Ստեփանակերտում իր գործունեությունն է սկսել Արցախի ֆիթնես աերոբիկայի ասոցիացիան: Միաժամանակ` բացվել է ֆիթնես ակումբ, որը հնարավորություն է տալիս կանանց և աղջիկներին այս օրերին, թեկուզ կարճ ժամանակով, կտրվել առօրյա հոգսերից: Լսենք Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը:
Որքան տարօրինակ, այնքան էլ հուսադրող է այս օրերին մասնակցել նոր կազմակերպությունների, սրահների բացման միջոցառումներին: Ամեն նորի հետ հույսի ու հավատի ներշնչանքով շարունակում ենք ապրել ու արարել շրջափակված Արցախում: Ստեփանակերտում օրերս բացվել է «Հասմիկ Աղաբալյան» ֆիթնես ակումբը` միայն կանանց և աղջիկների համար: Հիմնադիր տնօրեն Հասմիկ Աղաբալյանը, շուրջ 10 տարի է, ինչ Երևանից տեղափոխվել է Արցախ: 2020-ի պատերազմից հետո էլ վերադարձավ` կիսատ թողած գործերը շարունակելու և նոր գաղափարներ իրագործելու: Արցախում ֆիթնես ակումբ բացելու գաղափարը պատահական չի առաջացել: Նպատակը` կանանց առողջության պահպանումն ու բարելավումն է, հատկապես` այս շրջանում, ասում է Հասմիկ Աղաբալյանը:
«Իրականում, շրջափակումը մեծ ազդեցություն ունեցավ իմ որոշման վրա: Քանի որ այս շրջանում բավականին նկատելի է` Արցախում ապրող կնոջ առանց այն էլ հոգսաշատ առօրյան ավելի է բարդացել: Իսկ ակումբի գաղափարը կյանքի կոչելով, ես արցախցի կնոջը, կարծում եմ, կտամ հնարավորություն մի փոքր լիցքաթափվելու, կտրվելու այս բարդ իրականությունից, ինքն իր հետ ներդաշնակ լինելու»:
Ակումբի հիմնադրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել Հասմիկը: Ասում է՝ դժվար էր այս պայմաններում համապատասխան գույք ու տեխնիկա գտնելը: Սակայն անքուն գիշերների և ընտանիքի աջակցության շնորհիվ կարողացավ հասնել նպատակին: Բացումից հետո՝ կարճ ժամանակում, ակումբի հանդեպ հետաքրքվածության մեծ ակտիվություն է նկատում Հասմիկը:
«Ակտիվություն եմ նկատում այն կանանց կողմից, ովքեր վաղուց էին սպասում նման ֆիթնես ակումբի բացմանը: Այստեղ լայն հնարավորություններ ենք ընձեռում: Ամենօրյա շփումների արդյունքում հասկացա, որ իմ գործը հաջողել է և մարզվողների արձագանքն ու գնահատականը մեր աշխատանքի նկատմամբ ինձ ավելի է ոգեշնչում»:
Ֆիթնես ակումբի բացմանը զուգահեռ հիմնադրվել է նաև Արցախի ֆիթնես աերոբիկայի ասոցիացիան: Ապաշրջափակումից հետո հնարավորություններն ավելի կընդլայնվեն՝ ասում է Հասմիկ Աղաբալյանը, պատմում՝ նախատեսվող ծրագրերի մասին :
«Հետագայում իհարկե կլինեն նաև սեմինար մարզումներ դրսի մարզիչների հետ, փակագծերը շատ բացել չեմ ուզում: Մի բան հաստատ է` անելու եմ հնարավորը, որ Արցախում աշխատեն միայն որակյալ մասնագետներ, որոնք առաջնային կհամարեն մարզվողի առողջությունը»:
Նախատեսվում է նման ֆիթնես ակումբներ բացել նաև շրջաններում, ասում է Հասմիկ Աղաբալյանը, պահանջարկը կա, մնում է միայն հուսալ, որ մոտ ապագայում բոլոր ծրագրերը կիրագործվեն ազատ, անկախ ու հայկական Արցախում: