Օգոստոսի մեկին տրվել է «Արցախի խաղաղության փառատոն» խորագիրը կրող վիրտուալ փառատոնի մեկնարկը, որի շրջանակներում միջազգային տարբեր բեմերից հանդես եկող ճանաչված դասական երաժիշտներն իրենց խոսքը և կատարումներն են հնչեցնում` ուղղված Արցախի ժողովրդին և աշխարհի մշակութային հանրությանը։ Մեկնարկը տրված է, նախաձեռնությունն ընթացքի մեջ: Սրբուհի Վանյանը փառատոնի նպատակի ու անցկացման դրդապատճառների շուրջ զրուցել է նախաձեռնողների՝ երգչուհի «Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Բլեյանի ու «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի հետ։ Արցախի շրջափակման առաջին իսկ օրից միտքը հանգիստ չէր տալիս ինձ, թե ինչպես անենք, որ երաժշտական համայնքն իր ձայնը հնչեցնի, իր դիրքորոշումն արտահայտի ու Արցախի ձայնը հասանելի դարձնի աշխարհին, ասում է երգչուհի Լիլիթ Բլեյանը, պատմելով նախաձեռնության շարժառիթների մասին։
Ամեն օր հետևելով լրահոսին և շրջանառվող տեղեկատվությանը, հայ երաժշտական համայնքը սպասում էր, որ շուտով ապաշրջափակում կլինի, բայց տեսնելով, որ այն երկար ընթացք է ունենում, որոշել է այլևս չլռել։
«Այս ընթացքում, ստացվում է, որ սպասողի դերում ենք, իսկ դա հարիր չէ մարդկանց, ովքեր իրենց ձայնը սովոր են հնչեցնել մեծ բեմերից, ունեն լսարան։ Այս դեպքում էլ, եթե իրենց սրտում կա ցավ՝ Արցախում տեղի ունեցողի նկատմամբ, այդ ձայնը պարտավոր են հնչեցնել՝ իրենց ձայնը դարձնելով հենց Արցախի ձայնը»:
Վիրտուալ փառատոնն այդպես էլ կոչվում է՝ «Արցախի խաղաղության փառատոն»։ Մեկնարկը տրվել է հատուկ մանիֆեստով, որն ստորագրել են փառատոնին միացած` միջազգային բեմերում հանդես եկող դասական ժանրի հայազգի արտիստները, տեղեկացնում է Լիլիթ Բլեյանը։
«Ստորագրում են մանիֆեստ՝ հանուն Արցախի, որը տեղադրում են իրենց էջում, իրենց հասանելի հարթակներում, որտեղ օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացված Արցախի այսօրվա իրավիճակի մասին, որից հետո իրենց կատարումն են նվիրում»:
Այժմ այն բաց է բոլոր այն երաժիշտների համար, ովքեր կցանկանան իրենց խոսքը և կատարումը միացնել իրենց գործընկերների մեկնարկած շարժմանը, տեղեկացնում է երգչուհին։ Փառատոնի առաջին բացման տեսաուղերձը հղել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Լիլիթ Բլեյանին արձագանքել է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։ Սիրով ենք միացել, ստանձնելով փառատոնի կազմակերպման աշխատանքները, ասում է հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, հավելելով, որ ուզում են ասել, որ Արցախի կողքին են, ցանկանում են ամրապնդել Արցախի հանրապետության ժողովրդի ուժն ու կամքը։
«Ըստ էության միասին փորձում ենք կոչնակ հնչեցնել հանուն Արցախի հանրապետության ու նրա հերոսական ժողովրդի, փառատոնը նախաձեռնել ենք՝ նպատակ ունենալով ամրապնդել Արցախի ժողովրդի կամքը, և աննկուն Արցախի պաշարման խնդրի վրա հրավիրել քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Խաղաղության գաղափարի շուրջ համախմբելով հայտնի երաժիշտ կատարողների, մենք ինքնուրույն սկսեցինք այս գործը սուղ միջոցներով, բայց մեծ կամքով»:
Արմինե Պետրոսյանը վստահ է, որ փառատոնի արդեն տասնյակների հասնող հեղինակավոր արվեստագետների, երգահանների, երգիչների ձայնը քաղաքակիրթ աշխարհին լսելի կդարձնի Արցախի ձայնը։ Այս անգամ խուլ ու համր կամ այդպիսին ձևացող աշխարհի հետ արվեստագետները փորձում են արվեստի լեզվով խոսել` Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Արմինե Պետրոսյանն ուրախությամբ է արձանագրում, որ արվեստագետների կոչին արձագանքում են ոչ միայն հայեր։
«Շփվելով արվեստագետների հետ ու ստանալով նրանց ուղերձները, ոգեշնչվում ենք այն միակամությամբ, որ դրսևորում են աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ ու ոչ հայ երաժիշտները, միանալով փառատոնին։ Տպավորիչ էր Տիգրան Մանսուրյանի խոսքը, ով պատմելով Արցախի մաքառման մասին, ներկայցրել է իր ու իր կնոջ ընտանիքի պատմությունը, վկայել, որ նման ցեղասպան քաղաքականության արդյունքում են իրենք հայտնվել ՀՀ-ում»:
Նման պատճառներով է մաեստրոյի ընտանիքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, նման պատճառներով է, որ բազմահազար հայեր ու նրանց սերունդները աշխարհի տարբեր երկրներում են։
Նախաձեռնությունը բացառապես հասարակական է, չունի որևէ ֆինանսավորում, իրականացվում է նախաձեռնողների ջանքերով, ասում են կազմակերպիչները, և նրանց թիմը շնորհակալ կլինի ցանկացած տեխնիկական և տեղեկատվական աջակցության համար։ Սա կարևոր է՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ «Արցախ» անվան հետ կապված տեղեկատվական նյութերը սոցցանցային շատ հարթակներում հանդիպում են տարածման դժվարությունների՝ բնականաբար պայմանավորված նաև որոշակիորեն ուղղորդված ալգորիթմերով։
Փառատոնը վիրտուալ է, նախաձեռնությանը միացել են տասնյակ երաժիշտներ․ սա այն է, ինչ կարող են անել Արցախին աջակցել ցանկացող արվեստագետները` Արցախի համար։ Բայց երգչուհի Լիլիթ Բլեյանը երազում է Արցախում անցկացվելիք իրական փառատոնի մասին։
«Ունեմ երազանք, որ այս փառատոնին մասնակցած բոլոր երաժիշտները կարողանան ներկա գտնվել Արցախում կազմակերպվող նման փառատոնի, հանդես գան արցախցի հանդիսատեսի առաջ։ Իսկ քանի դեռ նման հնարավություն չկա, փորձում ենք օգտագործել մեդիայի ու համացանցի ռեսուրսները, ցույց տալով, որ Արցախի շրջափակումը նաև մեզ է վերաբերում։»
Արցախում է հայկականության վերաիմաստավորման, հայկական պետականության գաղափարը, ասում է «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախագահը։ Այն, ինչ կատարվում է Արցախում, Արմինե Պետրոսյանը համարում է մարդասիրության ճգնաժամ, համոզված է, դրա դեմ հակագործողություններ են պետք։ Արվեստագետները կիրառում են իրենց գործիքը և համոզված են, որ այդ ճգնաժամում բեկում կարելի է մտցնել։