Նոյեմբերի 21, 2024

Երբ հերթերում նաև հաճելի անակնկալներ են լինում

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 24, 2023

Հումանիտար աղետն Արցախում օրեցօր ավելի ընդգծված է դառնում. մարդիկ ժամեր են անցկացնում երկար հերթերում, հաճախ` ընտանիքի անդամներով փոխարինելով իրար, որպեսզի կարողանան օրվա հացը տուն հասցնել։ Երբեմն հաջողվում է, երբեմն ոչ․ սոցիալական արդարություն եզրույթը հաճախ կիրառելի է դառնում նաև այս պայմաններում՝ մարդկանց մղելով դրա համար պայքարին՝ հերթերում։ Բայց Ստեփանակերտի հերթերում լինում են նաև հաճելի անակնկալներ։ Սրբուհի Վանյանն է ներկա եղել հերթերից մեկին։

Սոցիալական վիճակն Արցախում շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, կապված հումանիտար աղետի հետ, որ առաջացել է Արցախի շրջափակման հետևանքով։ Գիշերը ժամը 3-ից մարդիկ հացի հերթերում են, ցերեկը, արդեն անքուն ու հոգնած՝ այլ սնունդ հայթայթելու փնտրտուքի մեջ։ Առանց տրանսպորտի, կիսասոված ու անորոշ ապագայով, պետական պաշտոնյաների ու այլ պատասխանատուների անգործության և/կամ ոչ կենսունակության վրա, արդեն կարևոր չէ՝ նյարդայնացած ու չարացած։ Մարդկանց նյարդերը մեկ-մեկ տեղի են տալիս, ինչը հերթերում վիճաբանություններ էլ է առաջացնում։

Մեր ուշադրությունը գրավեց մայրաքաղաք Ստեփանակերտի մսի խանութներից մեկի դիմացի հերթը, որը կազմակերպված առաջ էր գնում։ Մոտեցանք․ Արա Գրիգորյան է սեփականատիրոջ անունը: Միս էին ստացել։

«Արդեն երկրորդ օրն է, որ միս ենք ստանում ու վաճառում։ Նախկինում վաճառում էինք 5000-5500, հիմա, պետական ծրագրով վաճառում ենք 4000 դրամով»:

Միսը տրամադրում էին 2-3 կգ-ից, հաշվի առնելով հերթում կանգնածների քանակը։ Խանութ մարդկանց ներս էին թողնում 2-3 հոգով, նախօրոք արված ցուցակներ չկային։ Եվ հերթ կանգնածներն էին հանգիստ, և աշխատանքն էր արագ առաջ գնում։ Ստացել ենք տավարի միս, տեսակավորում ենք, ըստ պահանջարկի վաճառում, մանրամասնում է տնտեսվարողը։ Քաղաքի ամենակազմակերպված վաճառակետն է, տեղից ձայնում է հաճախորդներից մեկը, ուզում եմ, բոլորն այսպես կազմակերպեն։ Նորա Հայրումյանն ըմբռնումով է մոտենում, չի մեղադրում ոչ նրանց, որ հերթերում իրենց որոշ չափով ոչ ադեկվատ են պահում, ոչ նրանց, ովքեր սպասարկում են այդ հերթերը։ Մարդիկ հոգնած են և ուժասպառ։ Ինչ խոսք՝ հաճելի է, երբ կա նաև այսպիսի սպասարկում, ասում է։

«Տեղեկանալով հերթի մասին, վազելով հասա, որ վերցնեմ ինձ հասանելիք բաժինը։ Այո, հիմա վիճակն Արցախում կաթվածահար է, իսկ վիճաբանությունների առաջացումն էլ գուցե բնական է։ Մարդիկ ընտանիք պիտի կերակրեն»:

Այո, կա խնդիր, ասում է, բայց պետք է միասնական ուժերով այն հաղթահարենք, հակառակ դեպքում արդեն առկա խնդիրներին կավելանան նորերը։ Իսկ դա միայն ավելի կխորացնի ճգնաժամը։

Last modified on Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 13:27
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ