Նոյեմբերի 22, 2024

Հողի ուժը․ 90-ամյա կինը այդ ուժին ապավինելով է հասել 21 րդ դար

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 04, 2023

90-ամյա Հայկանուշ Բարսեղյանն Ստեփանակերտի` միայնակ տարեցների խնամքի տուն-ինտերնատի մշտական բնակիչներից է։ Առույգ, լավատես տարեց կին է, և չնայած կյանքի հարվածներից մի քանի անգամ ճկվել է, բայց չի կոտրվել։ Բոլորին հույս է տալիս, լավատեսություն ներշնչում վաղվա օրվա հանդեպ։ Սրբուհի Վանյանն է զրուցել նրա հետ։

Հայկանուշ Բարսեղյանն արդեն 8 տարի ապրում է տարեցների խնամքի` Ստեփանակերտի տուն-ինտերնատում։ Արդեն սեփական տուն է համարում այն, հարմարվել է, մտերմացել և բնակիչների, և աշխատակիցների հետ։ 90-ամյա կնոջ կյանքի պատմությունը ծանր է, անցել է փորձություններով, դժվարություններով, տարել դժբախտություն դժբախտության հետևից։ Ասում է՝ չգիտեմ ինչ նյութից եմ շինված, որ կարողացել եմ ապրել մինչև այս օրերը, կոտրվել եմ, նորից շտկել մեջքս։

«Որ պատմեմ՝ կերկարի, Ջաղացներ գյուղից եմ, 14 տարեկան էի, որ եկա Ստեփանակերտ, ֆաբրիկայում գործի մտա։ 8 տարի աշխատեցի, հետո ինձ փախցրեց ամուսինս։ 22 տարեկանում ամուսնացա, 25-ում այրիացա»։

Որդին մեկ տարեկան էր, դուստրը դեռ չէր ծնվել, երբ այրիացավ։ Ամուսնու մահից հետո երիտասարդ կինը մնում է 2 մանկահասակ երեխաների հետ միայնակ։ Տարին դժվարին էր, ինքը՝ անփորձ, երիտասարդ։ Իսկ երեխաներին ոտքի կանգնեցնել էր պետք։

«Եկա հայրական տուն, մորս ասացի՝ դու երեխաներս պահիր, տղա ու աղջիկ էին, ես այր մարդ եմ այսուհետև, սար ու ձոր ընկա, երեխաներիս մեծացրի»։

Բայց կյանքը նրա համար այլ հարվածներ էլ էր պահել։ Դուստրը քրոնիկ հիվանդություն է ձեռք բերում։ Պատմում է. «Ի՞նչ անեմ, փողի համար գիշեր-ցերեկ աշխատում էի, որ հասցնեմ, իսկ մայրս մեծ կին էր՝ մի բան հասկանում, 10-ը չէր հասկանում։ Հիվանդացավ երեխան։» Տարիներն անցան և որդին ամուսնացավ, կնոջ հետ տեղափոխվեց Աշխաբադ։ Դուստրն Ստեփանակերտում էր։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, որդին վերադառնում է հայրենիք՝ պաշտպանելու։ Զոհվում է Արցախյան առաջին պատերազմում։ Երկար հիվանդությունից հետո մահացավ նաև դուստրը։

3 ամիս կորած էր, հետո դիակը գտանք։ Թե ոնց է պատահել՝ չգիտեմ, ճանաչեցինք իմ գործած գուլպայով, որ հագին էր, ոտի կեսն էր մնացել, հասկացանք, որ Աշոտս է»:

Հայկանուշ տատիկը մնաց միայնակ և մենակությունը փարատելու համար իր համար տան օգնական վարձեց․ թոշակի կեսը տալիս էր, որ օգնի իրեն, մենակ չլինի։ «Ընկեր էր իմ համար ու հարազատ», վերհիշում է զրուցակիցս։ Բայց տեսա, որ էլ չեմ կարողանում մենակ ապրել, եկա այստեղ։

«Եկել եմ այստեղ, շնորհակալ եմ, չեմ զգացել, թե ծերանոցում եմ, մի պատշգամբ կա, երևում է ստեղից, ոնց որ իմ տանը լինեի։ Հարգում էին ինձ, պատիվ ունեի։ Բոլորից շնորհակալ եմ»:

Որդու զոհվելը լրիվ թևաթափ է արել արդեն ծերություն ոտք դնող կնոջը, կոտրել մեջքը, հասկացել է, որ իր ապահով ծերությունը միայն պետությունը կարող է ապահովել։

«Այս մատերով 6 դիակ եմ մեր տնից վերցրել, ես՝ մենակ։ Քույրս, մայրս, աղջիկս, տղաս, ամուսինս․․․ մայրս 101 տարի ապրեց։ Մնացածին ջահել թաղեցի։ Ամուսինս երբ մահացավ, որդիս 1 տարեկան էր։ Իր որդին էլ մեկ տարեկան էր, երբ զոհվեց ինքը»:

Երկար պատմում է 90-ամյա կինը` իր դժբախտ չարքաշ կյանքի պատմությունը, ավելացնելով՝ ամբողջ օրը մեր երիտասարդության համար եմ մտածում, մենք մեր ապրածը լավ-վատ ապրել ենք, ի՞նչ կլինի նրանց վիճակը։ Այս երկիրն ափսոս է, ասում է, չի կարելի այսպես անել․

«Հույսս այն է, որ լավ պիտի լինի։ Մի քիչ կասկածներ կան է․․․։ Եթե թուրքի ասածով անենք՝ լավ չի լինի, ցավտ տանեմ, լավ չի լինի։ Մեր զինքը պիտի հավաքենք, բռունցք դառնանք, երկիրը պաշտպանենք, որ ազգը կորուստի չմատնենք։ Երկու հոգի էլ որ մնան՝ պահելու են»:

Կյանքի փորձ ունի՝ հորդորում է միաբան լինել․ ասում է՝ միայն դա կարող է մեզ այս վիճակից հանել։ Այսպես չի լինի, չի մնա, խոսքն ավարտում է Հայկանուշ Բարսեղյանը։ Կռիվներ մեր հողը շատ է տեսել, և եթե եկել հասել ենք այս օրերը, ուրեմն Աստված մեզ հետ է։ «Էս հողին ուժը մեծ ա, էս հողն ա, վեր մեզ ուժ ա տամ, ըպրըցնում, ծիք կացեք», եզրափակում է զրուցակիցս։

Last modified on Ուրբաթ, 04 Օգոստոսի 2023 15:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ