«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պայուսակները կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնել «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու բնակիչներին ` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից, նշված է հաղորդագրությունում: