Նոյեմբերի 21, 2024

Հանրակրթական համակարգը գալիք ուստարվանից առաջ դժվարությունների է բախվել

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 05, 2023

Օրեր առաջ մեկնարկել է ԱՀ հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանցիների ընդունելության գործընթացը։ Շրջափակման պայմաններում նոր ուսումնական տարվա մեկնարկի ֆոնին արդեն կիսադատարկ են հանրապետության գրեթե բոլոր գրախանութները։ Կրթության ոլորտը՝ լի բազմաթիվ խնդիրներով ու սահմանափակումներով։ Լսենք ռեպորտաժը։

Յուրաքանչյուր տարի հուլիսի կեսերից հետո Ստեփանակերտում հերթեր էին առաջանում միայն գրախանութների, հագուստի ու կոշիկի խանութների դիմաց․ ծնողները նախապատրաստում էին երեխաներին նոր ուսումնական տարուն։ Որքանով, որ տարօրինակ, այնքանով էլ հասկանալի է, թե ինչու այս օրերին գրախանութ մտնողների թիվը սակավ է։ Հերթեր կային մեկ շաբաթ առաջ, ասում է Ստեփանակերտի ամենամեծ գրախանութներից մեկի վաճառողուհի Նունե Մարգարյանը։ Չեն հասցրել նույնիսկ ամենամյա տոնավաճառը կազմակերպել, թեկուզ այն ամենով, ինչ մնացել էր անցյալ տարվանից։

«Ամեն տարի՝ հուլիսի 20-ից սկսած դրսում ներկայացնում ենք գրենական պիտույքների տեսականին։ Միշտ ունեցել ենք ապարնքների լայն տեսականի, պայուսակներ, տետրեր, գրիչներ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է դպրոցականին։ Այս տարի՝ ցավոք չենք կարող։ Հաճախորդների հարցերին շատ ժամանակ չենք կարողանում պատասխանել,մարդիկ կան հասկանում են մեզ, մարդիկ էլ կան` պահանջում են»:

Պահանջարկը մեծ է՝ ասում է վաճառողուհին, միջոցներ ու հնարավորություն չկա նոր ապրանքատեսակ ձեռք բերելու․ ուղիները փակ են։ Մեզ հետ խոսում ու ցույց է տալիս դատարկված ցուցափեղկերը, նշում ՝ հատկապես ինչի կարիք կա։

«Գրիչների տեսականուց սպառվել են կապույտ, կանաչ գույները, ներկայացված են սև ու կարմիր գույների գրիչներ։ Տետերերի տեսականուց կա միայն Ա4 ֆորմատի, այն էլ` միայն տողավոր։ Գրչտուփերից ունենք 3 հատ։ Պայուսակների տեսականին է, որ կա։ Մնացած, այն ինչ պետք է երեխաներին, գրեթե չկա»:

Շրջափակումը` շրջափակում, բայց երեխաները պետք է սովորեն, ուսումնական տարվա մեկնարկն էլ հեռու չէ՝ ասում է Գոհարը։ Գրենական պիտույքներ ու դպրոցական պարագաներ գնելու համար, կարծում էր վաղ է, ամեն տարի որդու համար նման գնումներ կատարում էր օգոստոսի 15-ից հետո, սակայն, ինչպես ինքն է ասում՝ այս տարի իրավիճակը փոխվում է խանութից խանութ։ Ուսուցչուհու հետ խորհրդակցելով՝ րոպեների ընթցքում սպառվող տեսականուց միայն որդու ու նրա ամբողջ դասարանի երեխաների համար աշխատանքային տետրեր է հասցրել գնել։

«Միայն մաթեմատիկայի աշխատանքային տետրեր կարողացա գնել առաջին կիսամյակի համար, երկրորդ կիսամյակի համար նախատեսվածը մի օրինակ էր։ Ստիպված վերցրեցի, որ հետո պատճենահանենեք երեխաները ունենան ու սովորեն։ Մայրենի, ռուսաց, ես և շրջակա և այլ տետերեր էլի մի օրինակից կային։ Մինչև դրանք վերցրեցի, որ արդեն գրիչ, քանոն, մատիտ վերցնեմ, արդեն չկար»:

Եթե, որդու համար ինչ որ բան կարողացել է գնել Գոհարը, ապա այլ է պատկերը առաջին դասարան գնացող դստեր պարագայում։ Ստիպված այլընտանքային լուծումների են գնում՝ ասում է.

«Նույնիսկ նկարչական ալբոմ չկա, վաճառողուհին խորհուրդ է տվել ֆորմատի թղթեր գնել ու ալբոմ սարքել։ Ստիպված այդպես ենք արել»։

Չնայած բոլոր այս դժվարություններին և շրջափակման առաջացրած խնդիրներին, նոր ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին։ ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ խնդիրները միայն գրենական պիտույքների բացակայությամբ չեն սահմանափակվում։

«Սկսած նրանից, որ չունենք համապատասխան դասագրքերը, պահեստավորված չկան և այս պահին ձեռք բերել նույնպես չենք կարող։ Եղած գրենականներն ամենայն հավանականությամբ չեն բավարարի երեխաներին։ Կա նաև տրանսպորտի խնդիր՝ երեխաներ կան, որ տեղափոխման կարիք ունեն։ Նաև ուսուցինչներ, որոնք շրջաններում դասավանդում են ու պարտադիր պետք է գնան-գան։ Եթե շարունակվի շրջափակումը խնդիրների շարքն ավելանալու է նաև հոկտեմբերից հետո, երբ հովհարային անջատումների պատճառով չունենանք էլեկտրականություն, առաջանալու է ջեռուցման խնդիր»։

Թե ինչպե՞ս պետք է լուծեն թերևս ամենակարևոր խնդիրներից մեկը՝ համապատասխան ուսուցիչների բացի լրացումը Միքայել Համբարձումյանն է մանրամասնում ։

«Յուրաքանչյուր դպրոցը պետք է ինքը համակարգի այդ աշխատանքը։ Եթե, օրինակ մի դեպքում Ճարտարից Ննգի գալիս ու վերադառնում էին, ապա այս պայմաններում կարելի է ավելի մոտ համայնքներից ուսուցիչներ գտնել։ Չնայած սա էլ մշտական չի լինի, քանի որ եղանակների վատացման դեպքում, կլինեն ուսուցիչներ, որ չեն կարողանա գյուղից գյուղ հասնել։ Խնդիրները գնալով ավելի կբարդանան»։

Խնդիրներին արագ լուծումներ տալու համար ԿԳՄՍ նախարարությւոնը տարբեր միջոցների է դիմում, ձեռնարկում քայլեր նոր ուսումնական տարին առանց ավելորդ խոչընդոտների սկսելու համար։

«ԿԽՄԿ-ին ենք խնդրել դասագրքեր բերելու հարցում, սակայն դեռ պատասխան չենք ստացել, սպասում ենք»։

Օրեր առաջ մեկնարկել է ԱՀ հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանցիների ընդունելության գործընթացը, եթե անցյալ տարի այն կազմակերպվել է առցանց ձևաչափով, ապա այս տարի ծնողը պետք է մոտենա բնակության վայրին մոտ դպրոցը և հանձնի համապատասխան փաստաթղթերը։ Ընդունելություններ են կազմակերպվելու նաև մանկապարտեզներում, ասում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը, նշում, սակայն, որ սննդի և գոյություն ունեցող հայտնի խնդիրների պատճառով, ընդունելություն կազմակերպվելու է սահմանված խտությունների շրջանակներում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ