Նոյեմբերի 23, 2024

Տեղահանվածները․ երբ մեկ հարևանը 1000 բարեկամ արժե

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 08, 2023

Աշխարհը, ինչպես ասում են՝ նեղ է։ Ախալցխայում ծնված ու ապրած, ապա և Երևան տեղափոխված տիկին Անահիտն ու Ալվարդն իրենց ծննդավայրից հեռու՝ Արցախի Ջիվանի գյուղում են իրար ճանաչել։ Հարևանություն են արել շուրջ 2 տասնամյակ, մինչև կյանքը նրանցից յուրաքանչյուրին այլ ճանապարհով է տարել։ Լավ-վատ՝ հանդիպման առիթներ ստեղծվում են նախկին հարևանների համար։ Ու նրանք էլի երկար գիշերներ են իրար հետ անցկացնում, փորձելով թեթևացնել միմյանց ծանր առօրյան։ Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

Սենյակը, որտեղ ապրում է տիկին Անահիտը` մոտ 10 քառակուսի մետր տարածք ունի։ Պատուհանի մոտ մի անկյունում հագուստի պահարանն է տեղավորվել, դրա դիմաց մահճակալն է, որի վրա, ենթադրվում է, որ քնում է տիկին Անահիտը։ Պահարանի մոտ` մահացած ամուսնու հիշատակի անկյուն է ձևավորել՝ նրա մեծադիր նկարով, կողքին արհեստական ծաղիկներ։ Երկու աթոռն ու ևս մի ցածրադիր մահճակալն ամբողջացնում են տիկին Անահիտի տան կահույքը։ 60-ին մոտ կինը միայնակ է ապրում։ Ե՛ւ թեյ է լցնում, և՛` Արցախի ու Ջավախքի բարբառներով խառը խոսելով պատմում իր կյանքի պատմությունը։ Զրույցը նա սկսում է ամուսնու մասին պատմելուց․ հենց նրա շնորհիվ ու հորդորով է մեր զրուցակիցը Ջավախքից հասել Ջիվանի։

«Երեք տարի տանջվեց, անկողնային էր, հիմա այսպիսի դրության մեջ ենք ապրում, չգիտեմ աղջիկ ջան։ Ամուսինս մահացավ, մենք էլ ընկանք այս սով աշխարհի մեջ։ Չգիտեմ ինչպես պիտի ապրենք։ Երեխաներս այստեղ չեն, սպասում ենք, թե ինչ պիտի լինի, չեմ էլ ուզում այստեղից գնալ»:

Ապրում էին Ախալցխայում։ Ապահով, ասում է, բնակարան ունեինք, գործ։ Արցախին պետք էինք` ամուսին էր այդպես որոշել, ինքն էլ հետևել է նրան ու տեղափոխվել սկզբում Երևան, ապա՝ այստեղ։

«Սկզբում ամուսինս այստեղ գործ բռնեց, եկավ ընկերոջ հետ , հայրենասեր մարդ էր, ասեց՝ հողերը դատարկ են Արցախի, գնանք, շենացնեք։ Վրաստանում էլ տուն տեղ ունեինք, բայց եկանք այստեղ, երկհարկանի տուն շինեցինք, թողեցինք թուրքին, եկանք, ինչ ասեմ, սա է մեր պատմությունը, աղջիկ ջան»:

Հիմա երկընտրանքի առաջ է տիկին Անահիտը՝ «ոչ կարում եմ ամուսնուս թողնել գնալ, ոչ էլ ստեղ ապրել՝ առանց երեխաներիս», ասում է ժպտալով։

Տիկին Անահիտը հյուր ուներ․ տիկին Ալվարդն է՝ գյուղի իր հարևանը․ իրար կողքի ապրել են երկար տարիներ, իրար ցավի ու ուրախության հասել։ Շատ լավ ու վատ հիշողություններ ունեն գյուղի իրենց կյանքի հետ կապված, շատ բան կա վերհիշելու ու իրար պատմելու։ Հետպատերազմյան կյանքը տիկին Ալվարդը Մարտունի է գցել․ այնտեղ են փորձում ծիլ տալ, աշխատել ու շարունակել կյանքը։ Կինը լավ առիթով չէ Ստեփանակերտում․ ուրիշ ոչ բարեկամ ունի, ոչ ծանոթ․ իր նախկին հարևանուհու 10 քառակուսի մետր սենյակում է գիշերում։

«Մենք էլ Ախալցխայից եկանք, Արցախի կանչով, տղաս իրավաբանականում էր սովորում, ուսումը կիսատ թողեց, եկանք։ Տղաս 19, աղջիկս 17 տարեկան էր»:

Հարևաններն իրենց համար օտար այս քաղաքում էլ փորձում են իրար թիկունք լինել, կիսել հերթերում կտրոնով ձեռք բերած մի կտոր հացն ու, որ ավելի կարևոր է, հոգսը։ Այսպես ավելի թեթև է։ Մի տանից չենք, մի հալից ենք, ասում է տիկին Ալվարդը։ Նրա ամուսինն էլ Ջիվանիում է մահացել։

«Հիվանդացավ ամուսինս, մահացավ։ 60 տարեկան էր։ Գերեզմանը մնաց Ջիվանի գյուղում»:

Զավակները տնավորվեցին, աշխատասեր էին, հողակտոր վերցրին` մի քանի հեկտար, գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերեցին, սկսեցին մշակել։ Առաջ էինք գնում, ասում է տիկին Ալվարդը, դժվարություններից չէինք վախենում, դրանք հաղթահարել սովորել էինք։

«Լավ էր, առաջ էինք շարժվում, հող էինք մշակում, եգիպտացորեն։ Ահագին բոստան արեցինք։ Մի հատ էլ չկտրեցինք, թողեցինք, դուրս եկանք։ Տեղահանվեցինք, եկանք Մարտունի։ Տղաս ուզեց շարունակել։ Սխալմամբ թունանյութ ընդունեց, որ պոմիդորի համար էինք սարքել։ Հիմա ամիսուկես է, ինչ անգիտակից հիվանդանոցում է»:

Տիկին Ալվարդի որդին արդեն 50 օր է, ինչ Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում։ Տիկին Ալվարդը գոհունակություն է հայտնում բոլորին, ով իր դժբախտության մեջ իր կողքին է, լավ մարդիկ շատ կան, ասում է, բայց իր հին հարևանին է, որ կարողանում է պատմել այն, ինչ բոլորին չես պատմի։ Այստեղ, այս 10 քառակուսի մետր սենյակում, շատերի աչքից հեռու, շատերի համար աննկատ այս փոքրիկ կացարանում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ