Նոյեմբերի 21, 2024

Նախ՝ ապատեղեկատվություն, ապա՝ ռազմական սադրանք․ Բաքվի ձեռագիրը չի փոխվում

By Հասմիկ Դիլանյան Սեպտեմբերի 01, 2023

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։
Թե երեկ, թե դրանից ավելի վաղ Բաքուն պարբերաբար ապատեղեկատվություն էր տարածում՝ այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով։ Փորձագետներն արձանագրում են՝ Բաքվի ձեռագիրը չի փոխվում։ Լսենք Ռադիոլուրի մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանի ռեպորտաժը:

Լայնամասշտաբ գործողությունների վտանգ այս փուլում չկա, բայց սահմանային լարվածությունը կարող է շարունակվել՝ կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննսիյանը։

«Հնարավոր է, որ այդ հատվածում կրկին որոշակի լարվածություն լինի, բայց որ մինչև հարավ կձգվեն այդ գործողությունները դոմինոյի էֆեկտով, քիչ հավանական եմ համարում այս փուլում»։

Ադրբեջանը շարունակում է հոգեբանական ճնշում գործադրել և ուժի գործոնն աշխատեցնել՝ անընդհատ փորձելով ցույց տալ իր մկանները՝ արձանագրում է զրուցակիցս։

«Ադրբեջանը փորձում է օրը ցերեկով ցուցադրաբար զորքերի կուտակում իրականացնել՝ միևնույն ժամանակ այնպիսի զինտեխնիկա, զենք-զինամթերք կիրառել, որոնք վերջին շրջանում այնքան էլ կիրառելի չէին։ Խոսքը մասնավորապես ականանետների մասին է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ամեն դեպքում իր աքիլլեսյան գարշապար համարվող Քարվաճառի ուղղությունը այլևս այդքան էլ աքիլլեսյան գարշապար չէ, և ինքը կարող է այդ ուղղությամբ նույնպես գործողություն իրականացնել»։

Առավոտից իրավիճակը լարված է Գեղարքունիքի սահմանին։ Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել նախ Սոթքի, ապա Նորաբակի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք, ականանետ և անօդաչու թռչող սարք։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի։ Պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում պարբերաբար հաղորդում էր սահմանային իրավիճակի մասին, կեսօրին տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։ Սրան զուգահեռ Բաքուն շարունակում է մեղադրել հայկական կողմին, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պարբերաբար հերքում է ապատեղեկատվությունը։ Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխում՝ ասում է ռազմական փորձագետը։

«Ադրբեջանը որևէ ռազմական սադրանք սկսելուց առաջ դրան նախապատրաստվում է դեռևս շաբաթներ առաջ։ Բաքվի բոլոր հայտարարությունները, գործողությունները վկայում են այն մասին, որ պարարտ հող է նախապատրաստում իր իսկ գործողությունների համար։ Այս իրավիճակը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը ոչ միայն հայտարարություններով է նախապատրաստում, այլ նաև անթաքույց հայտարարում է, որ ցանկացած հարց կարող է լուծել ռազմական ճանապարհով։ Բաքվի բռնապետն անընդհատ օգտագործում է արտահայտություններ, որոնք մատնում են նախահարձակ լինելու հանգամանքը»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն արձանագրում է՝ դեռ օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների: Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը հոդված էր տարածել օգոստոսի 18-ին՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել՝ գրում է Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն կունենա, կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե, նաև մեր բանակի կանխարգելիչ գործողություններից»:

Ադրբեջանի ռազմական սադրանքն Արցախում ու նաև Հայաստանում այս պահին ընթացող ներքաղաքական զարգացումներով է պայմանավորում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի նախագահը, հայաստանյան ընդդիմությունն իշխանափոխության մասին է խոսում․

«Կան մարդիկ, հատկապես Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, որոնք խոսում են, թե Արցախը միայն սկիզբն է, Հայաստանում ևս իշխանափոխություն է իրականցվելու։ Զարմանալի չի լինի, եթե այսօրվա ագրեսիան դրա հետ էլ կապված լինի, որը թշնամին ընդհանուր շղթայի մեջ կփորձի դնել Արցախում երեկ ծավալված, նաև Հայաստանում ծավալվելիք իրադարձությունները»։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ։ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում է կատարում, փաստեր հավաքում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

 

Last modified on Ուրբաթ, 01 Սեպտեմբերի 2023 14:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ