Պատերազմը, հետո արդեն շրջափակումը մեծ վնասներ են հասցրել ներարցախյան կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հատկապես` ամբողջական շրջափակումից հետո կաթվածահար է եղել Արցախի կյանքը, փակվել են աշխատատեղեր։ Այն իր ազդեցությունն է ունեցել նաև ձեռագործությամբ զբաղվողների գործունեության վրա։ Մարգարիտա Ղուշունցն է եղել ձեռագործող Էլեոնորա Բարսեղյանի արհեստանոցում։
Ձեռագործ աշխատանքներ՝ մազակալից մինչև կրծքազարդ։ Էլեոնորա Բարսեղյանի փոքրիկ արհեստանոցում ենք, տան մի անկյուն արդեն 5 տարի է, ինչ վերածվել է յուրօրինակ ստեղծագործական կենտրոնի։ Նախքան պատերազմը Էլեոնորան աշխատում էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ՝ կոլաժի երեք խումբ ուներ, յուրաքանչյուր խմբում 16-17 աշակերտ։
«Պատերազմից հետո խմբերս չհավաքվեցին, երեխաների մի մասը մնաց Հայաստանում, մի մասն էլ, քանի որ պարապմունքները ընկան ժամը 16:00–18:00, չեն կարողանում հաճախել, ասում են՝ ուշ ժամ է։ Դրա պատճառով կորցրեցի աշխատանքս»։
Իր և սաների աշխատանքները յուրաքանչյուր տարի ներկայացնում էր բոլոր հնարավոր տոնավաճառներում, մասնակցում ցուցահանդեսների։ Իր աշխատանքներն այսօր կարողանում է ներկայացնել միայն ծանոթ-բարեկամների, ընկերների շրջանակում։ Կար ժամանակ, երբ իր պատրաստած կոլաժներն ու կրծքազարդերն արտահանում էր նաև Ռուսաստանի Դաշնություն։
«Մոսկվա էի ուղարկում, Վորոնեժ։ 10-ն օրվա ընթացքում ծառերի տեսքով 45 կոլաժ եմ վաճառել Մոսկվայում։ Այնտեղ շատ բարձր են գնահատում ձեռքի աշխատանքները»։
Արհեստանոցում այս պահին գերակշռում են մազակալները։ Մեծ է տեսականին, ավելի մեծ` ցանկությունը նորերի պատրաստաման, ասում է ։ Հումքի խնդիր կա։
«Եթե պատրաստում եմ մի ձևի, պատրաստման պահին մի նոր ձևի գաղափար է առաջանում։ Սակայն խնդիր է գտնել պահանջվող դետալը, խանութներում սպառվել է անհրաժեշտ հումքը»։
Այս օրերին, Էլեոնորան ավելի շատ պատրաստում է դպրոցականների համար նախատեսված մազակալներ։ Չնայած ներկրվող նման ապրանքներն իսպառ բացակայում են շուկայից, տեղական արտադրանքի պահանջարկն ու իրացումը խնդիր է՝ ասում է նա։ Շրջափակումն իր բացասական ազդեցությունն է ունենում նաև այս ոլորտի վրա։
«Ընդհանրապես վաճառք չկա. այն խանութները, որտեղ հանձնում էի վաճառքի, այսօր արդեն չեն աշխատում, փակ են։ Մնացածին էլ, որ դիմում եմ, ասում են՝ չգիտեն, թե երբ կփակվեն»։
Եվ չնայած պատերազմն ու շրջափակումը խմբագրել են Էլեոնորայի մտքերը, անելիքներն ու մեծ արհեստանոց ունենալու գաղափարը, հույսը չի դադարում օգնել ստեղծագործել։ Արհեստանոցում կողք-կողքի շարված մազակալները, կոլաժներն ու կախազարդերն էլ սպասում են իրենց հասցեատերերին։