ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում և պահանջում է կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողներին նշված ապրանքների իրացումը պարտադիր իրականացնել պահանջվող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ: Մասնավորապես, պարտադիր փաստաթղթեր են` կենդանու պատկանելության մասին տեղեկանքը համայնքի ղեկավարից և տեղեկանքը` համայնքը սպասարկող անասնաբույժից, որը տրվում է կենդանու՝ նախասպանդային և հետսպանդային զննության իրականացումից հետո:
Միաժամանակ, նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության որոշ տարածքներում արձանագրվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի օջախներ: Նախարարությունը կոչ է անում խստիվ պահպանել խոզի մսի իրացման սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ներառյալ` նշված փաստաթղթերի առկայությունը՝ հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Կենդանիների ու մսի վաճառքն առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի` հղի է մի շարք վտանգներով ազգաբնակչության առողջության համար, ուստի նախարարությունից հորդորում են սպառողներին նախքան մսի ձեռքբերումը վաճառողից պահանջել համապատասխան տեղեկանքների առկայությունը:
Ստեղծված իրավիճակում, վառելիքի սղությամբ պայմանավորված, հարյուր տոկոս պետական մասնակցությամբ գործում է «Պրոդսերվիս» ՍՊԸ-ը, որը կազմակերպում է համայնքներից գյուղատնտեսական մթերքի, այդ թվում՝ մսի ձեռքբերման ու Ստեփանակերտի բնակչությանը մատակարարման աշխատանքները: Ուստի կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողները լրացուցիչ հոգսերից խուսափելու նպատակով կարող են վաճառքն իրականացնել նշված ընկերության միջոցով:
Գյուղատնտեսության նախարարությունից նաև զգուշացնում են. կենդանիների և մսի` առանց պահանջվող ուղեկցող փաստաթղթերի իրացում իրականացնողները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: