Նոյեմբերի 21, 2024

Շրջափակումը՝ շրջափակում, իսկ կրթվել պետք է

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 16, 2023

Մինչ գալիք ուսումնական տարվա կազմակերպմանը կապված շատ հարցեր անորոշ են, Արցախի փոքրիկներն ամռան ընթացքում իրենց ծնողների ուղղորդմամբ շարունակել են ամառային հանգստի համար տրամադրված ժամանակի մի մասն իրենց կրթությանն ու զարգացմանը հատկացնել։ Ճիշտ է՝ ոչ ֆորմալ ձևաչափով։ Սրբուհի Վանյանը զրուցել է «Փոքրիկ հանճար» մենթալ թվաբանության կենտրոնի ղեկավար Սյուզաննա Մնացականյանի հետ։

Արցախում ամռան ընթացքում շարունակում էին գործել զարգացման կենտրոնները փոքրիկների ու դպրոցական միջին տարիքի երեխաների համար, և չնայած դժվարություններին, նրանք ինտենսիվ կերպով շարունակել են հաճախել այնտեղ։

«Փոքրիկ հանճար» մենթալ թվաբանության կենտրոնը դրանցից մեկն է։ Համակարգում է կենտրոնի աշխատանքները` մասնագիտությամբ իրավաբան Սյուզաննա Մնացականյանը։ Պատմում է, թե սիրած մասնագիտությանը զուգահեռ ինչպես է տարվել ոչ դասական մաթեմատիկայով և ինչպես է արցախցի երեխաներին վարակել իր նախասիրությամբ։

«Մենթալ թվաբանությունն աշխարհում մեծ պահանջարկ ունի, սակայն Արցախում նման կենտրոն չկար։ 2018 թվականին որոշեցինք նման կենտրոն հիմնադրել, գործում ենք Սոֆիա առևտրի կենտրոնում»:

Երեխաների հետ աշխատել շատ եմ սիրում՝ անկեղծանում է։ Ուսուցիչը ես եմ, բայց ես եմ նրանցից շատ բան սովորում։

«Երեխաների հետ աշխատանքն ինձ մի ուրիշ աշխարհ է տեղափոխում, հաճույքով իմ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում եմ նրանց ու մենթալ թվաբանությանը։ Ուզում եմ, որ երեխաները սովորեն նաև հաշվարկի այլ մեթոդ, որը նրանց զարգացնում է։ Հատկապես փոքրերը սովորում են հանգիստ նստել, և հաճույքով են դասերին հաճախում նաև դպրոցում։ Ավելի կազմակերպված ու կարգապահ են դառնում»:

Չի խանգարու՞մ մենթալ թվաբանության հաշվարկման մեթոդիկան դասական մաթեմատիկայի ուսուցմանը՝ դպրոցական ծրագրի շրջանակում․ այս հարցը շատ ծնողների է հետաքրքում։ Սյուզաննան հավաստիացնում է, որ բոլորովին չի խանգարում, ընդհակառակը՝ մեծացնում է մաթեմատիկա առարկայի դպրոցական ծրագրային ուսուցման արդյունավետությունը։ Համոզիչ լինելու համար բերում է Չինաստանի օրինակը, որտեղ մենթալ թվաբանությունը պարտադիր դպրոցական ծրագրային առարկա է։

Պարզաբանում է՝ մենթալ թվաբանությունը հաշվիչի վրա հիմնված արագ բանավոր հաշվի մեթոդաբանութունն է, իրեն կյանքում շատ է օգնել․ որոշել է գիտելիքներով կիսվել արցախցի փոքրիկների հետ։ Չափազանց օգտակար է, բացատրում է մենթալ թվաբանության ուսուցչուհին։

«Սկզբում երեխաները սովորում են հաշվել հաշվիչի վրա, ապա նաև՝ մտավոր հաշվել։ Հենց մտավոր հաշվարկն էլ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը․ նրանք սկզբում պատկերացնում են, թե ինչպես է աշխատում հաշվիչը՝ սորոբանը, որը աջ կիսագունդն է աշխատացնում, ապա պատկերը թվի վերածելիս՝ ձախ կիսագունդը»:

Հիմնադրել է կենտրոնը քրոջ հետ համատեղ։ 44-օրյա պատերազմից հետո, երբ քույրն ստիպված եղավ փոխել բնակության հասցեն, կենտրոնի համակարգումն ամբողջությամբ ստանձնեց Սյուզաննան։ Աշխատում են երկու ուսուցչով, երեք տարիքային խմբի հետ՝ 4-6 տարեկաններն ամենափոքրերն են, միջին խումբն ընդգրկում է 7-9 տարեկաններին, իսկ ավագ խումբը` 9-12 տարեկան աշակերտներն են։ Կենտրոն հաճախում է 85 երեխա։

«Փոքրիկների դասերն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ մեկ ժամով, միջին և մեծ խմբերի համար՝ շաբաթական 1 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Մինչև պատերազմը Հայաստանում օլիմպիադաների ենք մասնակցում, սակայն պատերազմից հետո մրցույթներն իրականացնում ենք միայն Արցախում։ Գումարման, հանման ընդհանուր կորսը տևում է 1,5 տարի, բազմապատկման-բաժանման կուրսը՝ մեկ տարի։ Վերջում երեխաները քննություն են տալիս, անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում ստանում են վկայականներ»:

Չնայած գործունեությունը կրթությանն էր վերաբերում, սկզբնական շրջանում աջակիցներ չունեցանք, ժպտում է երիտասարդ ուսուցչուհին․ գուցե չհավատացին մարդիկ, կամ կասկածեցին օգտակարությանը, չգիտեմ։ Բայց դա ևս խթան հանդիսացավ, որ ավելի մեծ եռանռով լծվենք գործի ու արդյունք ցույց տանք։ Եվ փաստն այն է, որ այն արդյունավետ է ու պահանջված։ Սյուզաննան դա հիմա գիտի իր անձնական փորձով և առաջիկայում նախատեսում է ընդլայնել գործունեությունը։ ՀԲԸՄ կին ձեռներեցներ ծրագրին է մասնակցել․ ստացած աջակցությամբ պայմաններ է ստեղծելու, ավելի մեծ թվով երեխաներ ընդգրկելու համար։ Առաջիկա տարվա հեռանկարային պլանն ունի արդեն և չնայած Արցախի շրջափակմանը, առաջիկայում փորձելու է այն կյանքի կոչել։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ