան չես բացատրի, իսկ ունեցածը, մեղմ ասած, սուղ է։ Տնօրենն է ներկայացնում իրավիճակը։

«Շրջափակման պատճառով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում գիշերօթիկ հաստատությունը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել։ Հացը և այլ ուտելիք, որ հաջողվում է հայթայթել, ոտքով ենք հասցնում հաստատաություն։ Երբեմն էլ` ամբողջ օրը կորցնելով, դատարկ ենք գալիս: Առանց քաղցրավենիքի, միրգ բանջարեղենի, 21-րդ դարում ապրում են Արցախիս ոչ միայն գիշերօթիկի, այլև մյուս երեխաները»:

Հիվանդանոց էլ` երեխաներին ոտքով են տանում, երբ ծագում է անհրաժեշտությունը, շարունակում է զրույցը տիկին Համեստը, ընդգծելով՝ չի տարբերակում իր հաստատության երեխաներին Արցախի 30.000` առանց միրգ ու քաղցրավենիք մնացած երեխաներից, սիրտը ցավում է բոլորի համար, բայց ձայնը բարձրացնում է առաջին հերթին իր խնամակալությանը հանձնված մանուկների համար։ Հաստատության աշխատակիցները, մեկ ընտանիքի նման, իրար սատարելով փորձում են հաղթահարել իրավիճակը, բայց դա դժվարությամբ է հաջողվում, ասում է զրուցակիցս։

«Մի քիչ լոբի ու վարունգ ենք ցանել այստեղ՝ հողամասում, քաղում, տալիս ենք երեխաներին։ Այս տարի պոմիդոր չեն կերել․ մեկ երեխայի օրական սնունդը 1300 դրամի չափով է, 2500-ից պոմիդոր գնելով, կամ 5000-ից 7000՝ միս, մենք չենք կարող երկար ձգել»:

Ինչքա՞ն կտևի անհանդուրժելի վիճակը՝ հարց է ու կախված աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների կամքից, գուցե, բայց թե այդ խաղն ինչ հետևանքներ կթողնի այստեղ ապրող անմեղ մանուկների վրա, որոնց պաշտպանության մասին բարձրագույն ատյաններից բազմաթիվ զեկույցներ են հրապարակվում տարբեր առիթներով, ստացվում է՝ քչերին է հետաքրքիր։

Առայժմ, ստեղծված իրավիճակը մասամբ հաղթահարելու համար հաստատության երեխաներին օգնության ձեռք են մեկնում բարեգործները։ Հնարավորության շրջանակներում։

«Զագլիկ համայնքի բնակիչներն են որոշ քանակի միրգ ուղարկել, ինչի համար շնորհակալական նամակ եմ գրել նրանց, Վալեքս գրուպն է մի քանի անգամ միրգ ու բանջարեղեն ուղարկել։ Այդքանը»:

Այն, ինչ դեռևս կարելի է գտնել պետական պահուստում, գիշերօթիկ հաստատությունն ստանում է սահմանված կարգով։ Բայց դա ևս անսպառ չէ։ Վերջանում են հիգիենայի պարագաները, կենցաղային-տնտեսական նյութերը։ Վաղուց չկա կաթնամթերք, 7 ամսական երեխա ունեն, որի կաթնախառնուրդը վերջանալու վրա է։

Գիշերօթիկի սաներին ընկեր Համեստը հաճախ էր տանում զբոսանքի, քաղաքից դուրս՝ բնության գրկում հանգստանալու։ Հիմա զրկված են դրանից՝ վառելիք չկա, և ամառային հանգստի մասին նրանք չեն էլ կարող երազել։ Ցերեկվա տապից պատսպարվում են հաստատության պատերի ներսում, երեկոներն անցկացնում բակում կամ հողամասում։

«Տարբեր ինտելեկտուալ խաղերով զբաղեցնում ենք երեխաներին, բայց դա, իհարկե, բավարար չէ, քանի որ երեխաները համապատասխան սնունդ չեն ստանում»:

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ներսում իրավիճակը չի տարբերվում Արցախի ընտանիքներում առկա իրավիճակից, աղետը համընդհանուր է, բայց դա իհարկե չի մեղմում հաստատությունում իր անկոնֆետ մանկությունը անցկացնող 5-ամյա փոքրիկի թախիծը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ