Պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն հայտնվել է ադրբեջանական կողմում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
«Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»,-ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:
«Տեղեկությունը բացարձակ սուտ է»,-նշել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից: